August-14

Գլխավոր | Հրաշքներ | Աստված Իր հանգիստն է քեզ շնորհում

Աստված Իր հանգիստն է քեզ շնորհում

Սիրելի՛ բարեկամ, անշուշտ, տեղյակ ես, որ մեր համակարգիչները կամ հեռախոսները երկար աշխատանքից հետո սկսում են դանդաղել, իսկ որոշ ծրագրեր կարող են ընդհանրապես չաշխատել։ Նման դեպքերում լուծումը տվյալ սարքի վերագործարկումն է: Էկրանը մի քանի վայրկյան մթնում է, այնուհետև համակարգը քեզնից նորից գաղտնաբառ է պահանջում և նորից միանում: Մեր համակարգիչներն ու հեռախոսները հաճախ վերագործարկումից հետո ասես թարմանում են և սկսում շատ ավելի լավ ու արագ գործել:

Ես կարող եմ վկայել, որ նույնը երբեմն իմ պարագայում է ճշմարիտ լինում։ Միաժամանակ տարբեր ծրագրերի ու ծառայությունների մեջ ներգրավված լինելով՝ երբեմն զգում եմ, որ կորցրել եմ թարմությունս և ստեղծագործելու կարողությունս։ Նման ժամանակներում ես հասկանում եմ, որ արդյունավետ ծառայությունս շարունակելու համար ինձ հանգիստ է պետք։ 

Իհարկե, կարող ենք կրոնական շղարշ գցել մեզ վրա և խնդրել, որ Աստծո զորությունն ու իմաստությունը Սուրբ Հոգու միջոցով գան մեր կյանքի մեջ և մենք շարունակենք արդյունավետ ծառայել անգամ գերհոգնածության մեջ։ Սակայն ես վստահաբար կարող եմ ասել, որ դա Աստծո կամքը չէ։ Աստված Ինքն է կամենում, որ մենք հանգիստ առնենք և թարմացած վերադառնանք մեր գործերին ու ծառայությանը։ 

Տիեզերքը վեց օրում արարելուց հետո Աստված Ինքը յոթերորդ օրը հանգիստ առավ: Այնուհետև, Տասը պատվիրանների մեջ Նա հաստատեց յուրաքանչյուր յոթերորդ օրը սուրբ պահելու պատվերը որպես Իր ժողովրդի հանգստի համար անհրաժեշտ հոգատարության դրսևորում։ 

Հին Կտակարանում այս ամենշաբաթյա հանգիստը կատարյալ և հավերժական հանգստի խորհրդանիշն էր, որը Տեր Հիսուսը մի օր կբերի՝ վերադառնալով Իր Երկրորդ գալստյան ժամանակ: Սակայն Նա այսօր էլ մեզ կանչում է Իր մոտ, որպեսզի հանգիստ պարգևի մեզ. «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28

Արդյոք դո՞ւ էլ ինձ նման երբեմն գերհոգնածության, ծանրաբեռնվածության և ուժասպառության զգացողություններ ես ունենում․․․ Եթե այո, ապա ուզում եմ քեզ հետ կիսվել իմ երկարամյա կանոնավոր և հույս ունեմ նաև արդյունավետ ու պտղաբեր ծառայության գաղտնիքով։ Ինձ ամենաշատ տրվող հարցը այն մասին է, թե ինչպե՞ս եմ այսքան բան հասցնում։ Իհարկե, ինձ օգնում են մեր եկեղեցու նվիրյալ և հավատարիմ անդամները։ Սակայն ես անգամ այդ օգնության պարագայում այսքան բան չէի հասցնի, եթե սովորած չլինեի հանգստանալու կարևորագույն հմտությունը։ 

Եթե դու էլ իրական հանգիստ ես ուզում ունենալ քո կյանքում, ապա սովորի՛ր գործնականում գնալ Տեր Հիսուսի մոտ: Նա քո Հովվապետն է և Նա քեզ հանգիստ կտա՝ թե՛ ֆիզիկական հանգիստ, թե՛ մտավոր և թե՛ հոգևոր հանգիստ: Նա հաստատուն միտք ունեցողին պահում է կատարյալ խաղաղության մեջ, քանի որ նման մարդը Նրան է հուսացել (տե՛ս Եսայիա 26.3 խոսքը)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամեն ինչից առավել նախ քո միտքը կարիք ունի հանգստի։ Ես գիտեմ, որ մեր օրերում դժվար է ժամանակ գտնելը։ Սակայն ամեն օր մի քանի րոպե տրամադրի՛ր Տիրոջ հետ առանձնանալու համար։ Քեզ համար կարող են տարօրինակ հնչել այս խոսքերը, սակայն թո՛ւյլ տուր, որ Նա ծառայի քեզ, խաղաղեցնի քո սիրտը և քո միտքը վստահ ու հաստատուն դարձնի։ Իսկ եթե կարողանաս մի քանի ամիսը մեկ գոնե մեկ օր առանձնանալ քո առօրյայից և անցկացնել այդ օրը Աստծո ներկայության մեջ, ապա համոզված եմ, որ թարմությանդ պաշարը քեզ նոր ստեղծագործական բարձունքների կհասցնի։

Թո՛ւյլ տուր, որ Տեր Հիսուսը առաջնորդի քեզ (Նա հեզ է և սրտով խոնարհ)։ Թո՛ւյլ տուր, որ Նա ուսուցանի քեզ (Նա է կատարյալ Ուսուցիչը)։ Թո՛ւյլ տուր, որ Նա փոխանցի ու սովորեցնի քեզ Աստծո կամքին հնազանդվելու քաղցրության և օրհնությունների մասին (Նա Աստծո կամքը ամեն ինչից վեր դասելու կատարյալ օրինակն է), և քո կյանքը կլցվի աստվածային խաղաղությամբ և անըմբռնելի մի հանգստով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: