Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակելու ենք խաթարված հարաբերությունների բժշկության թեմայով մեր զրույցը:
Ե՛կ միասին ուսումնասիրենք հաշտության բանալիներից մեկը, որը Տեր Աստծու կամքն է մեր կյանքում Իր հետ և մեր շրջապատի մարդկանց հետ մեր հարաբերություններում։ Եվ դա հետևյալն է՝ գտնել խնդրի արմատը․․․
Խնդրի արմատը այդ հարաբերությունների խաթարման մեջ մեր ունեցած դերը հասկանալն է։ Գուցե դա մարդկանց հետ իրականում անկեղծ լինելու մեր անկարողությունն է կամ այն դառնությունը, որ մնում է մեր մեջ, երբ սպասելիքները չեն արդարանում, կամ գուցե վիրավորվելուց հետո հարաբերությունները շարունակելու մեր անկարողությունը կամ պարզապես դա չուզենալը։ Գուցե խնդիրը քո բնավորության մե՞ջ է, որը վանում կամ ցավեցնում է դիմացինին, իսկ դու դրա մասին պատկերացում չունես անգամ․․․ Գուցե քո ասածը չափից շատ պնդելը․․․ կամ քո ուզածին հասնելու համար ցանկացած մեկին տրորելու կամ ճնշելու առջև կանգ չառնելու քո պատրաստակամությունը․․․
Խնդրի արմատը դու նախևառաջ քո մեջ պետք է փնտրես։ Սակայն ես քեզ համար լավ լուր ունեմ։ Եթե այս ուղերձը օգնի քեզ, որ չկենտրոնանաս դիմացինի աչքի շյուղի վրա, այլ պատասխանատվություն ստանձնես քո արարքների ու մտքերի համար, իսկ խաթարված հարաբերությունների բժշկությունն ու իրավիճակի վերահսկողությունը հանձնես Տեր Աստծուն, ապա արդեն իսկ ճիշտ ուղու վրա ես։
Աստված ուզում է քաջալերել քեզ այսօր․ «Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը» (Առակաց 4․23):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ քո կյանքի հանգամանքներից՝ Աստված շարունակում է լինել նույնը՝ Նա սիրում է քեզ, Նա հոգում է քեզ համար։ Արա՛ առաջին քայլը՝ փնտրի՛ր Նրան, և Հայր Աստված ամեն բան կանի, որպեսզի գտնես Իրեն և Իր շնորհիվ ընդունես Տեր Հիսուսի խոնարհությունն ու հեզությունը։ Արդյունքում կընդունես նաև քո կյանքի բոլոր խաթարված հարաբերությունների բժշկությունը։
Հենց այսօ՛ր որոշում կայացրու վստահելու Նրան քո ամբողջ սրտով, մտքով, հոգով ու զորությամբ։ Քննի՛ր խաթարված հարաբերությունների մեջ խնդրի քո մասնաբաժինը։ Քաջություն և խոնարհություն խնդրի՛ր Տեր Աստծուց։ Եվ քայլ արա՛ դեպի խաթարված հարաբերությունների բժշկությունը։ Դու քո՛ բաժինը կատարիր, իսկ ես կաղոթեմ, որ Տերն էլ Իր գերբնական բաժինը կատարի ու բժշկի անհույս թվացող հարաբերություններդ բոլոր այն մարդկանց հետ, որոնք թանկ են քեզ համար․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը