January-23

Գլխավոր | Հրաշքներ | Տերը ելք է պատրաստել քեզ համար

Տերը ելք է պատրաստել քեզ համար

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ» անվանումը։ Եվ մեր այս զրույցները Տեր Աստծու մասին են՝ Նրա սիրո, հոգատարության, կարեկցանքի և գթասրտության մասին։ Ողջ էությամբ ուզում եմ, որ Տեր Աստծու մասին այս անխախտ ճշմարտություններն ընդունելը քո կյանքում մի նոր էջ բացի, որտեղ տրտմությանը կփոխարինի ուրախությունը, անհուսությանը՝ քաջալերանքը, իսկ թևաթափությանը՝ ոգևորությունը։

Սիրելի՛ բարեկամ, երբևէ եղե՞լ ես այնպիսի իրավիճակում, որտեղ չես տեսել որևէ ելք, որտեղ ամեն բան ճնշել է քեզ, ոչ մի օգնություն չի տվել որևէ արդյունք, և քո խնդիրները անհաղթահարելի պատնեշներ են թվացել։ Իմ կյանքում եղել են նման իրավիճակներ և ոչ մեկ անգամ։ Դրանք եղել են հարաբերությունների ճգնաժամեր, առողջական խնդիրներ, ֆինանսական խնդիրներ, մյուսների կողմից անարդարության և անգամ զրպարտության դրսևորումներ և այլն։ 

«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի։ Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից։ Այն ժամանակ քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, և քո հնձաններից նոր գինին կհորդի» (Առակաց 3.5-10):

Իմ կյանքի մեծագույն օրհնությունների բանալին ես միշտ գտել եմ Աստվածաշնչի էջերում՝ Աստծու կամքին հնազանդության և չարիքից հեռանալու մեջ։ Տեր Աստծուն հնազանդ, Նրանից երկյուղ ունեցող և Նրա պատվիրանները պահելուն նվիրված մարդկանց համար միշտ կա ելք։ Անգամ անելանելի թվացող իրավիճակներում Տեր Աստված ելք է պատրաստում Իր զավակների՝ Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտների համար։ 

«․․․որովհետև Ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ․․․» (Եբրայեցիներին 13:5-6

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի՞ դժվարություններով ես դու անցնում։ Գուցե, քեզ էլ, ինչպես իմ պարագայում, այդ իրավիճակներն անելանելի են թվում, քանի որ բավականին երկար ժամանակ է՝ որևէ փոփոխություն չես տեսնում, իսկ խնդիրները վերանալու փոխարեն միայն ուժգնանում են։ 

Ուզում եմ իմ սրտից քո սրտին փոխանցել այն, ինչը սովորել եմ Տեր Աստծու հետ իմ ընթացքի այս քսանչորս տարիների ընթացքում։ Հնազանդությամբ ապացուցված կենդանի հավատքը դուռ է բացում, որպեսզի քո կյանքում գործի Տեր Աստված։ Քո խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն առաջարկում եմ կենտրոնանալ անգամ քո ծանրագույն իրավիճակում Աստծու կամքով ապրելու և խնդիրներիդ Տեր Աստծու ակնկալած արձագանքն ունենալու վրա։ Ես վստահ եմ, որ Տերը ելք է պատրաստել քեզ համար․․․ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: