Սիրելի՛ բարեկամ, այս աշխարհում մենք երբեմն կարող ենք տարբեր ճնշումների ենթարկվել։ Դրանք կարող են լինել աշխատանքային կամ ուսման պարտականությունների ճնշումները, ճնշումներ ընտանիքում, ծառայության մեջ և ցանկացած այլ միջավայրում։
Ավելին, կյանքիդ նման լարված պահերին այդ բոլոր ճնշումներին գումարվում է նաև այն մեծագույն ճնշումը, որ դու այդ ամենի մեջ չունես սխալվելու իրավունք: Դու պետք է լինես ուժեղ, անկոտրում, գործունյա և հաջողվես այն ամենի մեջ, ինչն անում ես: Իսկ քո շրջապատի մարդկանց հանդիսատեսի հետաքրքրություն ունեցող հայացքներն ասես ասում են. «Եթե քեզ մոտ չստացվի, ապա դու ոչինչ ես: Դու ոչ մի արժեք չես կարող ունենալ, եթե տկարանաս ու ձախողվես․․․»:
Ի հակառակ նկարագրված իրականության, Աստծո Խոսքը բոլորովին այլ ուղերձ է մեզ փոխանցում։ Այն մի ճշմարտություն է, որն իր մեջ ազատագրող ու բժշկող ներուժ ունի։ Պողոս առաքյալի ցավի ու տկարության օրինակով Աստված տկարության մեջ հայտնված Իր զավակներին հետևյալ քաջալերանքն է փոխանցում, որը ներառում է նաև Պողոս առաքյալի արձագանքը Տեր Աստծու քաջալերանքին. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի» (Բ Կորնթացիս 12․9):
Այլ կերպ ասած, դու կարող ես և իրավունք ունես տկարանալու։ Իրականում, կարելի է ասել, որ այդպիսի մարդ չկա, որ երբե՛ք չի տկարացել, և ո՛չ ես ու ո՛չ դու չենք կարող բացառություն լինել այս հարցում։ Հենց մեր տկարության մեջ է, որ Աստված գործելու ազատություն է ստանում և մեզ ու մեր շրջապատի մարդկանց ցույց է տալիս Իր ողջ զորությունը:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հենց քո կյանքի տկարության ժամանակ է, որ երբ խոստովանում ես Աստծուն իրավիճակը վերահսկելու և փոխելու քո անկարողությունը, երբ հույսդ Նրա վրա ես դնում և խնդրում Նրա միջամտությունը, Աստված գալիս է քո կյանքի մեջ Իր զարմանահրաշ շնորհքով, քո իրավիճակի կառավարումը վերցնում է իր ձեռքերի մեջ և իրագործում այն, ինչը դու երբե՛ք ինքդ չէիր կարող կարգավորել:
Մի՛ վախեցիր այսօր քո տկարությունից։ Մի՛ ընկճվիր քո թուլություններից ու ձախողումներից։ Փոխարենը, քո ուսերին ծանրացած բոլոր բեռները հանձնի՛ր Աստծուն։ Վստահիր քո խնդիրները այն Մեկին, Ով հզոր է և ամենակարող: Նվիրվի՛ր Աստծու կամքին համահունչ կյանք ապրելուն և Նրա պատվիրանները քո կյանքում պահելուն։ Այդ ժամանակ կարող ես վստահ ու ամուր հավատքով հավատալ, որ Աստված կկանգնի քո կողքին և կգործի քո բարիքի համար։
Բոլորս ենք տկարանում։ Տկարանալը մեղք չէ։ Պարզապես մեր տկարության մեջ մենք չպետք է կորցնենք Աստծու ներկայությունը և պետք է թույլ տանք, որ մեզ մխիթարի ու զորացնի Նրա շնորհքի փառավոր զորությունը։
Քեզ գեղեցիկ օր եմ մաղթում՝ լի ամենակարող Աստծու զարմանահրաշ շնորհքի զորության ներգործությամբ:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը