• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 հնս 2025 թ.

Վստահության և ապահովության ինքնություն

Հրապարակման ամսաթիվ 2 հնս 2025 թ.

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Հավատացյալ լինելու օրհնությունները» անվանումը։ Այս շարքի առաջին ուղերձի մեջ խոսելու ենք այն զորավոր օրհնության մասին, որը գալիս է մարդու կյանք վստահության և ապահովության տեսքով, երբ հավատացյալ դառնալու արդյունքում փոխվում է մարդու ինքնությունը։

Սիրելի՛ Ընկեր, ինքնության փոփոխությունը կարող է տարօրինակ և անգամ վանող հնչել, սակայն խոսքը հոգևոր ինքնությանն է վերաբերում։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ բոլոր մարդիկ, որոնք դեռ չեն դարձել հավատացյալ՝ իրենց ողջ էությամբ և ամբողջ սրտով որոշում չեն կայացրել իրենց կյանքը որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ ապրելու վերաբերյալ, գտնվում են խավարի թագավորության իշխանության ներքո և գերի են մեղքին ու այս աշխարհի սկզբունքներին։ 

«․․․գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ Իր սիրելի Որդու Արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն» (Կողոսացիս 1․12-14):

Քրիստոսին մեր կյանքի Տեր ու Փրկիչ ընդունելը և Նրա աշակերտի կյանքով ապրելու որոշումը փոխում է մեր ինքնությունը։ Այժմ մենք Աստծու Որդու Արքայության քաղաքացիներ ենք, այլ ոչ թե խավարի թագավորության ստրուկներ։ Մենք որդեգրված ենք Աստծու ընտանիքին։ Մենք Աստծու սեփական ժողովուրդն ենք՝ Նրա Եկեղեցին, որի գլուխը Տեր Հիսուսն է։ 

«…որովհետև ձեզ դիպչողը Նրա աչքերի բիբին է դիպչում» (Զաքարիա 2․8):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստծու զավակ լինելը մարդուն լցնում է վստահությամբ և պարուրում անսասան ապահովության զգացումով։ Սա չի գործում ինքնաներշնչանքի միջոցով, այլ միայն և միմիայն Տեր Աստծու Խոսքի հանդեպ անսասան հավատքի արդյունք է։ Եթե դու հավատում ես Աստծու Խոսքին, ապա քո փոխված հոգևոր ինքնությունը քեզ ապահովությամբ ու վստահությամբ է լցնելու, քանի որ դու վստահ ես ու գիտես, որ երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Աստծու խոսքերը չեն անցնի։ 

Աստվածաշնչում հարյուրավոր խոստումներ կան Աստծուն սիրողների և Նրա հավատարիմ մշակները լինողների համար։ Այդ բոլոր խոստումները քոնը կդառնան, եթե քո ամբողջ սրտով նվիրվես Տեր Հիսուսի պատվիրաններով ապրելու օրհնյալ ու քաղցր ընթացքին և թույլ չտաս, որ աշխարհի սերը քեզ թշնամացնի Տեր Աստծու հետ։ Աստված Իր կամքը սիրողներին և Իր Խոսքը հարգողներին նոր ինքնություն է շնորհում՝ Աստծու Որդու Արքայության մասը կազմելու վստահության և ապահովության ինքնություն։ Հիրավի, շատ են հավատացյալի օրհնությունները։ Իսկ քո կյանքը և քո ներաշխարհը կարո՞ղ ես բնութագրել որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտի ինքնությամբ վստահության և ապահովության մի զորեղ ամբողջություն․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես