66E06079-CBD2-4148-B4B2-6F56EFE37A6F

Գլխավոր | Հրաշքներ | Զգացմունքները կարող են խաբել քեզ 

Զգացմունքները կարող են խաբել քեզ 

Սիրելի՛ բարեկամ, երբեմն լինում են իրավիճակներ, երբ մենք կասկածի տակ ենք դնում Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքում։ Մենք կարծում ենք, թե Նա լքել է մեզ, մինչդեռ.․․․

  • Մենք անցնում ենք հավատքի փորձության ընթացքով։
  • Մեզ է այցելել հոգնածության ուժասպառությունը։ 
  • Սխալ մտքերի արդյունքում վախերի ու տագնապների մեջ ենք հայտնվել։ 
  • Անվստահ ենք եղել որոշումների կայացման հարցում։
  • Եվ այլն։

Ոմանք կարծում են, թե Աստված կարող է հանկարծ անհետանալ իրենց կյանքից և հետո կրկին հայտնվել։ 

Ուզում եմ վստահեցնել քեզ, որ դա բոլորովին էլ այդպես չէ։ Եթե «չես զգում» Աստծո ներկայությունը, ապա դա նրանից չէ, որ Նա ներկա չէ քո կյանքում։ Զգացողությունը անհերքելի ու ճշմարիտ փաստ չի կարող լինել։ Զգացողությունը միշտ չէ, որ արտացոլում է իրականությունը կամ ճշմարտությունը։ Մեր զգացողությունները կարող են ստել ու մոլորեցնել մեզ։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ զգում ենք, երբեմն իրականության կեղծ արտահայտությունն է։ 

Մի առիթով Սմիթ Վիգլսվորթն ասել է. «Ես չեմ շարժվում ըստ իմ տեսածի։ Ես չեմ շարժվում ըստ իմ զգացածի։ Ես շարժվում եմ միայն նրանով, ինչին հավատում եմ»։ Եվ սա հենց այն է ինչին հավատում էր Պողոս առաքյալը և սովորեցնում եկեղեցուն. «Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ (‭‭Ա Կորնթացիս‬3.16‬

Սա նշանակում է, որ եթե դու ընդունել ես Քրիստոսին որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ, եթե դու Նրա Մարմնի՝ Եկեղեցու մի մասնիկն ես, ապա Աստված միշտ ներկա է քո ներսում։ Ցանկացած օրվա ցանկացած պահին Աստծո Հոգին քո ներսում է։ Երբ արթնանում ու բացում ես աչքերդ, Նա արդեն ներկա է։ Նա չի լքում քեզ անգամ այն ժամանակ, երբ դու քնած ես։ Նրա ներկայությունը քեզ հետ է և քո մեջ։ Այն չի անհետանում։ Այն հաստատված է քո մեջ օրը 24 ժամ և շաբաթը 7 օր։ 

Ես հրավիրում եմ քեզ հավատալու Տեր Հիսուսի Խոսքերին և Աստծո Հոգով գրված Աստվածաշնչի յուրաքանչյուր ճշմարտությանը։ Ես հորդորում եմ քեզ հավատալու այն փաստին, որ Աստծո Հոգին քո ներսում է բնակվում, քանի որ Աստծո Խոսքն է ասում, որ դու Սուրբ Հոգու տաճար ես։ Նա քեզ դարձրել է Իր տունը, Իր բնակվելու վայրը, Իր տաճարը։ Նա քո ներսում է և քեզ երբեք չի լքի, եթե ինքդ չհրաժարվես Նրանից։ 

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով. «Իմ երկնային Հա՛յր, շնորհակալ եմ, որ հիշեցրեցիր ինձ այսօր, որ Սուրբ Հոգին իմ մեջ է բնակվում և որ ինձ դարձրել ես Քո Հոգու տաճարը։ Հավատքով ես ընդունում եմ Քո Խոսքի ճշմարտությունը, որ Դու միշտ իմ ներսում ես, այն պահից սկսած, երբ որոշում կայացրեցի թողնելու աշխարհի կյանքը և ապրելու Քեզ համար ու Քո սկզբունքներին համահունչ կյանքով։ Հավատում եմ, որ Դու գիտես իմ մասին ամեն բան և որ Դու ընդունում ես ինձ ու օգնում, որպեսզի ամեն օր փոխվեմ ու դառնամ Քո կամքի համեմատ մարդ ու Քո գործի համար ապրող մշակ։ Շնորհակալ եմ Քո հոգատարության ու սիրո համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: