• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 7 հնս 2025 թ.

Ուրախությամբ և հաղթանակներով լեցուն կյանք

Հրապարակման ամսաթիվ 7 հնս 2025 թ.

Մենք մոտենում ենք «Հավատացյալ լինելու օրհնությունները» անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Այս ուղերձի մեջ խոսելու ենք Տեր Աստծու կողմից Իր զավակների համար պատրաստված մի զորավոր օրհնության՝ ուրախությամբ և հաղթանակներով լեցուն կյանքի հնարավորության մասին։

Սիրելի՛ Ընկեր, այո՛, քո կյանքը կարող է լեցուն լինել անպատմելի ուրախությամբ, որը բխում է քո կյանքի հոգևոր հաղթանակներից։ Ուրախությունն ու հաղթանակները փոխկապակցված են։ Մարդն ուրախ է, երբ իր կյանքում ընթանում է հաղթանակների ընթացքով, և չի կարող ստիպել իրեն ուրախ կյանքով ապրել, երբ իր կյանքը միայն հոգևոր պարտությունների մի երկար շարան է։ 

«Եվ Նեեմիան, որ Աթարսաթան է, և Եզրաս քահանա դպիրը և ղևտացիները, որ բացատրում էին ժողովրդին, ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծու համար, սուգ մի՛ արեք և մի՛ լացեք», որովհետև ամբողջ ժողովուրդը լաց էր լինում, երբ լսում էր օրենքի խոսքերը։ Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8.9-10):

Նեեմիայի գրքի այս պատմությունն իմ սիրելի հատվածներից մեկն է Աստվածաշնչում։ Ժողովուրդը հոգևոր հաղթանակ էր տարել՝ մեղքն ու անօրենությունը ապաշխարությամբ հեռացնելով իր կենցաղից։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ հոգևոր հաղթանակների պարագայում մարդը պետք է ուրախանա ու ցնծա։ Իսկ հոգևոր պարտությունների ժամանակ պետք է ողբա և սուգ անի։ 

«Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։ Տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը թող սուգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության» (Հակոբոս 4․8-9):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե դու անցնում ես կյանքի դժվարին ընթացքով, դա դեռ չի նշանակում, որ դու պարտված ես։ Հոբի հավատարմությունն իր բոլոր տառապանքների մեջ մեծագույն հոգևոր հաղթանակ է։ Եթե ունես առողջական խնդիրներ, դա դեռ պարտություն չէ։ Առողջական խնդիրների առկայության պարագայում Աստծուն ապավինելը և վախերին ու տագնապներին չտրվելն արդեն իսկ մեծագույն հոգևոր հաղթանակ է։ Քո կյանքի ցանկացած խնդրի պարագայում դժվարությանն ու տառապանքին Աստծու կամքի համեմատ արձագանքելը հոգևոր հաղթանակ է։ 

Հավատացյալների մեծագույն օրհնությունը Տեր Հիսուսի շնորհիվ հոգևոր հաղթանակների ընթացք ունենալու արտոնությունն է։ Հոգևոր աճը և հասունությունը քո կյանքը կլցնեն հոգևոր հաղթանակներով և անպատմելի ուրախությամբ։ Աստված ամեն բան հոգացել է, որ քո կյանքը դառնա Քրիստոսով հաղթական մի զորավոր ընթացք, որից էլ կբխի քո կյանքի ուրախությունը, որը կախված չէ քո կյանքի իրավիճակներից, այլ Աստծու զորությունից, որ գործում է քո մեջ և քեզ հոգևոր հաղթանակներ պարգևում։ 

«Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք Նրա՛ միջոցով, Ով մեզ սիրեց» (Հռոմեացիս 8․37):

Տիրոջ ուրախությունը քո զորությունն է։ Նվիրվի՛ր հավատացյալի կյանքով ապրելուն։ Դարձի՛ր Քրիստոսի հավատարիմ աշակերտը, որ աճում է հոգևորապես և հասունանում ու ամրանում հավատքի կյանքում։ Եվ կտեսնե՛ս, թե ինչպես է կյանքդ լցվում հոգևոր հաղթանակներով և Քրիստոսի պարգևած անպատմելի ուրախությամբ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես