Ազատություն նախկին մեղքերի ծանրությունից
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատացյալ լինելու օրհնությունները» անվանումը։ Այս ուղերձի մեջ խոսելու ենք հավատացյալի շատ կարևոր մի օրհնության մասին, որը նախկինում գործած մեղքերի ծանրությունից ազատվելու իրողությունն է։
Սիրելի՛ Ընկեր, Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած յուրաքանչյուր մարդու համար են Տեր Աստծու ներման ու մեղքերը ջնջելու ու չհիշելու զորավոր խոստումները։ Մեր մտքից չեն ջնջվում մեր մեղքերի մասին հիշողությունները։ Սակայն հավատացյալ մարդը պետք է հավատա Տեր Աստծու խոսքերին, որոնք խոսում են Աստծու շնորհած ներման և մեր մեղքերի ծանրությունը մեր ուսերից վերցրած լինելու մասին։
«Լվացվե՛ք, մաքրվե՛ք, հեռացրե՛ք ձեր չար արարքներն Իմ աչքերի առջևից, դադարե՛ք չարիք գործելուց։ Սովորե՛ք բարություն անել, իրավունքի՛ն հետամուտ եղեք, հանդիմանե՛ք հարստահարողին, արդար դա՛տ արեք որբին, պաշտպանե՛ք որբևայրու դատը։ Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան» (Եսայիա 1․16-18):
Եթե կա ապաշխարությունը՝ գործած մեղքերի համար զղջում, խոստովանություն և մեղքից հեռանալու որոշում, ապա մարդն իր կյանքում չի կարող այնպիսի մի մեղք գործած լինել, որից ապաշխարելու պարագայում Աստված չկարողանա սրբել ու մաքրել այն մարդու կյանքից։ «․․․եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան»։
Նոր Ուխտի հավատացյալների համար է Տեր Աստծու ներման և մեղքերն ու անօրենությունները չհիշելու այս զորավոր խոստումը․ «․․․որովհետև նրանց անօրենությունները ներող կլինեմ և նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշի» (Եբրայեցիս 8․12):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինչպիսի վատ կյանքով էլ ապրած լինես անցյալում և ինչպիսի վատ հիշողություններ էլ ճնշեն քեզ, Քրիստոսի աշակերտը Տեր Աստծու աչքերում նոր արարած է։ Երբ Նա նայում է քեզ Երկնքից, ապա չի տեսնում այն մարդուն, որը գործել է այն մեղքերը, որոնք կան քո հիշողության մեջ։
Իրականում, քո ապաշխարությունն այն հին մարդու մահն էր և նոր մարդու ծնվելը։ Նա նորին է տեսնում, որի արժեհամակարգը լիովին փոխված է և ձևավորված Տեր Հիսուսի արժեհամակարգի նմանությամբ։ Նա չի տեսնում մեղքից հաճույք ստացող կամ սեփական մեղքերն արդարացնող կամ ծածկող հին մարդուն։ Աստված, քեզ նայելով, տեսնում է Իր Խոսքի հանդեպ հավատք ունեցող նոր մարդուն, որն ատում է մեղքը, խոստովանում այն և արյուն թափելու չափ պայքարում, որպեսզի ամեն գնով իր կյանքից հեռացնի ամեն մեղք, որը փորձում է գլուխ բարձրացնել և մարդուն շեղել Տեր Աստծու կամքից ու Նրա ծրագրերից։
«Մկրտությամբ Նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Որովհետև եթե Նրա մահվան նմանությամբ Նրա հետ միացանք, ապա Նրա հարությամբ նույնը կլինենք։ Իմացե՛ք, որ մեր հին մարդը Նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից» (Հռոմեացիս 6․4-7):
Այս կյանքի մեծագույն ազատությունը ներված լինելու զգացողությունն է։ Իսկ Տեր Աստծու ներումը միայն Իր Խոսքին հավատացողների համար է։ Այն հավատացյալների մեծագույն օրհնություններից մեկն է։ Մենք նոր մարդիկ ենք, որոնք ապրում են ներման ու անցյալի մեղքերի ծանրությունից ազատված լինելու երանության մեջ։ Եվ դրանք հոգևոր իրողություններ են, որոնք մեր հին մարդու մահվան և նորի ապրելու աստվածաշնչյան հիմքն ունեն։
Իսկ դու ապրո՞ւմ ես նախկին մեղքերի ծանրությունից ազատված ու ներման քաղցրությամբ լի կյանքով, թե՞ դեռ կարիք ունես ընդունելու հավատացյալի այս զորավոր օրհնությունը քո կյանքի մեջ․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
