Դու հատուկ տեղ ունես Տեր Աստծու սրտում
Մարդն անկարող է լիովին պատկերացնել ու ըմբռնել Աստծու սիրո չափն ու խորությունը: Աստվածաշնչի ամենահայտնի հատվածներից մեկը Հովհաննես 3․16 խոսքն է. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»:
Սիրելի՛ Ընկեր, այս խոսքն ի ցույց է դնում աստվածային սիրո կրկնակի բնույթը՝ համընդհանուր և անհատական.
-
Համընդհանուր սեր. Աստված սիրում է աշխարհի բոլոր մարդկանց: Նա մեզ՝ Իր աշակերտներին հանձնարարել է այդ սիրո մասին Բարի Լուրը հասցնել բոլոր մարդկանց ու բոլոր ազգերին։ Ոմանք դա անում են այլ երկրներ ճամփորդելով ու Քրիստոսի մասին վկայելով, ոմանք էլ (ինչպես Hisus.am կայքի մեր թիմը) դա անում են համացանցի ընձեռած հնարավորությունների միջոցով։ Այո, մեր աշխարհը փոխվել է և, գնալով, ավելի ու ավելի արագ է փոփոխվում։ Սակայն մարդկանց փրկության առաջնային կարիքը նույնն է ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր՝ ճանաչել Աստծու սերը և հավատալ Տեր Հիսուս Քրիստոսին:
-
Անհատական սեր. Վերը մեջբերված աստվածաշնչյան հատվածում «ով Նրան հավատում է» արտահայտությունը վերաբերում է յուրաքանչյուր մարդու և յուրաքանչյուր անհատի: Մարդն ավելին է, քան թվերն ու վիճակագրական տվյալները։ Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում հայրական սիրով նրան սիրող մեր Տեր Աստծո համար: Դու թանկ ես, և Աստված քեզ շատ է սիրում: Ես և դու այնքա՜ն մեծ արժեք ունենք Նրա աչքերում, որ Նա հանուն մեզ զոհել է Իր միածին Որդուն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված այնքա՜ն մեծ սիրտ ունի, որ բոլորի համար միշտ էլ տեղ կա անսահման մեծ սիրով լեցուն այդ սրտում։
Արի՛ միասին փառաբանենք Աստծուն Նրա սիրո համար… «Իմ սիրելի՛ Հայր, ես շնորհակալ եմ իմ հանդեպ ունեցած Քո զարմանահրաշ և անսահման ու անըմբռնելի սիրո համար… Դու հանուն իմ փրկության զոհեցիր Քո Որդուն, որպեսզի ես փրկություն ընդունեմ և հավիտենական կյանքի պարգևը ստանամ։ Օգնի՛ր ինձ Քո Հոգով, որպեսզի իմաստուն և արդյունավետ կերպով կարողանամ բաժնեկցել Քո անզուգական սերն իմ շրջապատի մարդկանց հետ: Ես սիրում եմ Քեզ իմ ամբողջ սրտով և ուզում եմ իմ կյանքն ապրել հանուն Քեզ և Քո հանձնարարած գործի հանդեպ անբեկանելի նվիրումով։ Շնորհակալ եմ և աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի պատվական ու սուրբ անունով։ Ամե՛ն»:
Թեև գուցե մենք իրար չենք ճանաչում, սակայն ես իմ ամբողջ սրտով հարազատություն և դրական վերաբերմունք եմ զգում քեզնից։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ մենք ամեն Աստծու օր միասին ենք օրը սկսում՝ մտորելով մեր երկնային Հոր մասին կամ Նրա Խոսքերի շուրջ։ Սա իրական հրաշք է։
Գուցե բառերը բավարար կերպով չեն կարողանում փոխանցել այն, ինչ հիմա ունեմ իմ սրտում, բայց ուզում եմ ասել քեզ, որ մենք մեկ ընտանիք ենք Քրիստոսով։ Մենք Աստծու զավակներ ենք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ։ Աստված սիրում է քեզ հայրական սիրով, և ես նույնպես, բայց եղբայրական սիրով, քանի որ Նա քո հանդեպ Իր սերն է դրել իմ մեջ։ Դու իմ քույրն ես կամ իմ եղբայրը։ Ես այսօր ինձ զգում եմ սիրելի մարդկանց մի մեծ բանակով շրջապատված։ Եվ ես մեծ երջանկության զգացում ունեմ իմ ներսում։ Չգիտեմ՝ ինչպես է դա գործում, բայց դու քո վերաբերմունքով երջանկացնում ես ինձ։ Եվ այս ամենի հեղինակը մեր Տեր Աստծու անսահման սերն է իմ և քո հանդեպ․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
