Ինչպիսի՞ն ես դու քո աչքերում
Սիրելի՛ Ընկեր, երբևէ մտածե՞լ ես, թե ինչպիսին ես դու Տեր Աստծու աչքերում։ Իսկ ինչպիսի՞ն ես դու հե՛նց քո աչքերում։ Ինչպիսի՞ն ես քեզ տեսնում։ Ինչպիսի՞ն է քո ինքնագնահատականը։
Գիտե՞ս արդյոք, որ Աստված սիրում է քեզ և հիանալի ծրագրեր ունի քո կյանքի համար: Աստված բարկացած չէ քեզ վրա: Նա չի նայում քո մեղքերին ու ձախողումներին: Այո՛, քո կյանքի մեղքերը քեզ դեպի կործանում են տանում, եթե չապաշխարես դրանցից։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեղքի մեջ մահ կա։ Սակայն Աստված քեզնից ակնկալում է, որ Տեր Հիսուսի քեզ փոխանցած զորության շնորհիվ փոխես քո կյանքի ընթացքը, փոխես քո մոտեցումը Աստծու Խոսքին և Աստծու կամքին հնազանդ կյանք ապրելուն ու քո կյանքից հեռացնես մեղքի ունեցած ողջ իշխանությունը։
Դու կարող ես վստահ լինել, որ եթե որոշել ես կյանքդ ապրել Տեր Հիսուսի աշակերտի կյանքով, ապա Աստված չի նայում քո սայթաքումներին ու ձախողումներին, այլ տեսնում է միայն սրբության կյանք ապրելու քո փափագն ու Իր հանդեպ ունեցած քո սերը: Նա փնտրում է նման մարդկանց։ Նա քո կյանքի հետ կապված սքանչելի ծրագրեր ունի։«Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29.11):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ահա, հե՛նց այսպիսին է Աստված տեսնում քեզ։ Այսքա՜ն կարևոր ու թանկ ես դու Նրա համար։ Եվ քանի որ Աստված քեզ այսպիսին է տեսնում, չարժե՞ արդյոք, որ դո՛ւ էլ այլ կերպ սկսես նայես ինքդ քեզ:
Թույլ մի՛ տուր, որ մարդկանց կարծիքները ձևավորեն քո ինքնագնահատականը։ Թույլ մի՛ տուր, որ քո անցյալը ձևավորի քո ինքնագնահատականը։ Թույլ մի՛ տուր, որ անգամ քո ներկայի մեղքերն ու քո մասին ունեցած կարծիքդ ձևավորի քո ինքնագնահատականը։
Միակ վստահելի գնահատականը կարող է տալ քեզ կյանք պարգևած Տերը։ Միայն Աստված է, որ գիտի քո իրական արժեքը։ Նա չի նայում, թե ցեխի որքան հաստ շերտով է պատված այն ադամանդը, որը փայլուն ու անգին մի զարդ կարող է դառնալ հմուտ Վարպետի Իր ձեռքերում համապատասխան մշակում անցնելուց հետո։
Հանձնվի՛ր Տեր Աստծուն։ Քո կյանքը վստահի՛ր Նրան։ Թո՛ւյլ տուր, որ Աստված մաքրի քեզ քո կյանքի բոլոր մեղքերից և հղկի քեզ՝ տաշելով բնավորության վատ գծերն ու հեռացնելով քո վատ սովորությունները։ Դարձի՛ր Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ ու հնազանդ աշակերտը և մի՛ նայիր, թե ինչ գին կպահանջվի քեզնից այդ որոշման մեջ հավատարիմ մնալու համար։
Դա իսկապես քո ընտրությունն է: Դու կարող ես ընտրել Նրա կյանքն ու Տեր Աստծու հեռանկարը կամ կարող ես ընտրել ինքդ քեզ քննադատելն ու ողջ կյանքիդ ընթացքում մեղքի հանդեպ թուլության պատճառով ինքդ քեզ հետ կռիվ տալը:
Այսօր քեզ կոչ եմ անում ընտրել կյանքը՝ ընտրել քեզ կյանք պարգևած Աստծու ձեռքերի մեջ հանձնվելը։ Նա կմաքրի քեզ։ Նա կհղկի քեզ։ Նա կփայլեցնի քեզ ու Իր լույսը կդարձնի այս խավար աշխարհի մեջ։ Նրա ծրագրերը քո կյանքի համար բարի ու սքանչելի ծրագրեր են։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
