April-21

Գլխավոր | Հրաշքներ | Նայի՛ր ու տես քեզ Նրա աստվածային հայելու մեջ

Նայի՛ր ու տես քեզ Նրա աստվածային հայելու մեջ

Սիրելի՛ բարեկամ, պատկերացնում եմ, որ այսօր՝ նախքան տնից դուրս գալդ, հայելու մեջ ես նայելու, որպեսզի համոզվես, որ ամեն բան կարգին է արտաքին տեսքիդ առումով։ Կարո՞ղ եմ մեկ հարց տալ քեզ։ Իսկ քո հոգու կամ ներաշխարհի համար նույնպես նման հոգատարություն ու խնամք դրսևորո՞ւմ ես։ Իսկ ո՞ր հայելին ես օգտագործում հոգուդ իրականությունը տեսնելու և համապատասխան շտկումներ անելու համար։ 

Իմ հովվական ծառայության տարիներին ես շատ մարդկանց եմ հանդիպել, որոնք կիսվել են ինձ հետ ու պատմել իրենց ապրումների ու զգացողությունների մասին։ Շատերն են ասել, որ երկար ժամանակ տառապել են մերժվածությունից ու թերարժեքության զգացումից։ Նրանք, մանկուց ի վեր, ծնողների կամ հասակակիցների ճնշումների, հուսահատեցնող խոսքերի ու ծաղրի արդյունքում հավատացել են իրենց՝ իբր անպետք ու անկարող էության մասին խոսքերին։ Հետագայում՝ ավելի հասուն տարիքում, կյանքի հարվածներն ու մեղքի ճահճից սեփական ջանքով դուրս գալու անկարողությունն ասես հաստատել են այդ կարծիքն ու խորացրել սեփական թերարժեքության զգացումը։ 

Սակայն, ապաշխարությունից և Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով ապրելու որոշումից հետո, նման մարդկանց մոտ մեկ ուրիշ հայելի է հայտնվում՝ Տեր Աստծու հայելին։ Այս հայելին ոչ թե մարդկանց կարծիքն է արտացոլում ու հիշեցնում նրանց խոսքերը, այլ քեզ ցույց է տալիս քո մասին Տեր Աստծու կարծիքի և քեզ տված Նրա խոստումների լույսի ներքո։ 

Տեր Աստծու այս քաջալերական հայելին օգնում է, որ հուսահատության մեջ ապրած մարդկանց ձախողումները փոխվեն հաղթանակներով, քանի որ Աստված նրանց հետ է և նրանց կողմից։ Աստված մեզ՝ Իր զավակների համար այն Վեմն է, որի վրա մենք կառուցում ենք մեր կյանքը։ Նա մեր ամուր Ամրոցն է և ապահով Ապաստարանը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հավատա, ինչպես որ ինձ հանդիպած այդ մարդկանց կյանքն է կերպարանափոխվել սեփական անձի հանդեպ Տեր Աստծու տեսանկյունն ընդունելուց հետո, այնպես էլ՝ քեզ համար է շատ կարևոր, որ սովորես քո ներաշխարհը տեսնել այդ նույն հայելու մեջ։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև Նրա հայելին, Նրա Խոսքի հայելին պարզապես ամենաճշգրիտն է և ամենաճշմարիտը։ Դա այնպիսի մի հայելի չէ, որը խեղաթյուրում է, աղավաղում կամ խոշորացնում իրականությունը։ Այն կատարյալ ճշմարտությունն է (տե՛ս Հովհաննես 17․17 խոսքը)։

Աստված փափագում է սովորեցնել քեզ, պաշտպանել քեզ, օգնել, որպեսզի գտնես քո տեղն այս կյանքում ու Իրեն ծառայելու հարցում, և առաջնորդել քեզ Իր Սուրբ Խոսքով։ Հորդորում եմ քեզ՝ ամեն օր կարդալ Աստվածաշունչը և գրի առնել այն ամենը, ինչ ընդունում ես Աստծուց։ Գրի առ նաև հարցերդ և տուր քո հոգևոր առաջնորդներին։ Եթե չունես վստահելի հոգևոր առաջնորդ, ում կարող ես ուղղել հարցերդ, ապա կարող ես օգտվել մեր եկեղեցու «ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ»  ծառայությունից, որի ընթացքում ամեն ուրբաթ օր՝ առավոտյան ժամը տասին, ես ուղիղ եթերով պատասխանում եմ նախօրոք գրված հարցերին։ Միացի՛ր մեր ծառայությանն այս հղումով:

Այս ամենը կօգնի քեզ Աստծո Խոսքի հանդեպ ուշադիր լինելու հարցում և կսովորեցնի քեզ տեսնել ինքդ քեզ և քեզ շրջապատող իրողությունները Աստծո տված հայելու մեջ։ Քո անձի մասին կարծիքդ պետք է ձևավորվի հենց ա՛յդ հայելու շնորհիվ։ Այն քեզ ցույց կտա նաև հոգևորապես հարդարվելու, շտկվելու ու մաքրվելու բոլոր անհրաժեշտ կողմերը։ Ահա՛ թե ինչ ենք կարդում Աստվածաշնչում․ «Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով Քո Խոսքի համեմատ» (Սաղմոս‬ ‭119․9‬)։ 

Կուզե՞ս միասին աղոթենք այս կարճ աղոթքով։ Այն թող լինի քո արձագանքը այսօրվա ուղերձին։ Աղոթե՛նք․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո Խոսքի համար, որն իմ իրականության ճշգրիտ հայելին է։ Խնդրում եմ՝ սովորեցրո՛ւ ինձ տեսնել ինքս ինձ Քո աչքերով և օգնի՛ր ինձ հասկանալ Քո Խոսքը, ինչպես նաև ըմբռնել այն, ինչը Դու ես փափագում ինձ սովորեցնել Քո Խոսքի միջոցով։ Եվ նաև զորություն տուր ինձ, որպեսզի կարողանամ կիրառել այդ ամենն իմ կյանքում, որպեսզի կարողանամ ապրել այնպես, ինչպես Դու ես նախապես ծրագրել ինձ համար։ Ողջ փառքը և պատիվը տալիս եմ Քեզ և աղոթում եմ Տեր Հիսուսի սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։  

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: