December 29

Գլխավոր | Հրաշքներ | Հիշողությունների գիրքը

Հիշողությունների գիրքը

Սիրելի՛ բարեկամ, տարեմուտի այս օրերին և հատկապես այսօր ուզում եմ քեզ հրավիրել թերթելու քո հիշողությունների գիրքը։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել, Աստծո հետ քո պատմության գիրքը, որի մեջ պահվում է այն ամենը, ինչ Տեր Աստված արել է քեզ համար։ 

Այդ գիրքն ինչ-որ տեղ դրված չէ և այն չես կարող վերցնել ձեռքերիդ մեջ ու ընթերցել։ Այնպես որ ստիպված կլինես որոշակի փնտրտուք իրականացնել հիշողություններիդ մեջ։

Գուցե հարցնես՝ ինչո՞ւ է կարևոր Աստծո արած բարիքները վերհիշելը։ Որովհետև հենց մեր անցյալի հաղթանակներն են, որ մեզ առաջ շարժվելու ուժ են տալիս, երբ հատկապես դժվար է դառնում այս կյանքում մեր ընթացքը շարունակելը։

Աստվածաշունչն ասում է․«Պիտի հիշատակեմ Տիրոջ ողորմությունները, Տիրոջ գովաբանությունները՝ ըստ այն ամենի, որ Տերն արեց մեզ համար, պիտի հիշեմ այն մեծ բարիքը, որ Նա արեց Իսրայելի տան համար` ըստ Իր գթության և առատ ողորմածության» (Եսայիա 63․7

Այսպիսով, պատահե՞լ է, որ կարիքի մեջ ես եղել, և Տեր Աստված հոգ է տարել և հոգացել քո կարիքը։ Կամ տխուր ու վհատված ես եղել, և Տերը քեզ տվել է ուրախություն և խանդավառություն։  

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, վե՛ր հանիր հիշողություններդ, և Աստծո արած ամեն մի հրաշքն ու ողորմությունը թող քեզ համար այսօ՛ր էլ դառնա Նրան անվերապահորեն վստահելու ամուր հիմք։ Տեր Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան, և այն ամեն բարիքները, որ Նա արել է անցյալում, կարող է քո կյանքում և քո իրավիճակների մեջ անել նաև այսօր և վաղը։ 

Հիշի՛ր, որ Տեր Աստված հավատարիմ է և մեծ է Նրա ողորմությունը։
Հիշի՛ր, և թող քո սիրտը լցվի այն աննկարագրելի խաղաղությամբ, որն ունեն Քրիստոսի իրական հետևորդները և որը բխում է այն բացարձակ ճշմարիտ փաստից, որ Աստված տիրում է Իրեն վստահողների կյանքում։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: