January-12

Գլխավոր | Հրաշքներ | Թո՛ւյլ տուր դառնալ քո աղոթքի ընկերը

Թո՛ւյլ տուր դառնալ քո աղոթքի ընկերը

Այսօր մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Սուրբծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց» անվանումը։ Նախքան մեր վերջին նվերին անցնելը՝ ուզում եմ խնդրել քեզ, որ մեկնաբանություններում գրես, թե վեց նվերներից ո՞րն էր, որ քեզ ամենաշատը դուր եկավ, որը որոշել ես անպայման կիրառել քո կյանքում՝ որպես Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտ։ Մեր բոլոր նվերների նպատակը Տեր Հիսուս Քրիստոսի Մեծ Հանձնարարականն իրագործելու հարցում քեզ օգնելն է։

«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):

Սիրելի՛ բարեկամ, մի կարևորագույն աստվածաշնչյան ճշմարտություն կա, որի գիտակցումը կօգնի Տեր Հիսուսի Մեծ Հանձնարարականը արդյունավետ կերպով իրագործելու հարցում։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ մենք՝ Քրիստոսի աշակերտներս, միասին ու իրար օգնելով պետք է իրագործենք աշակերտներ բարձրացնելու Նրա հանձնարարությունը։

«Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար, ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ» (Եփեսացիս 6․18-20):

Պողոս առաքյալը մեզ հորդորում է մշտապես աղոթել բոլոր հավատացյալների համար։ Անգամ Պողոս առաքյալը մյուս հավատացյալների աղոթքի կարիքն ուներ Մեծ Հանձնարարականի իրագործման հարցում իմաստության և համարձակության առումով։ Մենք նույն բանակի զինվորներն ենք և միևնույն թշնամու դեմ ենք պատերազմում։ Մենք միմյանց կարիքն ունենք այդ պատերազմում հաղթական ճակատամարտեր ունենալու և, ի վերջո, հաղթական ավարտին հասնելու համար։

Աստծու համար թանկ ու սիրելի՛զավակ, մեր վերջին նվերը, որն Էջմիածնի Էմմանուել եկեղեցին պատրաստել է քեզ համար, PrayForArmenia.org կայքն է։ Այն թարգմանաբար նշանակում է աղոթք Հայաստանի համար։ Կայքը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։ Այն շատ պարզ է։ Ունի երեք բաժին, որոնցում կարող ես գրել քո աղոթքի խնդրանքները՝ Հայաստանի համար, հավատքի կամ անհատական խնդրանքների համար։ Սակայն գրելու հնարավորություն ունենալու համար անպայման պետք է գրանցվել։ Նաև կարող ես աղոթել գրված խնդրանքների համար։ 

Մենք մշակել ենք այս կայքը, որպեսզի աշխարհասփյուռ հայ հավատացյալները աղոթեն միմյանց հոգսերի, կարիքների և հոգևոր պայքարների համար։ Եվ եթե թույլ տաս, ապա մենք սիրով կդառնանք քո աղոթքի ընկերը։ Մենք հավատում ենք միաբան աղոթքի զորությանը։ Մենք հավատում ենք միաբան աղոթքի մասին Տեր Հիսուսի խոսքերին և ուզում ենք դառնալ այն երկրորդն ու երրորդը, որ կմիաբանվեն քեզ հետ մեր երկնային Հորը քո խնդրանքները մատուցելու հարցում։

«Դարձյալ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկու հոգի մեկ բանի համար երկրի վրա միաբանվեն, ինչ որ խնդրեն, կլինի նրանց Իմ Հորից, որ երկնքում է» (Մատթեոս 18․19):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: