Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ սուրբծննդյան ևս մեկ երգով, որը մեզ կոչ է անում մեծարելու Աստծուն։ Տեր Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակները մեզ փոխանցեցին Աստծուն ուղղված երկրպագության վեհ ու վսեմ մի օրինակ․
«Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք.
«Նորածին Արքային փառք»:
Մեզ բերաւ խաղաղութիւն,
Եւ Աստուծոյ հետ հաշտութիւն:
Ով ազգեր, դուք ցնծագին
Միացէք զուարթնոց խումբին,
Հռչակեցէք երգն վսեմ.
«Ծնաւ Քրիստոս ի Բեթլէհէմ»:
Լսեցէ՛ք, կերգեն հրեշտակք.
«Նորածին Արքային փառք»:
Փառաբանության մեջ մի աննկարագրելի զորություն կա։ Այն իրական է դառնում մեր կյանքում, երբ մենք մեծարում ենք Տեր Հիսուսի անունը և թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին գործի մեր կյանքերում: Սուրբծննդյան այս օրերին ե՛կ փառաբանությունը դարձնենք մեր առաջնահերթությունը:
Օրվա ցանկացած պահի դու կարող ես միացնել Բայբլ ռադիոն (www.BibleRadio.am), լսել Տիրոջը փառաբանող որևէ հոգևոր երգ, սրտանց միանալ այդ երգին քո երգեցողությամբ՝ հավատալով, որ Աստված ներկա է և ընդունում է քո սրտից բխած երկրպագությունը, և թարմացնել ուժերդ Տիրոջ ներկայության քաղցրությամբ… Երգելով Նրան ուղղված գովաբանական երգեր՝ ինքդ քեզ կհիշեցնես, թե որքա՜ն հավատարիմ է Նա և որքա՜ն է փոխակերպել կյանքդ, երբ թույլ ես տվել, որ գա ու տիրի քո կյանքում Իր Խոսքի և Իր կամքի գերիշխանության շնորհիվ։
Հրեշտակները երգում են Տիրոջ փառքը: Մեզ համար մեծ արտոնություն ու պատիվ է նրանց փառաբանությանը միանալը. «Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն և ասում. «Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» (Ղուկաս 2.13-14)։
Սակայն մենք մի արտոնություն ունենք, որը շատ ավելին է, քան հրեշտակներինը… Մենք Աստծո զավակներ ենք և, եթե սրտանց նվիրվել ենք Տիրոջ կամքն այս երկրի վրա կատարելուն, ապա Նա մեր մեջ է բնակվում: Նրա Սուրբ Հոգին մեր մեջ է, և Նրա ներկայության քաղցրությունը փոխակերպում է մեր ներաշխարհը։
Աստված էլ Իր հերթին շատ թանկ է գնահատում մե՛ր ներկայությունը։ Նա ուրախանում է Իրեն ուղղված մեր սրտանց ու անկեղծ գոհությամբ ու մեծարանքով, քանի որ նախ՝ մենք ենք Նրա համար շատ թանկ անձնավորություններ, և հետո՝ Նրան դուր է գալիս լինել մեզ հետ մտերիմ և առողջ հարաբերության մեջ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս պահին, երբ մեր օրերը լցված են տոնական ճաշատեսակերով, նվերներով և տոնական այլ պարագաներով, ես ուզում եմ քեզ քաջալերել, որ սկսես և ավարտես քո օրը մեր սքանչելի Աստծուն ուղղված փառաբանությամբ, մեծարանքով, երկրպագությամբ և Նրա մասին խորհրդածություններով։
Սա Նրա հրավերն է… և մեր արտոնությունը:
Հ․գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Լսեցէք կ՛երգեն հրեշտակք» անվանումով այս հրաշալի երգի փառաբանությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով՝
https://youtu.be/koOWSyD4FCs
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը