Ինչպե՞ս ազատվել մյուսների կարծիքի գերությունից
Շատերն իրենց կյանքը կառուցում են մյուսներին հաճելի լինելու սկզբունքի հիման վրա և ամեն բան անում, որպեսզի նրանց հավանությանն արժանանան: Մյուսների հայացքն ու կարծիքները նման մարդկանց ստիպում են միշտ ձգտել լավագույնս իրենց դրսևորելու մարդկանց առջև: Մարդկանց հաճեցնելը դրական երևույթ է, քանի դեռ դա չի վերաճել գերության, որի ժամանակ այն դառնում է կյանքի շարժիչ ուժը և գլխավոր նպատակը։
Սիրելի՛ Ընկեր, ես ինքս անցել եմ այդ ամենով և նախկինում միշտ ձգտում էի առավելագույնին հասնել, որպեսզի արժանանամ մյուսների գովասանքին։ Սակայն իմ կյանքում իրական խաղաղություն գտա, երբ հասկացա, որ ես չպետք է ապրեմ մարդկանց հաճեցնելու համար։ Ես պետք է սիրեմ մարդկանց և ամեն բան անեմ, որպեսզի օգնեմ ու ծառայեմ նրանց։ Սակայն իմ կյանքն ու առաջնահերթությունները, իմ արժեհամակարգն ու սկզբունքները պետք է կառուցեմ առաջին հերթին Աստծուն հաճեցնելու հիմքի վրա։
Աստծուն հաճեցնողները ձգտում են Աստծու կամքը կատարել։ Մարդկանց հաճեցնողները մարդկանց կամքի գերիներն են և մրցակցության մեջ են մտնում մյուս մարդկանց հետ ավելի մեծ բարձունքների և ավելի շատ գովասանքի արժանանալու համար։ Երբ ես Տեր Հիսուսին ընդունեցի որպես իմ կյանքի Տեր և Փրկիչ, Նա ազատեց ինձ մրցակցության այդ խելահեղ ընթացքից։ Տերը վերցնում է մարդկանցից խոցոտված և նրանց կարծիքների գերին դարձած մարդուն և «բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը» (Սաղմոս 147․3):
Չարը քո մասին սուտ տեղեկություններ կարող է քեզ փոխանցել միայն, երբ համոզում է քեզ, որպեսզի ինքդ քեզ համեմատես քեզնից ավելի հաջողված մարդկանց հետ։ Երբ քո հոգու թշնամին գալիս է և շշնջում, որ դու անարժեք ես, և հիշեցնում է քո խնդիրների մասին, կենտրոնացիր ո՛չ թե նրա ասած ստերի և նախանձ ու թերարժեքության զգացում ծնող համեմատությունների վրա, այլ՝ Աստծու Խոսքի անխախտ ճշմարտությունների: Աստծու Խոսքի անբեկանելի ճշմարտությունները ճանաչելն ի զորու է քեզ ազատելու սխալ պատկերացումների յուրաքանչյուր շղթայից, ներառյալ՝ քո իսկ մասին ունեցած աղավաղված ընկալումներդ:
Այլևս կարիք չկա որևէ մեկին ապացուցելու քո արժանիքները: Անկախ քո կարգավիճակից, զբաղեցրած դիրքից, կրթությունից և ունեցվածքի ու ազդեցության չափերից, դու հստակ պետք է իմանաս, որ Աստված սիրում է քեզ: Դու առանձնահատուկ ես Նրա համար և անկրկնելի։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ազատվի՛ր մարդկանց կարծիքի գերությունից։ Թո՛ղ քեզ համար առաջնայինը դառնա Աստծուն հաճեցնելը։ Եթե իրոք գտնես կյանքի այս հավասարակշռությունն ու ապրես Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներով և Նրա հաստատած արժեհամակարգով, ապա կընդունես իրական ազատությունը և, որ ամենազարմանալին է, Աստված կբժշկի նաև քո հարաբերություններն այլ մարդկանց հետ։ Դու կկարողանաս նրանց հետ նորմալ ու դրական հարաբերություններ հաստատել, այլ ոչ թե դառնալ նրանց կարծիքի ու մանիպուլյացիաների զոհը։
Դու թանկ ես Տեր Աստծու համար և չպետք է մարդկանց կարծիքի ծառան լինես։ Օրհնյալ ու ազատության անուշ բուրմունքով հագեցած օր եմ մաղթում քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
