Հաշտություն և մտերմություն Տեր Աստծու հետ
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատացյալ լինելու օրհնությունները» անվանումը։ Այո՛, շատ են և զորավոր հավատացյալի համար Տեր Աստծու պատրաստած օրհնությունները։ Եվ հուսով եմ, որ մեր նախորդ ուղերձների մեջ բացահայտված օրհնությունները գանձեր են քեզ համար, որոնք կարող ես բացահայտել ու իրականություն դարձնել քո կյանքում, եթե նվիրվես Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով ապրելուն՝ դառնաս հավատացյալ և ապրես որպես հավատացյալ։
Սիրելի՛ Ընկեր, եթե հավատացյալի օրհնություններին նայենք դրանց՝ գանձեր լինելու տեսանկյունից, ապա ամենաթանկ գանձը՝ ամենազորեղ օրհնությունը, Տեր Աստծու հետ հաշտության և Նրա հետ մտերմության օրհնությունն է, որը հասու է միայն և միմիայն հավատացյալներին։ Անշուշտ, «հավատացյալ» ասելով՝ նկատի չունեմ եկեղեցի հաճախողներին կամ հավատացյալներին հատուկ կեցվածք կամ բառապաշար ունեցողներին։
Իրական հավատացյալները Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին և Գողգոթայի խաչի վրա Նրա զոհաբեր գործին իրենց ողջ էությամբ հավատացող մարդիկ են, որոնք որոշում են կայացրել թողնելու աշխարհի սկզբունքներով առաջնորդվող կյանքն ու ապրելու Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով։
«Որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ Նրա ամբողջ լիությունը Նրա մեջ բնակվի, և Նրանով ամեն բան հաշտեցնի Իր հետ՝ խաղաղություն հաստատելով խաչի վրա Նրա արյամբ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում։ Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունը ցույց տվող չար գործերով, հիմա որպես մարդ Իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի Նրա առաջ, որպեսզի հավատի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք՝ առանց կտրվելու Ավետարանի հույսից․․․» (Կողոսացիս 1․19-23):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինչպիսի՜ զորավոր օրհնություն և թանկարժեք գանձ է Տեր Աստծու հետ հաշտության մեջ լինելը։ Այս գանձը կարող են գնահատել միայն այն մարդիկ, որոնք հասկանում են ու գիտակցում Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը՝ «․․․մի ժամանակ օտարացած էիք ու թշնամի ձեր մտադրությունը ցույց տվող չար գործերով․․․»։
Մի ժամանակ մենք ապրում էինք խավարի մեջ՝ առանց անգամ գիտակցելու մեղքին ու մահին մեր ստրկացած վիճակը։ Աշխարհը և նրա ժամանակավոր հաճույքները սիրելով՝ մենք մեզ թշնամի էինք դարձրել Բարձրյալ Աստծուն։
«Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհի հանդեպ սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում» (Հակոբոս 4․4):
Իսկ հիմա, երբ հավատացյալներ ենք, հաշտություն ունենք Տեր Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ, որ հեղվեց որպես մեր կյանքերի փրկագին և մեր մեղքերին քավություն։ Ինչպիսի՜ թանկ ու պատվական օրհնություն Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր մարդու համար։
Սակայն այս հաշտությունը իրական օրհնության միայն սկիզբն է։ Այն տանում է տիեզերքի Արարչի հետ անձնական մտերմության. «Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14․23):
Աստված հավատացյալներին անձնական հարաբերություն է առաջարկում՝ «․․․և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ»։ Իսկ դու Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ հաշտվե՞լ ես Տեր Աստծու հետ։ Իսկ դու Նրա Խոսքի հանդեպ քո հնազանդության շնորհիվ ապացուցե՞լ ես քո սերը Տեր Հիսուսի հանդեպ։ Եթե այո, ապա հե՛նց քեզ համար է հավատացյալների մեծագույն օրհնությունը՝ հաշտությունն ու մտերմությունը ամենակարող ու բազմողորմ միակ ճշմարիտ Արարիչ Աստծու հետ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
