June-3

Գլխավոր | Հրաշքներ | Երբ հանձնվելը մեծագույն հաղթանակ է

Երբ հանձնվելը մեծագույն հաղթանակ է

Սիրելի՛ բարեկամ, «հանձնվել» բառը հաճախ ունի բացասական երանգ՝ պարտվել, հուսահատվել, հրաժարվել պայքարելուց: Այս բառն իր մեջ ի սկզբանե չունի թեթևության, խաղաղության կամ ուրախության իմաստը։ Սակայն կա նաև այս ամենի հակառակ կողմը։ Մենք կարող ենք հայտնվել ծանրագույն մի իրավիճակում, քանի որ սխալ պայքար ենք մղել մինչ այդ:

Մեր կյանքի փակուղին կարող է պայմանավորված լինել նրանով, որ մենք մեր ողջ ներուժը, եռանդն ու ուշադրությունը կենտրոնացրել էինք սխալ ռազմադաշտի վրա։ Մենք ոգևորված ծրագրեր ենք մշակել, զարգացրել ռազմավարություններ, որպեսզի այդ պայքարից դուրս գանք հաղթանակած, սակայն փոխարենը՝ ինքներս մեզ, մեր իսկ ձեռքով, գցել ենք մեկ այլ փակուղու մեջ և բախվել այնպիսի խոչընդոտների, որոնց հաղթահարումը շատ ավելի բարդ է, քան նախկինում էր։
Շատերն են այսօր իրենց կյանքի պայքարների մեջ պատերազմ մղում սեփական պատկերացումներով, այլ ոչ թե Աստծուց ստացած իմաստությամբ, և չեն ապավինում Աստծո Խոսքի փոխանցած սկզբունքներին և Սուրբ Հոգու առաջնորդությանը։ Եվ հենց նման պահերին է, որ շատերս հարցնում ենք Աստծուն. «Ինչո՞ւ, Տե՛ր: Չէ՞ որ Դու բոլորից լավ գիտես, որ ես տվյալ բանի կարիքը շա՜տ եմ զգում: Ինչո՞ւ ես անտարբեր իմ կյանքի խնդիրների հանդեպ։ Ինչո՞ւ իմ կյանքում չես բացում այն դռները, որոնք բացելը Քեզ համար մեծ դժվարություն չի․․․»։

Աստված ամենագետ է՝ Նա ամեն բան գիտի։ Նա գիտի նաև, թե ինչն է մեզ տարել դեպի փակուղի և որոնք են մեր ճանապարհի խոչընդոտները։ 

Աստված ամենակարող է՝ Նա կարող է անել ցանկացած բան։ Նա կարող է գործել մեր կյանքում և գերբնական կերպով միջամտել մեր կյանքի իրավիճակներին։ Սակայն այդ նույն Աստված, Ով գիտի ամեն բան և կարող է անել ամեն ինչ, նաև սիրում է քեզ ամեն բանից առավել: Եվ այդ անըմբռնելի սիրո մեջ Նա գիտի, թե ինչու է թույլ տալիս, որ այդ «դռները» փակ մնան որոշակի ժամանակ։

Աստվածաշնչում հետևյալ խոսքերին ենք հանդիպում․ «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները» (Առակաց 3․5-6

Մեր հանձնվելը կարող է Աստծո կամքի մեջ լինել, Նրան հաճելի ու Նրա սիրտը ուրախացնող որոշում լինել, եթե այդ հանձնվելու ընթացքում մենք դադարում ենք պայքարել մեր սեփական ծրագրերը առաջ մղելու և իրականացնելու համար ու  փոխարենը մեզ, մեր ընթացքը, մեր ծրագրերն ու երազանքները վստահում ենք մեր Տիրոջն ու Ամենակարող Աստծուն: Սա հենց այն հանձնվելն է, որին սպասում է Աստված։ Մենք պետք է դադարենք պայքարել մեր պատկերացրած հաջողությանը հասնելու համար և հարցնենք․ «Տե՛ր, ի՞նչ ես փորձում ինձ սովորեցնել կյանքի այս իրավիճակների միջոցով։ Ինչպիսի՞ որակներ ես ուզում իմ մեջ զարգացնել։ Իմ բնավորության ո՞ր գծերն ես ուզում փոխել։ Ո՞ր սովորություններից ես ուզում ինձ ազատագրել։ Ինչպե՞ս ես ուզում ինձ օգտագործել Քո Արքայության տարածման համար»:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե քո կյանքում հայտնվել ես մի իրավիճակի մեջ, որ պարզապես պետք է զենքերդ վայր դնես ու հանձնվես Տեր Հիսուսին՝ որոշում կայացնելով հնազանդեցնել քո կամքը Նրա կամքին։ Այս հանձնվելը մարդու կյանքում հնարավոր բոլոր տեսակի հաղթանակներից ամենամեծն ու ամենակարևորն է։

Եվ եթե զգում ես, որ Սուրբ Հոգին այս գրառման միջոցով խոսում է քո սրտին և այս տողերը հենց քեզ էին վերաբերում, ապա քեզ հրավիրում եմ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես իմ ամբողջ սրտով խնդրում եմ, որպեսզի իմ կյանքում Քո կամքը կատարվի, այլ ոչ թե՝ իմը: Ես Քո կամքն եմ ուզում, քանի որ Քո կամքը իմ կյանքի համար Քո կատարյալ ծրագրի իրականացմանն է տանում: Ես խնդրում եմ Քեզ, որ լցնես իմ սիրտը Քո կամքի գիտությամբ։ Թող Քո ցանկությունները դառնան իմ ցանկությունները, Քո փափագները՝ իմ փափագները, Քո երազանքները՝ իմ երազանքները: Խնդրում եմ՝ օգնիր ինձ, Տե՛ր, որ դադարեմ պատերազմել իմ սրտի ցանկություններն իրականացնելու համար։

Օգնի՛ր ինձ ապրել լիարժեք կերպով, Քեզ վստահել իմ կյանքը և վստահ լինել, որ իմ կյանքում ամեն բան իրականանալու է ըստ Քո աստվածային ծրագրի, եթե ես որոշեմ ապրել Քո հավատարիմ աշակերտի կյանքով։ Եվ միակ բանը, որի համար պետք է անհանգստանամ, այն է, ինչ պետք է հավատարմորեն անեմ, այն է, ինչ Դո՛ւ ես ասում ինձ անել։ Մնացած ամեն բան Դու կհոգաս և կիրագործես։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: