Այսօր մենք սկսում ենք Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար ուղերձների շարքը։ Ամուսնությունը և ընտանիքը Տեր Աստծու մտահղացումներն են։ Աստված ամուսնությունը ստեղծել է որպես օրհնություն մարդու համար և դեղամիջոց` միայնության դեմ։ Իսկ ընտանիքը Տերը պատրաստել է որպես հոգևորապես առողջ անհատի ձևավորման ու կայացման միջավայր։ Սակայն մեղքի աշխարհ մուտք գործելով՝ մարդը կորցրեց ամուսնության օրհնությունն ու ընտանիքի բժշկարար միջավայրը։
Սիրելի՛ բարեկամ, իսկ դու ինչպիսի՞ փորձառություն ունես ամուսնության և ընտանիքի առումով։ Լինես ծնող, երեխա կամ ամուսնական զույգի անդամներից մեկը` այսօր ուզում եմ հստակ ընդունես աստվածաշնչյան այն ճշմարտությունը, որ Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար։ Եվ այդ բժշկության բանալին քո ընտանիքի մյուս անդամների հանդեպ Տեր Աստծու կամքին համահունչ վերաբերմունք ունենալու մեջ է, անգամ՝ եթե նրանք քեզ չեն վերաբերվում այնպես, ինչպես Աստված է կամենում, որ վերաբերվեն։
«Որովհետև Ես ատում եմ ապահարզանը,- ասում է Տերը» (Մաղաքիա 2.16):
Ինչպիսի իրավիճակում էլ լինի քո ամուսնությունը, եթե դու սիրում ես Աստծուն, ապա պիտի հստակ հասկանաս, որ ամուսնալուծությունն ատելի է Աստծուն, քանի որ դրանից հետո մնում է կործանված ընտանիք և ընտանիքի անդամների՝ բաժանման ցավով և թշնամանքի վերքերի հիշողություններով խոցված հոգեբանությունը։ Աստված է ամուսնության հեղինակը և Նա ատում է ապահարզանը։
«Արդ, ինչ որ Աստված միավորեց, մարդը թող չբաժանի» (Մարկոս 10.9):
Ցանկացած ընտանեկան միաբանություն ունենում է թշնամիներ, որոնք բամբասանքի, չարախոսության և ընտանիքի անդամներին միմյանց դեմ տրամադրելու միջոցով փորձում են քանդել ամուսնությունները և բաժանել ընտանիքները։ Մի բան հստակ է․ որքան էլ հիմնավորված լինի իրենց դժգոհությունը այդ ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի պահվածքից, այդ մարդիկ գործում են Տեր Աստծու դեմ։ Նրանք իրենց թշնամի են դարձրել Տեր Աստծուն, քանի որ փորձում են բաժանել այն մարդկանց, որոնց միավորել է Ինքն՝ Աստված։ Աստված է ընտանիքի հեղինակը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հաճախ ընտանիքի թշնամիներն են դառնում տվյալ մարդու ամենահարազատ մարդիկ, որոնք կողմնակի ակնարկներով, կարծիքներով ու դժգոհություններով լարվածություն են առաջացնում Աստծու կողմից հաստատված ամուսնության կողակիցների հարաբերությունների մեջ։
«Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ» (Եբրայեցիս 13․4):
Մենք իրավունք չունենք անպատիվ դարձնելու այն, ինչն Աստված պատվական է համարում։ Ամուսնությունն ամբողջովին պատվական է, քանի որ դրա հեղինակն Աստված է։ Ամուսնական մտերիմ հարաբերությունը Տեր Աստծու համար սուրբ է։ Մենք իրավունք չունենք անսուրբ վերաբերմունք ունենալու այն հարաբերության հանդեպ, որն Աստված սուրբ է անվանում։ Մենք պետք է պաշտպանենք մեր ամուսնությունը բամբասանքից, չարախոս լեզուներից և ակնարկողների ու դժգոհողների կործանարար ազդեցությունից։
Արդյոք դու պաշտպանո՞ւմ ես քո ընտանիքը, թե՞ դարձրել ես այն շատերի քննարկման թեման։ Արդյոք քո ընտանիքը քեզ համար սուրբ ու պատվակա՞ն է։ Արդյոք ընդունե՞լ ես այն որպես Տեր Աստծու կողմից քեզ տրված պարգև՝ քո հավատարմությունն Աստծուն դրսևորելու հնարավորություն և քո առաջնային ծառայության դաշտ։ Ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը քո իսկ ընտանիքին։ Արդյոք այն համահո՞ւնչ է Տեր Աստծու մտահղացմանը, երբ Նա արարում էր առաջին ընտանիքը․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը