Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան և հարության փաստը այն թանկ գինն էր, որ Աստված վճարեց յուրաքանչյուր մարդու ազատագրության և փրկության համար։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Քրիստոսի կատարած գործի և Նրա ուսուցանած ճշմարտությունների հանդեպ հավատքի շնորհիվ մենք ազատվում ենք խավարի իշխանության ստրկությունից և տեղափոխվում ենք Քրիստոսի Թագավորության մեջ (տե՛ս Կողոսացիս 1.13 խոսքը)։
Սիրելի՛ բարեկամ, Աստված տեսնում է քո կյանքի տառապանքը, դժվարությունները, թախիծն ու անհուսությունը։ Նա ուզում է, որ դու նոր կյանքով ապրես, և ամեն բան հոգացել է, որպեսզի քո կյանքում նոր ու լուսավոր ընթացքը դառնա իրականություն։ Միակ պայմանը Քրիստոսի մեջ ապրելն է։
«Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիներին 5․17)։
Եթե մեկը Քրիստոսի մեջ է, ապա անցյալում է մնում նրա հին մտածելակերպը՝ մոտեցումն ու վերաբերմունքը կյանքին, այս աշխարհի ժամանակավոր հաճույքներին ու մեղքին, մարդկանց ու կյանքի տարբեր իրավիճակներին։ Փոխվում են անգամ մարդու երազանքներն ու ձգտումները, քանի դրանք այժմ բխում են Տեր Աստծու հանդեպ սիրուց և երկնային կյանքի օրհնյալ իրողություններից։
Այն, ինչ տեղի ունեցավ Քրիստոսի խաչելության, մահվան և հարության ժամանակ, խորհրդանշաբար տեղի է ունենում Քրիստոսի աշակերտը դառնալու որոշում կայացրած յուրաքանչյուր մարդու հետ ջրի մկրտության ժամանակ։ Աստծուն հավատացող և Նրան նվիրված մարդու կյանքում տեղի է ունենում հին մտածելակերպի ու արժեհամակարգի մահը և նորի հարությունը։ Եվ այս ամենը Աստվածաշունչը ներկայացնում է մեղքի հանդեպ մարդու վերաբերմունքի լույսի ներքո։
«Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մեջ, որ շնորհը բազմանա։ Քա՛վ լիցի. մենք, որ մեղքի պատճառով մեռանք, ինչպե՞ս կարող ենք տակավին նրա մեջ ապրել։ Կամ չգիտե՞ք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, Նրա մահո՛վ մկրտվեցին։ Մկրտությամբ Նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից Հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Որովհետև եթե Նրա մահվան նմանությամբ Նրա հետ միացանք, ապա Նրա հարությամբ նույնը կլինենք։ Իմացե՛ք, որ մեր հին մարդը Նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ Նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը, մեռելներից հարություն առնելով, այլևս չի մեռնում, մահը Նրա վրա այլևս չի իշխում։ Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա, որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար՝ կենդանի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիս 6.1-11):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ուզում է, որ դու նոր կյանքով ապրես։ Կյանք, որը լի է արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ, քանի որ Տեր Աստծու Հոգին է բնակվում քո մեջ (տե՛ս Հռոմեացիս 14.17 խոսքը)։ Կյանք, որը չի կրում անցյալի մեղքերի ծանրությունը, այլ վայելում է Քրիստոսի հետ կյանքի մաքրությունն ու սրբությունը։ Կյանք, որի ընթացքում Տերը մշտապես քո կողքին է և օգնում է քեզ հաղթահարելու նեղ ճանապարհի բոլոր դժվարություններն ու անգամ՝ անհաղթահարելի թվացող խոչընդոտները։
Եվ այս ամենի հիմքը Քրիստոսի խաչելությունը, մահն ու հարությունն են։ Իսկ դու ուզո՞ւմ ես ապրել նոր կյանքով։ Հներն անցան, ամեն բան նոր է Քրիստոսի մեջ լինողների համար․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը