Այսօր մենք շարունակում ենք «Դասեր Լավոդիկեի եկեղեցուց» անվանումը կրող շարքը։ Մեր նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ հաջողված եկեղեցու մասին Լավոդիկեի եկեղեցու ունեցած պատկերացումները չէին համապատասխանում Տեր Հիսուսի սահմանած չափանիշներին։ Ո՛չ մարդաշատ լինելը, ո՛չ հարուստ ու առատ բյուջեն և ո՛չ էլ մարդկանց ու ֆինանսների առատության շարունակական ընթացքը Տեր Հիսուսի աչքերում հաջողված եկեղեցու չափանիշներ չէին։ Ավելին՝ Տեր Հիսուսը փոխանցեց Լավոդիկեի եկեղեցու իրական հոգևոր գնահատականը՝ դու թշվառ ես ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ․․․
Սիրելի՛ բարեկամ, վերը բերված խոսքերով Տեր Հիսուսը, որպես հմուտ Բժիշկ, տալիս էր Լավոդիկեի եկեղեցու հիվանդության ախտորոշումը։ Այո՛, ճիշտ ախտորոշումը բուժման կարևորագույն մասն է։ Սակայն Տերը միայն ախտորոշում չի փոխանցում Լավոդիկեի եկեղեցուն։ Նա նաև բուժման կերպն է ցույց տալիս, և Տեր Հիսուսի տված խորհրդի մեջ մենք նաև տեսնում ենք, թե ինչպիսի՛ հավատացյալները և ո՛ր եկեղեցին են Տեր Հիսուսի աչքերում հաջողված, առողջ և ամուր համարվում։
«Ես քեզ խորհուրդ եմ տալիս. գնի՛ր Ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես. աչքերիդ դե՛ղ դիր, որ տեսնես» (Հայտնություն 3․18):
Իրական հարստությունը եկեղեցու տնօրինության ներքո եղած ֆինանսները չեն։ Եկեղեցու բյուջեի չափը չի կարող որոշել այդ եկեղեցու հարուստ կամ աղքատ լինելը։ Աստված ֆինանսների քանակով չի չափում հարստությունը, այլ՝ ֆինանսների կիրառության արդյունավետությամբ։ Բացարձակապես կարևոր չէ, թե քանի զրոյից է կազմված եկեղեցու բյուջեն։ Աստված կարևորում է, թե այդ բյուջեի ո՛ր մասն է Երկնքում գանձեր դիզելուն նպաստել։ Նույնը ճշմարիտ է նաև անհատ հավատացյալի ֆինանսների պարագայում։ Աղքատ կնոջ երկու լուման շատ ավելին էր, քան բազմաթիվ զրոներ պարունակող ֆինանսական զոհաբերությունները։
Հաջողված եկեղեցին ո՛չ միայն Տեր Հիսուսից կրակի մեջ թրծված ոսկի ընդունող եկեղեցին է, այլև Նրանից սպիտակ հանդերձներ ստացող եկեղեցին։ «Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է» (Հայտնություն 19․8):
Եկեղեցու հաջողվածությունը մարդկանց քանակի շատության մեջ չէ, այլ թե տվյալ եկեղեցու անդամներից քանի՞սն են փափագում ապրել սրբության կյանքով՝ հեռանալով մեղքերից ու անօրենություններից և ձգտելով արդարության և Տիրոջ պատվիրանները պահելուն։ Եկեղեցում քանի՞սը կարող են ասել, որ իրենք ապրում են Քրիստոսի աշակերտի կյանքով և իրենց կյանքի փափագը կորածին որոնելու և ապրեցնելու՝ Տեր Հիսուսի սկսած գործը այս երկրի վրա շարունակելն է։ Եթե եկեղեցում չեն ուսուցանվում սրբության կյանքի սկզբունքները և մարդկանց չի փոխանցվում աշակերտության ու հոգևոր աճի կարևորությունը, ինչպես նաև մեղքի դեմ արյուն թափելու չափ պատերազմելու և մեղքի հանդեպ հաղթանակ տանելու հմտությունները, ապա այդ եկեղեցին մերկ է ու թշվառ․․․
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի երրորդ խորհուրդը հոգևոր տեսողությանն էր վերաբերում։ Լավոդիկեի եկեղեցին հոգևորապես կույր էր։ Նա իրեն գնահատում էր այս աշխարհում ընդունված հաջողության չափանիշներով և չէր տեսնում սեփական թշվառ ու անմխիթար վիճակը։ Տերը դեղամիջոց ունի բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են հասկանալ ու տեսնել այն, ինչը հասանելի չէ այս աշխարհի չափանիշներով ապրող մարդկանց։ Տերը դեղամիջոց է առաջարկում, որը կբժշկի ցանկացած մարդու և ցանկացած եկեղեցու հոգևոր տեսողությունը։
«Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և Նա փրկեց նրանց իրենց վշտերից. Ուղարկեց Իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից» (Սաղմոս 107․19-20):
Եկեղեցու հաջողվածությունը մարդկանց քանակի շատության մեջ չէ Այս շարքի հաջորդ չորս ուղերձներում մենք ավելի մանրամասն կքննարկենք դրանցից յուրաքանչյուրը կյանքի կոչելու գործնական քայլերը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը