October-12 (2)

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու շնորհը զուր տեղն ընդունածները

Աստծու շնորհը զուր տեղն ընդունածները

 Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատացյալի գաղտնի օգնությունը» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձների մեջ անդրադարձանք Աստծու շնորհի թեմային և տեսանք, թե որքան սքանչելի օգնություններ է Աստված պատրաստել Իր հավատարիմ զավակների համար՝ լինեն դրանք մեղքերի ներման, սրբության փափագ առաջացնելու կամ սրբության կյանքով ապրելու զորության տեսքով։

Սիրելի՛ բարեկամ, այսօրվա ուղերձի մեջ կենտրոնանալու ենք աստվածաշնչյան մի կարևորագույն զգուշացման վրա։ Աստծու Խոսքի մեջ կարդում ենք Պողոս առաքյալի խոսքերը, որը զգուշացնում է մեզնից յուրաքանչյուրին, որ չլինի հանկարծ այնպես, որ Տեր Աստծու թանկ ու պատվական շնորհը զուր տեղն ընդունած լինենք։ Հնարավո՞ր է արդյոք նման իրավիճակ, երբ հավատացյալը զուր տեղն Աստծուց օգնություն ստանա։ Անշուշտ, հնարավոր է, քանի որ Աստված Իր Խոսքի մեջ զգուշացնում է այդ մասին։ Կարևոր է հասկանալ, թե ո՞ր դեպքերում է առկա նման վտանգը և ինչպես խուսափել նման իրավիճակներից։ 

«Մենք, գործակիցներ լինելով, աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհը զուր տեղը ընդունած չլինեք» (Բ Կորնթացիս 6․1):

Ե՞րբ է հավատացյալը զուր տեղն ընդունում Աստծու շնորհը։ Ի՞նչ նկատի ունի առաքյալը այս զգուշացումը մեզ փոխանցելով։ Ամբողջ խնդիրն այն է, որ Աստծու շնորհն ունի իր հստակ նպատակը հավատացյալի կյանքում։ Այն մեր հոգատար երկնային Հոր ուղարկած գերբնական օգնությունն է Իր հավատարիմ զավակներին։ Եթե մենք ընդունում ենք այդ օգնությունը, ապա այն պետք է կիրառվի ըստ այն նպատակի, որի համար Աստված ուղարկել է մեզ Իր շնորհի օգնությունը։ Իսկ եթե մենք ընդունում ենք Տիրոջ շնորհը, բայց չենք կիրառում այն ըստ իր նշանակության, մենք այն զուր տեղն ենք ընդունում։ 

«Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց. այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում» (Տիտոս 2․11-12):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծու շնորհը ո՛չ միայն զորացնում է մեզ, որպեսզի կարողանանք ապրել Աստծու կամքին համապատասխան հավատքի կյանքով, այլև խրատում է մեզ։ Այն խրատում է, որ մերժենք ամբարիշտ կյանքն ու աշխարհիկ ցանկությունները։ Եվ եթե մենք չենք մերժում դրանք, ապա զուր տեղն ենք ընդունել Աստծու շնորհը։ Մերժելը որոշում է։ Այն կախված չէ մեր կարողություններից, այլ ամբողջովին կապ ունի մեր ցանկության հետ։ 

Աստծու շնորհը խրատում է, որպեսզի հավատացյալն այս աշխարհի մեջ ապրի խոհեմության, արդարության և աստվածապաշտության կյանքով։ Արդյոք մենք լսո՞ւմ ենք շնորհի այս կարևորագույն խրատները։ Տերը սիրում է մեզ և օգնում է մեզ այս կյանքում Իր կամքի սահմաններում ապրելու և Իր ապահովության ներքո լինելու հարցում։ Արդյոք մենք լսո՞ւմ ենք և ամեն ջանք անո՞ւմ ենք այդ խրատները կյանքի կոչելու համար։

Եթե այո, ապա Աստծու շնորհը կգործի մեր կյանքերում և կփոխակերպի մեր ներսն ու կյանքի իրավիճակները։ Իսկ եթե ոչ, ապա, թեև Աստված Իր գերբնական օգնությունն է մեզ շնորհել, այն ո՛չ մի օգուտ մեզ չի բերի, քանի որ զուր տեղն ենք ընդունել Աստծու շնորհը։ Այն չի գործի մեր կյանքում, քանի որ չենք լսում այդ շնորհի խրատները՝ չենք մերժում ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները։

Աստծու շնորհը զուր տեղն ընդունած մարդիկ միշտ դժգոհ են լինելու Աստծուց։ Նրանք տեսնելու են Աստծու շնորհի գործերը մյուսների կյանքում և բողոքելու են, որ իրենց կյանքում Տեր Աստծու գերբնական օգնությունը չի գործում։ Սակայն խնդիրը Աստծու մեջ չէ, այլ Նրա ուղարկած շնորհը զուր տեղն ընդունած լինելու մեջ։ Լուծումը անձնաքննությունն է և խորը ապաշխարությունը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: