December-19

Գլխավոր | Հրաշքներ | Կրկին սովորի՛ր լսել (Սովորություն #2)

Կրկին սովորի՛ր լսել (Սովորություն #2)

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակում ենք «Սովորություններ, որոնք կփոխակերպեն քո կյանքը․․․» շարքը, որը միտված է մեր հարաբերություններն Աստծո հետ վերականգնելուն կամ ավելի մտերմացնելուն։

Ինչո՞վ  է սկսվում քո օրը։ Առաջին ձայնը, որ լսում ես, Աստծո Սուրբ Հոգու քաղցր ձա՞յնն է արդյոք, թե՞ արթնանալուն պես ձեռքդ մեկնում ես դեպի հեռախոսը, որպեսզի տեսնես, թե ինչ հաղորդագրություն ես ստացել կամ ինչ նոր բան կա սոցիալական ցանցերում։

Մեր ժամանակներում հաճախ կարելի է լսել այս խոսքերը․ «Ես կոտրված ու հիասթափված եմ զգում, քանի որ չեմ կարողանում կարգավորել Աստծո հետ ժամանակ անցկացնելուս հարցը։ Այս գոլ վիճակի պատճառով այնպիսի զգացողություն ունեմ, ասես ինձ կողոպտել են՝ գողանալով Տեր Հիսուսի նկատմամբ ունեցած առաջին սերս»։

Սա կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ․․․ եթե թույլ տանք, որ ամենօրյա հոգսերի հեղեղը ծածկի մեզ՝ նախքան Տեր Աստծո հետ առանձնանալը։ Եվ եթե սա շարունակական դառնա, ապա «առաջին սերը կորցնելու» զգացողությունը դառնում է անխուսափելի։ 

Ինչպես ամուսնության, այնպես էլ այլ հարաբերությունների մեջ մտերմություն հաստատելու և հաջողվելու համար հարկավոր է խնամք տանել, փխրեցնել և ջրել այդ հարաբերությունների «հողը»։ Հարկավոր է ամեն օր հոգ տանել և դարձնել այդ հարաբերությունը առաջնահերթություն․․․ Այսպիսով, անչափ կարևոր է, որ առաջին ձայնը, որը կփնտրես առավոտյան և ժամանակ կհատկացնես այն լսելուն, լինի Տեր Աստծո ձայնը։ 

Եսայիա մարգարեն գրում է․ «Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ Նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները» (Եսայիա 50․4

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ամեն օր առավոտյան Նա ուզում է ժամանակ անցկացնել քեզ հետ։ Այդ հատուկ պահը Իր զավակի հետ՝ քեզ հետ․․․ 

Վերցրու՛ Աստվածաշունչը կամ բացիր համապատասխան հավելվածը քո հեռախոսի մեջ և կենտրոնացիր Տեր Հիսուսի և Նրա Խոսքի վրա։ Այդպիսով, քո ամեն օրվա առաջին 10 րոպեն նվիրված կլինեն քո Երկնային Հորը։ 

Եվ այսպես, սովորություն #2-ը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ․ «Քո օրվա առաջին 10 րոպեն հատկացրու քո Տեր Աստծուն»։ 

Եթե զարգացնես այս սովորությունը, ապա օր օրի ավելի կմտերմանաս Աստծուն, և այդ 10 րոպեն կարող է դառնալ 15, 30 և այլն։ Ավելի լավ է գոնե քիչ, բայց կարդալ Աստվածաշունչ, քան ընդհանրապես չկարդալ։ Ես հավատում եմ, որ Աստծո Հոգին քեզ կօգնի հավատարիմ մնալ այս սովորությանը և կուսուցանի քեզ Իր Խոսքի հետ մտերմանալու այդ ընթացքի ժամանակ։ Հետևյալ աստվածաշնչյան Խոսքն է դա ասում, որի շուրջ էլ կոչ եմ անում խորհել հիմա․ «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է Իմ անունով, Նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (Հովհաննես 14․26)։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: