September-14

Գլխավոր | Հրաշքներ | Ողջամիտ հավատքի թշնամիները

Ողջամիտ հավատքի թշնամիները

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատքը պետք է ողջամիտ լինի» վերնագիրը։ Ողջամիտ հավատքը քրիստոնյայի հաղթական ընթացքի գրավականն է։ Հե՛նց այդ պատճառով է, որ մեր հոգիների թշնամին ամեն բան անում է, որպեսզի թմրեցնի մեզ և գողանա մեր ողջամտությունը։ 

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ ողջամիտ հավատքն ունի թշնամիներ։ Դրանք չարի հնարքներն ու ծուղակներն են, որոնց մեջ ընկնելով՝ մարդը կորցնում է ողջամիտ դատելու և ճշմարտությանը հետևելու ունակությունը։ Սթափ և առողջ միտքը մարդուն հետ է պահում վախերից ու կասկածներից։ Սուտը, վախը և կասկածները սատանայի զենքերն են ընդդեմ ողջամիտ հավատքի և առողջ դատողության։ 

Ողջամիտ հավատքի առաջին թշնամին երկմտությունն է։ Երկմիտ մարդը միշտ երկու մտքի է լինում։ Մի միտքը հավատում է ճշմարտությանը, իսկ երկրորդը կասկածում է։ Երկմիտ մարդիկ շատ հաճախ են ասում․ «Ես հասկանում եմ և հավատում եմ․․․, բայց եթե հանկարծ այդպես չլինի՞․․․»։ Երկմիտ մարդու մտքում միշտ կասկածներ կան․ «Ես հավատում եմ, որ Աստված սիրում է մարդկանց․․․, բայց իմ պարագայում այդքան էլ վստահ չեմ․․․»։ Երկմտությունը ողջամտության թշնամին է։ 

«Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում» (Հակոբոս 1:6-8):

Մեղքի գայթակղությունը ողջամտության թշնամին է։ Եթե երկմտության պարագայում չարն է կասկածի մտքեր ուղարկում, ապա մեղքի գայթակղության պարագայում մարդն ինքն է իրեն համոզում։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է ատել մեղքը, արյուն թափելու չափ պատերազմել, չթաքցնել այն, այլ լույսի մեջ բերել և խոստովանել, ոչ թե արդարացնել, այլ դատապարտել։ Սակայն մեղքի գայթակղությանը տրված մարդը կորցնում է ողջամտությունը, քանի որ ընկղմվում է ինքնախաբեության մտքերի մեջ։ Նա սկսում է ապրել այս աշխարհի ընդունված չափանիշներով և չի ձգտում ամեն բանից առավել Աստծու կամքը ճանաչելուն և Աստծու կամքին հնազանդվելուն։

«Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիներին 12․2):

Ողջամիտ հավատքի երրորդ թշնամին մոլորեցնող ուսուցումներն են։ Դրանք բավականին լավ են քողարկված, և շատերը չեն կարողանում տարբերել Աստվածաշնչից շեղված և Աստվածաշնչով չհիմնավորվող հոգևոր սնունդը։ Արդյունքում, մարդիկ հավատում են ստությունների, մոլորությունների և կորցնում են սթափ մտածելու և ողջամիտ դատելու ունակությունը։ Մոլորեցնող ուսուցումները հմայելու և կախարդելու հատկություն ունեն, քանի որ դրանց հետևում կանգնած են չարի հոգևոր զորությունները, որոնց նպատակը մարդուն մեղքի կյանքի մեջ ներքաշելն է։ 

«Ո՛վ անմիտ գաղատացիներ, ո՞վ հմայեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչված ներկայացվեց։ Միայն սա եմ ուզում ձեզանից իմանալ. օրենքի գործերո՞վ Հոգին ընդունեցիք, թե՞ քարոզությանը հավատալով։ Այդքան անմի՞տ եք. հոգով սկսեցիք ու հիմա մարմնո՞վ եք ավարտում» (Գաղատացիս 3․1-3):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր հատուկ աղոթում եմ քեզ համար, որ դու չընկնես ողջամիտ հավատքի թշնամիների լարած վերոհիշյալ ծուղակների մեջ։ Աղոթում եմ, որպեսզի կարողանաս մերժել կասկածի բոլոր մտքերը և հավատքով առաջ գնալ քո հոգևոր ընթացքի մեջ։ Աղոթում եմ, որ ամուր ու հաստատ մնաս Աստծու Խոսքի սկզբունքների մեջ և մերժես մեղքի բոլոր գայթակղություններն ու ինքնախաբեության դրսևորումները։ Եվ նաև աղոթում եմ, որ տարբերես մոլորեցնողների ուսուցումները և Սուրբ Հոգու առաջնորդությամբ ընդունես միայն այն հոգևոր սնունդը, որը բխում է Աստծու Խոսքից և հստակ հիմնավորվում է Աստվածաշնչի ճշմարտություններով։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: