• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 հնս 2025 թ.

Հավատքի պատերազմի էությունը

Հրապարակման ամսաթիվ 17 հնս 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատքի պատերազմ մղելու առանձնահատկությունները» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք հոգևոր աշխարհում առկա երկու բանակների և հոգևոր պատերազմի իրողության մասին։ Այս ուղերձի մեջ կփորձենք Աստվածաշնչի օգնությամբ հասկանալ, թե ո՞րն է հոգևոր պատերազմի էությունը, հանուն ինչի՞ է մղվում այդ պատերազմը և ի՞նչ է նշանակում հաղթել կամ պարտվել այդ պատերազմում։

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը հստակ սովորեցնում է, որ սատանան մեր թշնամին է։ Նրա նպատակը մարդկանց կործանումն է։ Երբ մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին և խավարի իշխանության ստրկությունից տեղափոխվում ենք Տեր Հիսուս Քրիստոսի լույսի Թագավորության տիրույթ, սատանան ու նրա ողջ զորքը փորձում են հավատացյալներին գայթակղել, մոլորեցնել սխալ ուսուցումներով և վերադարձնել մեղքի ու խավարի ստրկության կապանքների կյանքին։ 

«Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար․․․» (Հովհաննես 10․10):

Չարը տարբեր հնարքներ է օգտագործում, որպեսզի հավատացյալին հետ քաշի դեպի մեղքի կյանքը, որը հե՛նց խավարի իշխանության տիրույթն է, իսկ դեռ հավատացյալ չդարձած մարդկանց հետ պահի հավատքի կյանքի մասին ճիշտ պատկերացումներից ու խավարի իշխանությունից ազատվելու փառավոր հնարավորությունից, որը մարդկությանը հասու է դարձել Տեր Հիսուս Քրիստոսի մեծագույն զոհի շնորհիվ։ 

«․․․որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթ Աստծու պատկերն է» (Բ Կորնթացիս 4․4):

Եվ այսպես, ո՞րն է հավատքի պատերազմի էությունը։ Մենք զորանում ենք Տեր Հիսուսի շնորհիվ և, որպես Նրա հավատարիմ աշակերտներ, լցվում Նրա զորության ուժով, զգեստավորվում ենք Աստծու սպառազինությամբ՝ զինվելով Նրա շնորհած հոգևոր զենքերով և դիմադրում ենք սատանայի բոլոր հնարքներին, որոնք նպատակ ունեն մեզ ստիպելու, որ մենք տրվենք մեղքի կյանքին և ուրանանք Տեր Հիսուսի ուսուցումների հանդեպ մեր հավատքը։ 

«Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու Նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել» (Եփեսացիս 6․10-11):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ոչ աստվածաշնչյան ուսուցումները սովորեցնում են, թե սատանան ուզում է գողանալ մարդու հարստությունը կամ հաջողությունը և այնպես անել, որ մարդն ապրի երկրային չափանիշներով չհաջողված կյանքով։ Իսկ Աստվածաշունչը ճի՛շտ հակառակն է սովորեցնում։ Սատանան պատրաստ է անգամ հարստություն ու փառք առաջարկելու, որպեսզի մարդը թողնի հավատքի կյանքը և վերադառնա մեղքի գերությանը (տե՛ս Մատթեոս 4.8-10 հատվածը)։

Սատանայի բոլոր հնարքներն ուղղված են ընդդեմ ճշմարիտ հավատքի։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ նա իր ծառաներին է ներդնում եկեղեցիներում, որպեսզի մոլորեցնող քարոզներով շեղի մարդկանց ճշմարիտ հավատքից (տե՛ս Բ Կորնթացիս 11.13-15 հատվածը)։ Կամ մեղքի գայթակղությամբ ու աշխարհի հաճույքներով փորձում է դեպի խավարի իշխանության տիրույթ ներքաշել Քրիստոսով ազատագրված հավատացյալներին։ Կամ էլ հալածանքների ու ճնշումների միջոցով փորձում է հավատքից հեռացնել այն հավատացյալներին, որոնք ամբողջովին հաստատված չեն Քրիստոսի մեջ և որոնց արմատները դեռ չեն խորացել հավատքի կյանքի պտղաբեր հողի մեջ։ 

Պողոս առաքյալի խոսքերն Աստվածաշնչում մեզ հստակ սովորեցնում են հոգևոր պատերազմի իրական էությունը՝ խավարի զորքերն ու սատանայի պաշտոնյաները փորձում են անել այնպես, որ մարդը կորցնի իր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի՝ Աստվածաշնչում փոխանցած ճշմարտությունների հանդեպ։ Իսկ Աստծու բանակը և Քրիստոսի աշակերտները ձգտում են տարածել Ավետարանի Բարի Լուրը, ամրացնել մարդկանց հավատքը և օգնել, որպեսզի նրանք հաղթողներ լինեն հավատքի պատերազմի մեջ և կարողանան մինչև վերջ պահել իրենց հավատքը։ 

«Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին Նրա հայտնությունը» (Բ Տիմոթեոսին 4․7-8):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես