September-14

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո ուրախությունը չունի հասանելիության սահմանափակումներ

Աստծո ուրախությունը չունի հասանելիության սահմանափակումներ

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք ավարտում ենք սթրեսի վերաբերյալ մեր շարքը, որը հատկապես կարևոր է դժվարություններով ու վտանգներով լեցուն մեր օրերում։ 

Իրականում, այս աշխարհի մեջ քիչ բան կա, որը կարող է մարդուն մնայուն և անկեղծ ուրախություն պատճառել։ Աշխարհի ուրախության աղբյուրների մեծ մասը ժամանակավոր են, իսկ մնացած մասն էլ զուրկ են անկեղծության բաղադրիչից։ 

Սակայն բոլոր այն մարդկանց համար, ովքեր որոշել են ապրել Տեր Հիսուսի աշակերտի կյանքով, հավատում են հավատարիմներին տրված Աստծո խոստումներին և իրենց հույսն ամբողջովին Տեր Աստծո վրա են դրել, անգամ ամենածանր իրավիճակներում կա՛ բժշկություն, կա՛ մխիթարություն և կա՛ ելք անելանելի թվացող իրավիճակներից։ 

Մեր երկիրն այս օրերին ծանրագույն ժամանակներ է ապրում։ Եթե մի կողմ դնենք լրատվամիջոցների քարոզչությունն ու հակաքարոզչությունը և սթափ աչքերով նայենք իրավիճակին, ապա կտեսնենք, որ մեր իրականությունը լի է ցավով, հիասթափություններով և անորոշությամբ։ Մի կողմից այս ամենը սթրեսի ուժգնացման ու խորացման աղբյուրներ են։ Իսկ մյուս կողմից միայն սթրեսը հաղթահարել սովորած մարդիկ կարող են ուժ գտնել իրենց մեջ և օգնել թե՛ իրենց ու թե՛ իրենց շրջապատի մարդկանց։ 

Եվ սթրեսի հաղթահարման մի կարևոր բանալի կա, որն այսօր ուզում եմ քեզ փոխանցել։ Գիտե՞ս արդյոք, որ Աստծո ուրախության մեջ զորություն կա։ Եթե կա մի միջոց, որն իր մեջ զորություն ունի իրավիճակ փոխելու քո կյանքում, ապա դա Տիրոջ ուրախությունն է։ Ես գիտեմ, որ այսօր ուրախանալու ժամանակներ չեն։ Բայց Աստվածաշունչը չի խոսում մեր ուրախության մասին, այլ Տեր Աստծո ուրախության․  «․․․մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է» (Նեեմիա 8․10):

Պողոս առաքյալը ծանրագույն հալածանքներով անցնող հավատացյալներին հորդորում էր ընդունելու Տիրոջ ուրախությունը․ «Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք» (‭Փիլիպպեցիներին‬ ‭4․4‬)։

Խոսքն անշուշտ իրականության զգացողությունը կորցրած մարդու ուրախության մասին չէ։ Խոսքը նրա մասին չէ, որ կորուստի ու սուգի ժամանակ Փիլիպպեի հավատացյալները պետք է ուրախանային։ Պողոս առաքյալը բանտում էր, երբ գրում էր այս հատվածը, ինչը մեզ բացահայտում է այդ խոսքերի իրական իմաստը։ Անգամ բանտում, նույնիսկ ամենավատ իրավիճակներում, նույնիսկ պատերազմի ու վտանգների մեջտեղում Տեր Աստծո սիրտն ուրախացնելը մեծ զորություն է պարգևում այդ ուրախության պատճառ դարձած մարդկանց:

Եթե մարդու ուրախությունը կախված է նրա իրավիճակից ու կյանքի իրադարձություններից, ապա Աստծո ուրախությունը մեր ընտրության և կայացրած որոշումների հարց է: 

Երբ մենք ապրում ենք այնպիսի կյանքով, որն ուրախացնում է Աստծո սիրտը, Տերն էլ Իր հերթին բժշկում է մեր իրավիճակները, որպեսզի Նրա ուրախությունը լցվի մեր սրտերի մեջ։ Տեր Աստծո ուրախության մեջ մեծ զորություն կա, որը ոչ միայն քեզ կազատի քո սթրեսային ու դեպրեսիվ ընթացքից, այլև դրական իմաստով կվարակի նաև քո շրջապատի մարդկանց ու կփոխի քո կյանքի իրավիճակները։ 

Հե՛նց այսպիսի մարդկանց համար է Աստված Իր Խոսքի մեջ մեզ փոխանցում այս ճշմարտությունը. «Երբ ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի» ‭‭(Եսայիա‬ ‭43․2‬)։

Որքա՜ն կարիք ունենք մենք և որքա՜ն կարիք ունի մեր երկիրը, որպեսզի այս խոսքերը ճշմարտապես իրականանան մեր կյանքերում։ Ծանրագույն իրավիճակներից դուրս գալու ելքը Տիրոջ ուրախությունն է։ Տիրոջ ուրախության մեջ մեծ զորություն կա։ Տիրոջ սիրտն ուրախացնողների համար գերբնական մի ուժ կա, որը իրավիճակներ է փոխում։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ նրանից, թե ինչի միջով ես անցնում, անկախ նրանից, թե ինչ մարտահրավերների ու վտանգների առջև ենք կանգնած, ե՛կ վստահենք Աստծո Խոսքին։ Ե՛կ դառնանք Աստծո սիրտն ուրախացնող մարդիկ։ Ե՛կ փոխվենք ու փոխակերպվենք, ապաշխարե՛նք ու ապրե՛նք Քրիստոսի աշակերտի կյանքով։ Տիրոջ ուրախությունը չունի հասանելիության սահմանափակումներ։ Այն կարող է գալ քո կյանքի մեջ։ Այն կարող է գալ մեր երկրի ու մեր ազգի մեջ։ Այն կարող է ազատել քեզ քո կյանքի սթրեսներից։ Այն կարող է ազատել մեզ բոլոր վախերից ու անհանգստություններից։ 

Աղոթե՛նք մեր երկրի համար։ Աղոթե՛նք դժվարին ու ծանր իրավիճակում հայտնված մեր յուրաքանչյուր հայրենակցի համար։ Աղոթե՛նք Աստծո սիրտը ուրախացնող ժողովուրդ դառնալու համար։ Եվ աղոթե՛նք, որպեսզի հասկանանք, որ մեկ անհատի ապաշխարությունն ու նվիրումը մեծ ուրախություն է ծնում Երկնքում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: