Ինչի՞ համար ենք մենք աղոթում․․․ Կարո՞ղ ենք անկեղծորեն քննել՝ արդյո՞ք մեր աղոթքի կյանքը հիմնված է Աստծու կամքը ճանաչելու և ըստ Նրա կամքի աղոթելու վրա, թե՞ մեր ցանկությունների ու քմահաճույքների վրա: Ի՞նչ ենք անում, երբ հստակ չգիտենք, թե ում կամ ինչի համար աղոթել:
Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում կարդում ենք․ «Առանց տեսիլքի ժողովուրդը սանձարձակ կդառնա.․․»: (Առակաց 29.18):
Շատ կարևոր է մեր կյանքի համար Տեր Աստծո կամքին համահունչ, հստակ տեսիլք ունենալը: Որպեսզի բացահայտենք մեր արարման և լույս աշխարհ գալու իմաստն ու պատճառը, Աստված երբեմն թույլ է տալիս, որ մենք անցնենք անապատային ժամանակաշրջաններով։ Նման ժամանակներում մենք պետք է սովորենք համբերել և չհուսահատվել՝ վստահ լինելով, որ անապատից հետո մուտք ենք գործելու խոստացված երկիրը։ Մեր կյանքի «անապատներում» կարևոր է հավատքով սպասել սովորելը և հարատև աղոթքի փորձառության մեջ հմտանալը։
Իրականում, ոչ միայն մենք ենք անցնում կյանքի անապատային շրջաններով, այլև մեր մտերիմներն ու մեր շրջապատի մարդիկ։ Ահա թե ինչու եմ խրախուսում քեզ` կանոնավոր կերպով գրի առնել քո շրջապատի մարդկանց և քո աղոթքի խնդրանքները: Դրանք կարող են լինել, օրինակ.
- Նրանց համար, ովքեր բժշկության կարիք ունեն։
- Քո կողակցի համար, որպեսզի նա մոտենա Աստծուն։
- Հենց քեզ համար՝ քո աշխատանքի, ֆինանսների, հոգնածությունից ազատվելու և այլն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո երկնային Հայրը ցանկանում է քեզ տալ հայտնություն քո կյանքի և քո գոյության յուրաքանչյուր ոլորտի համար: Նա փափագում է, որ դու բացահայտես քեզ համար Նրա սահմանած կանչվածությունը։
Մի՛ մոռացիր, որ Աստված չի անտեսում ու չի մոռանում քո աղոթքները: Աղոթի՛ր հստակ աղոթքներ, որոնք համահունչ են Աստծու կամքին։ Աստծու կամքը ճանաչի՛ր Աստվածաշնչի միջոցով։ Եթե փնտրես Աստծուն ու Նրա կամքը, ապա անպայման կգտնես Նրան: Նա Ինքն է փափագում հայտնել Իրեն Իր զավակներին։ Փնտրի՛ր և կբացահայտես նաև քո կանչվածությունը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը