
Այսօր ուղերձների նոր շարք ենք սկսում, որը կրում է «Զրույց «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողի հետ» անվանումը։ Այո՛, առաջիկա յոթ ուղերձների մեջ ես ուզում եմ մտերիմ ու հարազատ կերպով զրուցել քեզ հետ մի քանի շատ կարևոր հոգևոր թեմաների շուրջ։ Եվ մեր առաջին ուղերձը Տեր Աստծու անսահման մեծ սիրո մասին է, որ Նա ունի իմ և քո հանդեպ։
Սիրելի՛ *|FNAME|*, ի՞նչ ես կարծում՝ Աստված սիրո՞ւմ է քեզ, թե՞ ոչ։ Ինչպե՞ս և որտեղի՞ց ես իմանալու այս հարցի պատասխանը։ Մեր կյանքի վայրիվերումների ժամանակ մենք կարող ենք տարբեր պատկերացումներ ունենալ Աստծու սիրո մասին։ Ոմանք կարծում են, որ Աստված սիրում է իրենց, երբ ամեն բան լավ է իրենց կյանքում, և չի սիրում, երբ ամեն բան խառնվում է կամ ընթանում է մեր ակնկալիքներին ճիշտ հակառակ կերպով։
«Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրանով ապրենք» (Ա Հովհաննես 4:9):
Ես չգիտեմ, թե ինչ դժվարություններով ես դու անցել քո կյանքում, ինչ կորուստներ ես ունեցել և այժմ էլ ինչպիսի խնդիրների ես բախվել։ Գուցե անգամ հոգնել և ուժասպառ ես եղել, և այդ ամենը բավականին երկար ժամանակ է շարունակվում։ Գուցե նաև աղոթում ես և դեռևս չես տեսնում աղոթքներիդ իրականացումն ու խնդրվածքներիդ պատասխանը։ Սակայն այս ամենը դեռ չի նշանակում, թե Աստված մոռացել է քեզ, դադարել է քեզ սիրել կամ երբևէ քեզ չի էլ սիրել։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ *|FNAME|*, Աստված սիրում է քեզ անսահման մեծ սիրով։ Ես համոզված եմ այդ ճշմարտության մեջ, քանի որ Աստված Ինքն է այս մասին խոսում Աստվածաշնչի էջերում։ Նա ո՛չ միայն սիրում է քեզ, այլև Իր սերը դրսևորում է գործնական քայլերով։ Նրա սիրո գործերից ամենակարևորը իմ և քո փրկության համար մեծագույն զոհի՝ Տեր Հիսուսի՝ Գողգոթայի խաչի վրա վճարած փրկագինն է։
Սակայն Տերը նաև այսօր է քո կողքին քեզ օգնելու, զորացնելու, մխիթարելու, խրատելու, ուղղորդելու և քո դժվարությունների ու չարչարանքների միջից քեզ դուրս հանելու համար։ Աստված սիրում է քեզ։ Նա քեզ հետ միասին ցավ է ապրում, երբ դու տառապում ես, և քեզ հետ միասին ուրախանում է, երբ դու հաջողվում ես և խաղաղություն գտնում քո սրտի մեջ։
«Արդ ունենք երկինքներով անցած մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը։ Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4․14-16):
Տերը սիրում է քեզ։ Չհավատա՛ս սուտ մտքերին ու քո սխալ պատկերացումներին։ Չհավատա՛ս Աստծուն չճանաչող մարդկանց խոսքերին։ Աստված սիրում է քեզ և քո կողքին է քեզ օգնելու համար։ Համարձակությամբ մոտեցի՛ր Նրա շնորհի աթոռին։ Այսօր աղոթքով գնա՛ Տիրոջ առջև ու քո գոհության և երախտագիտության փառաբանությունը մատուցի՛ր Նրան։ Նաև խնդրի՛ր օգնություն քո իրավիճակի համար։ Աստված սիրում է քեզ։ Նա կօգնի ու իմաստություն կտա։ Եվ ուզում եմ քեզ հայտնել, որ ես նույնպես աղոթում եմ քեզ համար և հավատքով միանում եմ Աստծուց շնորհ, զորություն և օգնություն ընդունելու քո աղոթքին։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը