december-14

Գլխավոր | Հրաշքներ | Սերը ծնվում է ճանաչողությունից

Սերը ծնվում է ճանաչողությունից

Մենք շարունակում ենք «Ինչպե՞ս ապրել Տեր Աստծու ապահովության ներքո» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Սաղմոս 91․11-16 հատվածի ուսումնասիրության վրա։

«Որովհետև քեզ համար հրամայել է Իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ։ Նրանք իրենց ձեռքերի վրա կվերցնեն քեզ, որ քո ոտքը քարի չխփես։ Առյուծների և իժերի վրայով կքայլես, առյուծի կորյուններին ու վիշապին ոտքով կոխ կտաս։ Որովհետև նա Ինձ սիրեց, և Ես կփրկեմ նրան. Ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև Նա ճանաչում է Իմ անունը։ Նա կկանչի Ինձ, և Ես պատասխան կտամ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան և նրան ցույց կտամ Իմ փրկությունը» (Սաղմոս 91․11-16):

Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձը կառուցել եմ վերը բերված հատվածի այս նախադասության վրա․ «Որովհետև նա Ինձ սիրեց, և Ես կփրկեմ նրան․ Ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև Նա ճանաչում է Իմ անունը»։ 

Ինչպիսի՜ հրաշալի խոստում Տեր Աստծու կողմից։ Երբ Աստված է խոստանում, որ կփրկի ու կպաշտպանի մեզ, ապա ո՛չ մի խնդիր, վտանգ, վախ, տագնապ կամ անհանգստություն չի կարող գողանալ մեր խաղաղությունն ու ապահովության զգացումը։ 

Սակայն, ինչպես մյուս բոլոր խոստումները, Տեր Աստծու այս հրաշալի խոստումը նույնպես ունի պայման, որի բավարարման դեպքում է միայն, որ այն կսկսի գործել քո կյանքում։ «Որովհետև նա Ինձ սիրեց․․․, որովհետև Նա ճանաչում է Իմ անունը»։

Սերը ծնվում է ճանաչողությունից։ Տեր Աստծուն սիրում են այն մարդիկ, որոնք հնազանդվում են Նրա պատվիրաններին․ «Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները։ Ով ունի Իմ պատվիրանները և պահում է դրանք, նա՛ է Ինձ սիրում. ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից, Ես էլ պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ նրան։ Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Ով Ինձ չի սիրում, Իմ խոսքերը չի պահում» (Հովհաննես 14․15,21,23-24):

Տեր Հիսուսի առաքելություններից մեկը մարդկանց մեջ երկնային Հոր մասին սխալ պատկերացումները շտկելն էր։ Ինչպես այսօր, այնպես Նրա երկրային կյանքի օրերում մարդիկ սխալ էին ընկալում Աստծուն և չէին կարողանում սիրել Նրան ու հնազանդվել Նրա պատվիրաններին։ Այս ամենի պատճառը Տեր Աստծու մասին մարդկանց ունեցած սխալ պատկերացումներն էին։ 

«Արդա՛ր Հայր, աշխարհը քեզ չճանաչեց, բայց Ես Քեզ ճանաչեցի, և նրանք իմացան, որ Դո՛ւ Ինձ ուղարկեցիր։ Եվ Ես Քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով Ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և Ես՝ նրանց մեջ» (Հովհաննես 17․25-26):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի նպատակն է ինձ և քեզ մեր երկնային Հոր մասին ճշմարտությունը սովորեցնելը։ Ոչ ոք Հորն ավելի լավ չի ճանաչում, քան Որդին։ Եվ Նա աշխարհ եկավ, որպեսզի մեզ ճանաչեցնի Նրա անունը։ Տերը սովորեցնում էր, որ Հոր մասին ճշմարտությունը ճանաչելը մեր սրտերում սեր կառաջացնի Նրա հանդեպ։ Իսկ այդ սերը մեզ կմղի Նրա պատվիրաններին՝ Նրա Խոսքին ու Նրա կամքին հնազանդ կյանք ունենալուն։

Մեր ապահովությունը Տեր Աստծու ներկայությունն է մեր մեջ։ Սա մի զարմանահրաշ խոստում է․ «․․․ով Ինձ սիրում է, պիտի սիրվի Իմ Հորից, Ես էլ պիտի սիրեմ նրան և Ինձ պիտի հայտնեմ նրան։ Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ»։

Այսօր հատուկ աղոթում եմ քեզ համար, որպեսզի որոշում կայացնես դառնալու Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտը, ամբողջ սրտով նվիրվես երկնային Հորը Աստվածաշնչի շնորհիվ ճանաչելու օրհնյալ ընթացքին և Նրա կամքին քո հնազանդությամբ ապացուցես քո սերը Տեր Աստծու հանդեպ։ Այդ ժամանակ է, որ Տեր Աստծու ապահովության այս հրաշալի խոստումը իրականություն կդառնա քո կյանքում․ «Որովհետև նա Ինձ սիրեց, և Ես կփրկեմ նրան․ Ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև Նա ճանաչում է Իմ անունը»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: