• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 մյս 2025 թ.

Փրկություն և որդեգրություն

Հրապարակման ամսաթիվ 25 մյս 2025 թ.

Այս ուղերձով մենք ավարտում ենք «Սաղմոս 34-ի գանձերը» անվանումը կրող ուղերձների շարքը։ Հույս ունեմ, որ այս ուղերձների մեջ թեկուզ որոշակիորեն, սակայն կարողացել եմ քեզ հետ կիսվել այն գանձերով, որոնք հայտնաբերել եմ այս հրաշալի սաղմոսի մեջ։ Առաջարկում եմ միասին ընթերցել ինձ համար գանձարան դարձած այս սաղմոսի վերջին հինգ խոսքերը։

«Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։ Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։ Չարությունը կսպանի ամբարիշտին, և արդարին ատողները կդատապարտվեն։ Տերը փրկում է Իր ծառաների անձը, և բոլոր Նրան ապավինողները չեն դատապարտվի» (Սաղմոս 34․18-22):

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը մեզ մի զորավոր ճշմարտություն է փոխանցում՝ Տերը փրկում է Իր ծառաների անձը, և բոլոր Նրան ապավինողները չեն դատապարտվի։ Մեծագույն օրհնությունը, որ մարդը կարող է ընդունել Աստծուց, փրկության պարգևն է։ Եթե միա՜յն կարողանանք հասկանալ ու ընկալել, թե ինչի՛ց է մեզ փրկել Աստված և ի՜նչ մեծ գին է վճարել Տերը մեր փրկության համար։ 

«…բայց ձրի արդարացվում են Նրա շնորհով, Քրիստոս Հիսուսով իրագործված փրկության միջոցով։ Աստված Նրան առաջադրեց որպես քավության միջոց Իր արյամբ, հավատի ճանապարհով, ապացույց Իր արդարության անցյալում՝ Աստծու համբերության ժամանակ գործված մեղքերի թողության համար, ապացույց Իր արդարության ներկա ժամանակում՝ ցույց տալով, որ Ինքն արդար է և արդարացնում է նրան, ով հավատում է Հիսուսին» (Հռոմեացիս 3․24-26):

Քրիստոսի զոհը ամեն հավատացողի համար փրկության ճանապարհ է բացել, և այդ ճանապարհի վրա կանգնում են միայն Տեր Հիսուսի հանդեպ կենդանի հավատք ունեցողները։ Նրա թանկ արյունը քավություն եղավ մեր մեղքերի համար, և Նա արդարացնում է Իրեն նվիրված մարդկանց։ 

Ինչպիսի՜ մեծագույն արտոնություն և պատիվ է Աստծու ընտանիքին որդեգրվելը։ Քրիստոսով փրկություն ընդունելը մեզ դարձնում է Աստծու ընտանիքի անդամներ։ Աստված Քրիստոսին նվիրվածների և ծառայողների Հայրն է։  

«Բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված Իր Որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպեսզի որդեգրություն ընդունենք։ Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ Իր Որդու Հոգին ուղարկեց, որ աղաղակում է. «Աբբա՛, Հա՛յր»։ Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, և եթե որդի, ապա նաև ժառանգ Աստծու միջոցով» (Գաղատացիս 4․4-7):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իմ աղոթքն է քեզ համար, որ ընդունես Սաղմոս 34-ի գանձերը և, հատկապես, այս ուղերձի օրհնությունը՝ Տեր Հիսուսի փրկությունն ու Աստծու ընտանիքին որդեգրությունը։ Եվ եթե դժվարություններով ես անցնում, ապա հիշի՛ր, որ Աստված մոտ է սրտով կոտրվածներին։ Եթե անարդարության ես բախվել, շարունակի՛ր ապրել արդարության կյանքով, և Տերը կազատի քեզ քո բոլոր նեղություններից։ Եվ երբե՛ք չկորցնես հավատքդ Տեր Հիսուսի ուսուցումների ու Նրա փոխանցած ճշմարտությունների հանդեպ, և Աստված միշտ քեզ Հայր կլինի ու կպահի քեզ Իր հոգատարության և ապահովության տիրույթում։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես