October-29 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Չարը ատելը բժշկություն է քո սրտին

Չարը ատելը բժշկություն է քո սրտին

Մենք շարունակում ենք «Աստված պաշտպանում է Իր զավակներին» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Սաղմոս 97․10-11 հատվածի ուսումնասիրության վրա։

«Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. Նա պահում է Իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար» (Սաղմոս 97:10-11) ։

Սիրելի՛ բարեկամ, Աստծուն սիրելը հավասար է չարը ատելուն։ Աստված բարի է։ Աստված սեր է։ Աստված բարության և սիրո աղբյուրն է։ Մարդը չի կարող սիրել և՛ բարին, և՛ չարը։ Այո՛, մենք, որ սիրում ենք Աստծուն, պետք է մեր ողջ էությամբ ատենք չարը։ 

Այսօր ուզում եմ, որ մենք հստակ իմանանք, թե ովքեր են Աստծուն սիրող մարդիկ։ Կարևորագույն հարցը, որին յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա պատասխանել, հետևյալն է՝ արդյոք Աստված ինձ համարո՞ւմ է Իր զավակը։ Արդյոք ես Նրա՞ն եմ պատկանում։ Իհարկե, Աստծուն հավատացող գրեթե բոլոր մարդիկ ասում են, որ՝ այ՛ո, իրենք Աստծուն են պատկանում։ Սակայն այս հարցի պատասխանը կարող է տալ միայն Ինքն՝ Աստված։ Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ ճշմարտությունը․

«Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որոնք Իրենն են», նաև՝ «Անիրավությունից թող հետ կանգնի ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում» (Բ Տիմոթեոսին 2.19):

Աստված ճանաչում է բոլոր այն մարդկանց, որ Իրեն են պատկանում։ Իրեն պատկանող մարդիկ մի առանձնահատուկ կնիք ունեն իրենց վրա։ Աստծու իշխանության տակ գտնվող մարդիկ և Նրա իշխանությունից դուրս լինողները իրարից տարբերվում են նրանով, որ առաջիններն ատում են չարը և ամեն ջանք անում մեղքից ու անիրավությունից հեռանալու համար։ Իսկ երկրորդների կյանքում անիրավությունից հեռանալու ջանք չի նկատվում։ 

Այն մարդիկ, որոնց համար մեղքից հեռանալը նպատակ չէ․․․, որոնց համար Աստծու կամքը ճանաչելը և Նրա կամքով ապրելը կյանքի գերնպատակ չէ, ո՛չ մի աստվածաշնչյան հիմք չունեն պնդելու, թե իրենք պատկանում են Աստծուն։ Քրիստոսի անունը կանչելը, այսինքն՝ քրիստոնյա լինելը կամ կոչվելը, և, միևնույն ժամանակ, մեղքը սիրելը անհամատեղելի երևույթներ են։ 

«Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը.․․»։ Որքա՜ն սեր ու հոգատարություն կա այս խոսքերի մեջ։ Եթե միայն այսօր լսենք Աստծու Խոսքի այս հորդորը, մենք կգտնենք մեր կյանքի ամենաանվտանգ վայրը և ամենաամուր ապահովությունը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո բոլոր վախերի ու անհանգստությունների մեջ կա՛ ապահովության մի վայր, որտեղ դու քո երկնային Հոր պաշտպանության ներքո ես լինելու։ Քո բոլոր տագնապներն ու վերջին ժամանակների ահագնացող լուրերը ի զորու չեն լինելու գողանալ քո խաղաղությունը, եթե լսես Տեր Աստծու հորդորը և սկսես ատել չարը։ Սիրի՛ր Տիրոջ կամքը, երկյուղ ունեցի՛ր Նրանից և ամեն ջանք գործադրի՛ր Աստծուն հաճելի վարքագիծ և Նրա առաջ ուղիղ սիրտ ունենալու համար։ Այդ անելով՝ դու կհայտնվես Նրա ապահով գրկում և Նրա հոգատար պաշտպանության ներքո։

Աղոթում եմ, որ այսօրվա ուղերձը մեծագույն քաջալերանք լինի քեզ համար և քեզնից հեռանան քո բոլոր վախերը, անհանգստությունները, տագնապներն ու կասկածները։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: