September-24

Գլխավոր | Հրաշքներ | Ավելի լավ է երազել ու չհաջողվել, քան ընդհանրապես երազանք չունենալ

Ավելի լավ է երազել ու չհաջողվել, քան ընդհանրապես երազանք չունենալ

Սիրելի՛ բարեկամ, բոլորս էլ ունեցել ենք և ունենք երազանքներ և, բնականաբար, հույս ունենք մի օր դրանք տեսնել իրականացած: Սակայն երազանքը չի կորցնում իր արժեքը, եթե անգամ այն այդպես էլ իրականություն չի դառնում։ 

Առանց երազանքների կյանքը նման է ծովի մեջ անիմաստ այս ու այն կողմ լողացող նավակի։ Շատերի կյանքի նավը այդպես էլ երբեք չի՛ բացում իր առագաստները և այս ու այն կողմ տարուբերվում՝ հանձնված ալիքների կամքին։ 

Երազանքները մեր կյանքի նավի առագաստներն են։ Եվ այսօր ուզում եմ մի քանի գործնական քայլ առաջարկել քեզ, որոնք կօգնեն քո կյանքի առագաստները բացելու և համապատասխան քամու պարագայում առաջ ընթանալու հարցում։ 

• Քո հոգևոր օրագրի մեջ գրի՛ առ երազանքդ:

• Աղոթքիդ մեջ խոսի՛ր Աստծո հետ դրա մասին:

• Որոշի՛ր, թե ովքեր կարող են օգնել քեզ երազանքդ իրականացնելու հարցում:

• Սկսի՛ր հստակ քայլեր ձեռնարկել երազանքիդ իրականացմանն ընդառաջ:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ վախեցիր ձախողվելուց: Անգամ եթե քեզ մոտ չստացվի, դու կսովորես քո սխալների վրա և հաջորդ անգամ ավելի իմաստուն կերպով կվարվես և ավելի ճիշտ որոշումներ կկայացնես: 

Ուզում եմ քաջալերել քեզ։ Եթե անգամ պետք է սովորես սխալներիդ վրա․․․, եթե անգամ դեռ չես սովորել առագաստներդ ճիշտ ժամանակին բացելու հմտությունը, ապա երբե՛ք հույսդ չկորցնես: Փորձի՛ր, ջանք արա՛ և բացահայտի՛ր Աստծո կամքը քո կյանքում։ Եվ հավատա՛, որ Տերը լավագույն ապագան է պատրաստել քեզ համար որպես Քրիստոսի աշակերտի։ Եբրայեցիս 11․1 խոսքում կարդում ենք. «Հավատը հուսացած բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցը»։

Երազանքդ միշտ արթուն ու կենդանի պահի՛ր: Առագաստներդ չիջեցնե՛ս քո կյանքի նավի կայմից։ Անգամ եթե երկար ժամանակ դրանց ուղղությամբ ոչ մի համընթաց քամի չի փչել, սպասի՛ր համբերությամբ, գործի՛ր իմաստությամբ և վստահի՛ր Աստծուն։ Աղոթում եմ, որ քո երազանքները կատարվեն Տիրոջ կամքով, Նրա օգնությամբ և Նրա օրհնությամբ:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: