• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 5 հնս 2025 թ.

Իշխանություն՝ կյանքի խնդիրների վրա

Հրապարակման ամսաթիվ 5 հնս 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատացյալ լինելու օրհնությունները» անվանումը։ Այս ուղերձի մեջ մենք անդրադառնալու ենք մի շատ կարևոր օրհնության, որն Աստված տվել է հավատացյալներին՝ Քրիստոսի խոսքերին ու Նրա գործին հավատացող մարդկանց։ Այդ օրհնությունը իշխանությունն է, որը մեզ՝ Քրիստոսի հավատարիմ աշակերտներիս, փոխանցվել է Տեր Աստծու կողմից և անխափան կերպով գործում է այս կյանքում։ 

Սիրելի՛ Ընկեր, շատերը սխալ են ընկալում հավատացյալի ունեցած իշխանությունը։ Հատկապես Բարգավաճման ավետարանի մոլորությանը հարողները և դրա քարոզիչները կարծում են, թե հավատացյալի իշխանությունը այս կյանքում բոլոր խնդիրները հարթելու մեջ է և անհավատներից ավելի հարուստ կամ աշխարհի չափանիշներով հաջողված կյանք ապրելու մեջ։ 

Իրականում, Աստված մի զորավոր իշխանություն է փոխանցել Իր Որդուն հավատացող Նրա աշակերտներին, որը գործում է թե՛ հոգևոր աշխարհում և թե՛ ֆիզիկական։ Սակայն այդ իշխանությունը խնդիրներից զուրկ անհոգ կյանք ապրելու և այս աշխարհի հաճույքները վայելելու համար չէ, այլ Աստծու գործն այս երկրի վրա անխափան կերպով գործելու նպատակն ունի։ 

«Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեք իրար» (Գաղատացիս 5․13):

Ցանկացած մարդ իր կյանքում բախվում է խնդիրների։ Եվ Աստված քեզ իշխանություն է շնորհել դրանց վրա։ Մենք չենք կարող վերացնել մեր կյանքի բոլոր խնդիրները։ Սա շատ կարևոր է հասկանալ, քանի որ կեղծ ուսուցիչների գրավիչ քարոզները հավատացյալներին կյանքի խնդիրների լուծում և վայրկենական բժշկություններ ու ազատագրություններ են խոստանում։ Նման քարոզներն ու ուսուցումները, իհարկե, գրավում են մարդկանց, սակայն քանի որ դրանք Աստծու Խոսքին ու խոստումներին չեն համապատասխանում, դրանց հավատացողներին թողնում են խորը հիասթափության և փշրված հավատքի իրականության մեջ։ 

Այո՛, Աստված զորավոր խոստումներ ունի։ Կյանքի ո՛չ մի խնդիր և ո՛չ մի ճնշող իրավիճակ չի կարող կոտրել ու կործանել քեզ, եթե դու Քրիստոսի հավատարիմ աշակերտն ես և քո հավատքը Նրա Խոսքի վրա ես խարսխել։ Երբ Պողոս առաքյալն ասում էր․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (տե՛ս Փիլիպպեցիս 4․13 խոսքը), նկատի չուներ հավատքով հարստանալը, այլ ֆինանսական նեղությունների մեջ Աստծուն հավատարիմ մնալը և հավատքի սկզբունքները այդ նեղության մեջ պահելն ու Աստծու գործը շարունակելը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հավատացյալի ամենազորավոր իշխանությունը Տեր Աստծու շնորհի աթոռին համարձակությամբ մոտենալու արտոնությունն է․ «Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիներին 4․16):

Եվ եթե անգամ մեր կյանքի իրավիճակները դուրս են մեր վերահսկողության շրջանակից, ապա մենք կարող ենք օգնություն ընդունել մեր Տեր Աստծուց ճիշտ այն ժամանակ, երբ այդ օգնությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Հավատացյալները գիտեն նաև, որ մեր կյանքում Աստված մեր ուժից վեր փորձություն թույլ չի տա, իսկ փորձության հետ ելքն էլ կպատրաստի։ Ինչպես նաև համոզված ենք, որ ամեն բան գործակից է լինում դեպի բարին Աստծուն սիրողների համար։ Եվ այսպիսի մեծ ու պատվական խոստումներ ունենալով՝ ինչպե՞ս է հնարավոր ապրել այս կյանքը որպես Քրիստոսի աշակերտ և չլինել հաղթող․․․ Կյանքի խնդիրների վրա ունեցած իշխանությունը չեզոքացնում է դրանց կործանարար ազդեցությունը մարդու կյանքի վրա։ 

«Արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. տառապա՞նքը, նեղությո՞ւնը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, սո՞ւրը։ Ինչպես որ գրված է. «Ամբողջ օրը Քեզ համար սպանվում ենք և որպես մորթվելու ոչխար համարվեցինք»։ Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք Նրա՛ միջոցով, ով մեզ սիրեց։ Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (Հռոմեացիս 8․35-39):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես