Թշնամու զենքերը և պատերազմի մարտադաշտը
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատքի պատերազմ մղելու առանձնահատկությունները» անվանումը։ Այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք Քրիստոսի աշակերտների դեմ նրանց հոգևոր թշնամու՝ սատանայի կողմից կիրառվող հոգևոր զենքերի և հոգևոր պատերազմի մարտադաշտի մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին։
Սիրելի՛ Ընկեր, սատանան միայն մեկ զենք է կիրառում, սակայն տարբեր դրսևորումներով։ Նրա հիմնական զենքը սուտն է։ Սակայն սուտը կարող է լինել վախի ու թերահավատության մտքերի տեսքով, կարող է լինել աշխարհի ցանկությունների ու մեղքի գայթակղությունների տեսքով, կարող է նաև լինել սուտ ուսուցումների կամ սխալ համոզմունքների, շեղված հավատքի կամ անիրական պատկերացումների տեսքով։
«Նա սկզբից ևեթ մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է և կեղծիքի հայրը» (Հովհաննես 8․44):
Սատանայի միակ զենքը սուտն է։ Տեր Հիսուսը նրան ստության ու կեղծիքի հայր է անվանում։ Չարը խաբում է մարդկանց։ Եվ դա անում է մարդկանց մտքի վրա ունեցած ազդեցության արդյունքում։ Հոգևոր պատերազմի էությունը հավատքն է։ Մարդն իր ազատ կամքով է ընտրում, թե ի՛նչ հավատք ընդունի՝ հավատք Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությա՞ն հանդեպ, թե՞ հավատք սատանայի հորինած կեղծիքի ու ստությունների հանդեպ։
«Այդժամ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք» (Հովհաննես 8․31-32,36):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սատանան ո՛չ մի ուրիշ զենքի չի տիրապետում։ Եվ նրա միակ նպատակը մարդկանց ճշմարտության հանդեպ հավատքից շեղելն է և դեպի կործանում տանելը։ Ճշմարտության հանդեպ հավատքը թողնելը հե՛նց հոգևոր պարտությունն է։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ սատանան անգամ իրավունք չունի մարդուն ստիպելու, որ վերջինս թողնի ճշմարտության հանդեպ իր ունեցած հավատքը։ Մարդն ունի ազատ կամք և դա անում է կամովին։
«Որովհետև Աստծու բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության և անիրավության վրա, որ ճշմարտությունը ճնշում են անիրավությամբ» (Հռոմեացիս 1․18):
Իսկ հոգևոր հաղթանակը ստությունը մերժելն է։ Ստություն ու կեղծիք է ցանկացած միտք կամ ուսուցում, որը հակասում է Աստվածաշնչին և Աստվածաշնչի մեջ Տեր Հիսուսի փոխանցած ուսուցումներին։
Հոգևոր զորավոր հաղթանակ է Տեր Հիսուսի նմանությամբ սատանայի առաջարկություներին, գայթակղություններին ու մոլորություններին արձագանքել «ԳՐՎԱ՛Ծ է» արտահայտությամբ։ Դա նշանակում է, որ ես մերժում եմ ստությունն ու կեղծիքը։ Դա նշանակում է՝ ես որոշում եմ հնազանդվել Աստծուն, այլ ոչ թե իմ ցանկություններին ու պատկերացումներին։ Ես որոշում եմ մերժել ամեն միտք, որը հակասում է Աստծու Խոսքին՝ հակառակվել սատանային և հնազանդվել Աստծուն։
«Արդ հնազանդվե՛ք Աստծուն, հակառակ կանգնե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի» (Հակոբոս 4․7):
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
