Արդարադատություն և ողորմածություն
Մենք մոտենում ենք «Սաղմոս 34-ի գանձերը» անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Այս ուղերձի մեջ այս հրաշալի սաղմոսը մեզ սովորեցնելու է Աստծու արդարադատության սկզբունքների և Նրա ողորմածության մասին։ Երբ մարդիկ շատ են կարևորում ինչ-որ բան, նրանք ասում են, որ դա կյանքի ու մահվան հարց է։ Տեր Աստծու արդարադատության սկզբունքներին ծանոթ լինելն ավելին է, քան կյանքի ու մահվան հարց լինելը։ Այն հավիտենական կյանքի ու հավիտենական տանջանքի հարց է, ինչն անսահման մեծ կարևորություն է ներկայացնում, եթե մենք, որպես քրիստոնյաներ, անսասան հավատք ունենք քրիստոնեության Սուրբ Գրքի՝ Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների հանդեպ։
«Տիրոջ աչքերն արդարների վրա են, և Նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։ Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։ Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից» (Սաղմոս 34․15-17):
Սիրելի՛ Ընկեր, Աստված մարդկանց բաժանում է երկու խմբի՝ արդարների և չարագործների։ Մարդիկ կա՛մ արդարների խմբի մեջ են, կա՛մ չարագործների։ Տիրոջ աչքերը արդարների վրա են։ Նա լսում է արդարների աղոթքները։ Տիրոջ երեսը չարագործների դեմ է, և Նա ջնջելու է նրանց հիշատակը երկրի վրայից։ Իսկ ի՞նչ չափանիշներով է Աստված մարդկանց տարանջատում որպես արդարներ և չարագործներ։
«…Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի ինչի համար ձեզանից չարախոսեն, ամոթով մնան նրանք, ովքեր Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են։ Որովհետև ավելի լավ է բարիք գործելով չարչարվել, եթե դա Աստծու կամքն է, քան չարիք գործելով» (Ա Պետրոս 3.15-17):
Պետրոս առաքյալը մեջբերում է կատարում երեսունչորսերորդ սաղմոսից և դրանից անմիջապես հետո բացատրում արդարության ուղին։ Մենք արդարանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ունեցած հավատքով։ Մարդն արդար է հռչակվում հոգևոր աշխարհում, երբ նրա մեղքերի համար գործում է Տեր Հիսուս Քրիստոսի վճարած փրկագինը։
«Բայց այն, ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեցի։ Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ և Նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով, որպեսզի ճանաչեմ Նրան և Նրա հարության զորությունը, մասնակից լինեմ Նրա չարչարանքին, կերպարանակից՝ Նրա մահվանը, որպեսզի մեռելներից հարություն առնելուն հասնեմ» (Փիլիպպեցիս 3․7-11):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Աստծու աչքերում արդարներ են Իր Որդուն և Նրա ուսուցումներին հավատացող մարդիկ՝ այն մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրել են Քրիստոսին ու Նրա կամքը ճանաչելուն և ապրում են այս աշխարհի սկզբունքներին հակառակ և Քրիստոսի փոխանցած սկզբունքներին համահունչ կյանքով։ Ինչպես Պետրոս առաքյալն է սովորեցնում, Քրիստոսով արդարացածները Քրիստոսին իրենց սրտերում սուրբ են պահում, ինչը նշանակում է Քրիստոսի պատվիրանների հանդեպ հարգանք և Նրա կամքի հանդեպ հնազանդություն ունենալ։
Աստված արդարներ է կոչում այն մարդկանց, որոնք ապրում են որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ և անգամ սայթաքումների ժամանակ դրանց արձագանքում են ըստ Տեր Հիսուսի ուսուցանածի՝ ապաշխարությամբ և մեղքից հեռանալու որոշում կայացնելով։ Նման մարդկանց կյանքը բնութագրվում է հեզությամբ ու երկյուղածությամբ, որը դրսևորվում է բարի խղճմտանքով։ Նման մարդկանց խիղճը խաղաղության մեջ է, քանի որ նրանք իրենց կյանքը նվիրել են Տեր Հիսուսին և կյանքի ցանկացած իրավիճակում առաջնորդվում են Նրա կամքով և փոխանցած ուսուցումներով։
Այսպիսի մարդկանց համար է Տեր Աստծու ողորմածությունը։ Հե՛նց այսպիսի մարդկանց աղոթքներն է լսում Աստված և փրկում նրանց իրենց բոլոր նեղություններից։
Աղոթում եմ, որ դու էլ լինես Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ արդարացածների շարքում և վայելես Տեր Աստծու բարեհաճությունն ու ապրես պատասխանված աղոթքների օրհնյալ կյանքով։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
