April-10

Գլխավոր | Հրաշքներ | Ճշմարիտ միաբանության նախապայմանը

Ճշմարիտ միաբանության նախապայմանը

Քրիստոնեական միաբանությունը Տեր Հիսուս Քրիստոսի Մեծ Հանձնարարականի իրագործման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Տերն Ինքն էր սովորեցնում, որ Իր ճշմարիտ աշակերտների միաբանությունը տեսնելով՝ աշխարհը հավատալու է Իրեն և Իր ուսուցանած ճշմարտություններին։ Իսկ ո՞րն է նման միաբանության նախապայմանը։ Ե՞րբ է իրապես հնարավոր հասնել իրական ու անշահախնդիր միաբանության Քրիստոսին հավատացող և Նրա ուսուցանած ճշմարտությունները դավանող բոլոր մարդկանց միջև։ 

Սիրելի՛ բարեկամ, եթե միաբանությունը գալիս է միմյանց հանդեպ սիրո և հոգատարության վերաբերմունքից և իրար օգնելու, ամրացնելու և բարձրացնելու դիրքորոշումից, ապա վստահաբար կարող ենք ասել, որ քրիստոնեական միաբանության կարևորագույն նախապայման է հոգևոր հասունությունը։ 

«Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևոր մարդկանց, այլ իբրև մարմնավորների, իբրև Քրիստոսով մանուկների։ Ձեզ կաթ խմեցրի և ոչ թե կերակուր տվեցի, որովհետև դեռևս չէիք կարող այն ընդունել։ Հիմա էլ դեռ չեք կարող, որովհետև տակավին մարմնավոր եք։ Քանի որ ձեր մեջ դեռևս նախանձ և կռիվ կա. չէ՞ որ մարմնավոր եք ու մարդկային ձևով եք վարվում» (Ա Կորնթացիս 3․1-3):

Մարմնավոր քրիստոնյաները՝ հոգևորապես դեռ չհասունացած մարդիկ, չեն կարող նվիրվել դիմացինին ծառայելու գործին։ Նրանք նախանձում են մյուսների հաջողություններին, մտնում են մրցակցության մեջ, սկսում են ամեն բան անել, որպեսզի դիմացինից ավելի բարձր ու երևացող լինեն, և անընդունակ են ընկալելու իրական միաբանության կարևորությունն ու անհրաժեշտությունը խավարի դեմ մղվող պատերազմի իրողության պարագայում։ 

«Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք. ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել։ Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք։ Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն։ Մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է» (Եփեսացիս 4․1-6):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ովքե՞ր են ունակ դիմացինին վերաբերվել խոնարհությամբ, հեզությամբ, համբերատարությամբ, սիրով, հանդուրժելով և խաղաղության վերաբերմունքով, եթե ոչ հոգևորապես հասուն քրիստոնյաները։ 

Իրական միաբանության հիմքում պետք է ընկած լինի Սուրբ Հոգու հետ մարդու ունեցած մտերմությունը։ Ի՞նչ է սա նշանակում։ Երբ մարդը մեր հանդեպ սխալ ու ոչ հոգևոր վերաբերմունք է դրսևորում, մեր արձագանքը պետք է հիմնված լինի ոչ թե նրա վերաբերմունքի, այլ Սուրբ Հոգու ակնկալիքի վրա։ Հոգևոր մարդը ոչ թե անհանգստանում է դիմացինի սխալ վարքագծի հասցրած վնասների համար, այլ իր ողջ էությամբ զգուշանում է սեփական սխալներով Սուրբ Հոգուն տրտմեցնելուց։ 

Նման կյանքն ու ընթացքը հոգևոր մանկահասակների համար չեն։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ հոգևորապես ոչ հասուն մարդիկ նման պարագաներում ընկնում են պայքարների, կռիվների և նախանձի ծուղակը։ Իսկ հոգևորապես հասուն մարդիկ կարողանում են իրենց հանդեպ սխալ վերաբերմունքին արձագանքել այնպես, որ Սուրբ Հոգին ոչ թե տրտմի, այլ՝ ուրախանա։ 

Առանց հոգևոր հասունության ո՛չ մի միաբանություն չի կարող հարատև լինել։ Իսկ Հոգևոր հասունության բանալին խոնարհ ու հավատարիմ աշակերտությունն է։ Իսկ դու որոշե՞լ ես կյանքդ ապրել որպես Քրիստոսի խոնարհ ու հավատարիմ աշակերտ և առաջ ընթանալ դեպի հոգևոր հասունությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: