Սիրելի՛ բարեկամ, ամեն ինչը՝ քո կյանքի ցանկացած իրավիճակ գործակից է լինում դեպի բարին, եթե դու բավարարում ես այս զորավոր խոստման իրագործման համար անհրաժեշտ միակ պայմանը՝ եթե սիրում ես Աստծուն: Քո առողջական խնդիրները, քո ընտանեկան կյանք այցելած անախորժությունները, լարված հարաբերությունները, աշխատանքային խնդիրները, ֆինանսական դժվարությունները․․․ այս բոլորը և դեռ շատ բաներ, որոնք չնշեցի, Աստված գործակից է անում դեպի բարին՝ քո կյանքի բարօրությունը։
Քո կյանքի ամենամեծ տառապանքների մեջ Աստված մնում է քո կյանքի Հովիվը: Նա չի ստեղծում դժբախտություն և դժվարություն, դրանք մեր մեղքերի և մեղքով լցված այս ապականված աշխարհի մեջ ապրելու հետևանքներն են: Սակայն Աստված ուզում է և գիտի, թե ինչպես շրջել մեր դժվարությունները, անհաջողություններն ու տառապանքներն այնպես, որ դրանք մեր օգտին ծառայեն և դրանց վերջնաարդյունքը լինի բարիք ու բարօրություն մեզ համար: Նրա սերը երբեք չի թողնի քեզ դժվարության մեջ… Նա քո կյանք այցելած դժվարությունները կդարձնի՝ քեզ Իր զարամանահրաշ շնորհին ծանոթացնելու զորավոր մի առիթ:
Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։
«Ամեն ինչ․․․»։
Մի օր աշակերտները նավարկում էին Գալիլեայի լճում, իսկ Տեր Հիսուսը քնած էր նավակի մեջ։ Հանկարծ լճում փոթորիկ սկսվեց։ Աշակերտները, թեև ձկնորսներ էին և սովոր էին դժվարին եղանակային պայմաններում նավարկելուն, այս անգամ խուճապի մատնվեցին և շտապ արթնացրին Տեր Հիսուսին.
«․․․Հիսուսը արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց» (Մարկոս 4․38-39)։
Տեր Հիսուսը հաստատ այնտեղ ներկա էր, նույնիսկ երբ ննջում էր:
Եվ նմանապես Տերը քեզ հետ է, քեզ մոտ ու քո կողքին քո կյանքի յուրաքանչյուր դժվարին ու տագնապալի իրավիճակի պարագայում։ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան։ Նա չի փոփոխվում և կարող է հրամայել քո կյանք այցելած փոթորկին, որ այն դադարի: Նա կարող է ընդամենը մեկ խոսքով խաղաղեցնել բոլոր մոլեգնող տարերքները։ Նա քո Պաշտպանն է և դու թանկ ես Նրա սրտին։
«Աշակերտները սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան» (Մարկոս 4․38-39,41)։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, վստահ եղի՛ր, որ ամեն ինչ հնազանդվում է Տեր Հիսուսի մեկ խոսքին։ Նա տիրում է և Նրա իշխանությանը ոչ ոք չի կարող սահմաններ դնել։ Եվ, ի հավելումն այս ամենի, Նրա հավատարմությունը Իրեն սիրողների, այսինքն՝ ինձ և քեզ համար, հավիտյան է՝ սերնդեսերունդ:
Ե՛կ այսօր աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ինչպիսի ուրախություն է Քեզ ճանաչելը: Շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որն ամրացնում է ինձ, մղում է հոգևորապես աճելուն ու հասունանալուն և զորացնում է ինձ իմ կյանքի դժվարին ժամանակներում: Քո Խոսքը սքանչելի է ու զորավոր։ Այն իմ խարիսխն է փոթորիկների ժամանակ։ Եվ վստահելով Քեզ իմ ամբողջ սրտով՝ այսօր ևս խնդրում եմ, որ լինես իմ Պաշտպանն իմ կյանք այցելած փոթորիկներին դեմ հանդիման, լինես իմ Հերոսը, ում ես կձգտեմ նմանվել իմ ողջ էությամբ։ Եվ թո՛ղ իմ կյանքում ամեն ինչ, բոլոր իրադարձություններն ու իրավիճակները գործակից լինեն դեպի բարին, քանի որ ես սիրում եմ Քեզ․․․ Ես սիրում եմ Քո կամքը և փափագում եմ իմ ապրած կյանքով ուրախացնել Քո սիրտը։ Աղոթում ու խնդրում եմ իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը