Տերը պաշտպանում ու պահում է քեզ
Անհնար է, որ տեսած չլինես իր առաջին քայլերն անող երեխայի։ Իհարկե, մի ժամանակ ինքդ էլ եղել ես նման կարգավիճակում, բայց այսօր արդեն դժվար թե հիշես, որ առաջին քայլերդ անում էիր չափազանց մեծ զգուշավորությամբ, քանի որ ամեն գնով ձգտում էիր խուսափել ընկնելուց, կապտուկներից և ստացած հարվածներից։
Սիրելի՛ Ընկեր, գուցե հիմա ժպտացիր իմ այս համեմատության պատճառով՝ պատկերացնելով քեզ առաջին քայլերն անող փոքրիկ ու անհոգ մանչուկի տեսքով։ Սակայն ես ուզում եմ շարունակել այդ իրական համեմատությունը։ Անշուշտ, քո առաջին քայլերն անելիս դու միայնակ չես եղել։ Սովորաբար, երեխային նախ սովորեցնում են քայլել՝ նրա ձեռքից բռնած։ Իսկ հետո երկու հոգով կանգնում են իրարից ոչ շատ հեռու և, ձեռքերով ապահովության յուրօրինակ պարիսպ կազմելով, թույլ տալիս երեխային, որպեսզի նա գնա մի ծնողից մյուսի մոտ։
Իմ հովվական ծառայության ընթացքում բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, որոնք իրենց դժվարությունների ու հոգսերի ճնշվածության բեռի տակ կքված ասել են ինձ, որ համոզված են, թե Աստված լքել է իրենց, և կորցրել են իրենց կյանքի դժվարությունների ավարտը տեսնելու հույսը։ Այդ մարդիկ իրենց մոլորված ու միայնակ էին զգում։
Աստվածաշունչը հետևյալն է մեզ սովորեցնում․ «Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, Քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94․18-19):
Նախ, եթե մենք հավատում ենք, որ Հայր ունենք Երկնքում և Նա ամենակարող է, ապա պետք է նաև ընդունենք, որ եթե մենք, լինելով անկատար ծնողներ, մեր երեխային վտանգի առաջ միայնակ չենք թողնում, ապա որքան առավել մեր կատարյալ Հայրը մեզ չի թողնի մեր դժվարություններին դեմ հանդիման միայնակ պայքարելու, երբ մենք այդ հարցում անհաստատ ենք, անփորձ և վախվորած՝ նման առաջին քայլերն անող երեխային։
Ծնողն իր տարածած ձեռքերի շնորհիվ այդ երեխայի համար մի նոր աշխարհ է ստեղծում, որտեղ կա ընկնելու ապահովություն, սակայն, միևնույն ժամանակ, խրախուսվում է չընկնելու և առաջ ընթանալու ջանքը։ Այս ամենն ապահովում են ծնողների տարածած ձեռքերը և քաջալերական բացականչությունները։
Մեր երկնային Հայրը մեզ շրջապատել է Իր ծնողական կատարյալ ուշադրությամբ և մեծ իմաստություն պարունակող համբերությամբ։ Եթե միայն հույսդ Նրա զորավոր ձեռքի վրա լինի, ապա երբե՛ք չես հեռանա Նրանից այնքան, որ սայթաքելիս չկարողանաս հենվել այդ ապահով ու վստահելի ձեռքի վրա։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, նույնիսկ եթե քո կյանքի ուղիներում ընկնես ու տարբեր աստիճանի հոգևոր վերքեր ստանաս, Նա քեզ կբարձրացնի, կմխիթարի, քնքշորեն կհոգա քո մասին։ Ընդամենը պետք է հայացքդ դեպի Տերը դարձնես, և Նա կբարձրացնի ու ցույց կտա քեզ ճիշտ ճանապարհը:
Հենց այս պատճառով է, որ անկախ քո կյանքի դժվարություններից ու ստացած հարվածներից՝ դու կարող ես ապահով շարունակել ընթացքդ։ Առաջ շարժվի՛ր առանց վախի հենց այն ծրագրով ու նախանշած ուղիներով, որ Աստված է պատրաստել քեզ համար։ Քո երկնային Հայրը կատարյալ բարությամբ ու հոգատարությամբ հսկում է քո ընթացքը: Նա միշտ քո կողքին է՝ ճիշտ այն տեղում, որտեղ կարող ես սայթաքել, ճիշտ այն ժամանակ, երբ կարող է բռնել քեզ, եթե տեսնի, որ ընկնում ես:
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Հա՛յր, շնորհակալ եմ, որ այդքա՜ն ուշադիր ես իմ կյանքի ու ընթացքի հանդեպ։ Եթե ես Քեզնից չհեռանամ, Դու չես թողնի, որ ընկնեմ ու վնասվեմ։ Եվ նույնիսկ երբ ընկնում եմ, Դու ինձ բարձրացնում ես, մխիթարում, վերականգնում և սովորեցնում ամուր ու անսայթաք քայլելու կերպը: Ես մեծարում եմ Քեզ Քո սիրո համար: Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
