
Մենք շարունակում ենք «Աղոթք Հայաստանի և հայ ժողովրդի համար» անվանումը կրող շարքը։ Նախորդ ուղերձի մեջ մենք աղոթեցինք մեր ընտանիքների համար։ Այս ուղերձով ուզում եմ, որ բոլորս միասին հատուկ աղոթք անենք զավակների և ծնողների հարաբերությունների համար։ Ծնողների և զավակների հարաբերությունների կարևորությունը հատուկ շեշտվում է Աստվածաշնչում՝ որպես երկրի ամրության և ժողովրդի համերաշխության հիմք։
«Ահա Ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալուց առաջ։ Եվ նա հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, որ չլինի Ես գամ և երկիրը հարվածեմ անեծքով» (Մաղաքիա 4.5-6):
Սիրելի՛ բարեկամ, արդյոք մենք լսո՞ւմ ենք Տեր Աստծու զգուշացումը։ Տեր Աստծու համար ամենատհաճ իրավիճակը և Նրան ամենաշատը բարկացնող մեղքերից մեկը ծնողների սխալ վերաբերմունքն է իրենց զավակների հանդեպ և զավակների անպատիվ վերաբերմունքն իրենց ծնողների հանդեպ։
«Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։ «Պատվի՛ր քո հորն ու մորը, – սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով,- որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես» (Ելք 20.12)։ Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք» (Եփեսացիս 6․1-4):
Եղիա մարգարեի գալուստի մասին մարգարեությունը իրականացավ Հովհաննես Մկրտչի ծառայության մեջ։ Ի՞նչ էր նա քարոզում։ Ինչպե՞ս էր այն հայրերի սրտերը դեպի որդիները դարձնում և ինչպե՞ս էր որդիների սրտերը դեպի հայրերը դարձնում։
Ծնողների և զավակների հարաբերությունների խնդիրները համատարած են մեր հասարակության մեջ։ Ծնողներ կան, որոնք այնքա՜ն են վիրավորված իրենց զավակներից, որ իրենց սրտերը լցրել են դառնությամբ և երբեմն՝ անգամ ատելությամբ։ Զավակներ կան, որ հոգնել են ծնողների սխալ վերաբերմունքից և չեն կարողանում պատվել ու ներել իրենց ծնորղներին։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Հովհաննես Մկրտիչը ապաշխարություն էր քարոզում։ Մենք պետք է ապաշխարենք՝ չլինենք ծնող, որ իր սխալ վերաբերմունքով բարկացնում է իր երեխային, կամ չլինենք զավակ, որն իր անհնազանդությամբ անպատվում է իր ծնողին։ Այս կարևորագույն հարաբերության բժշկության ուղին ապաշխարությունն է։
Աստծու Խոսքը հստակ է․ Տեր Աստծու օրհնությունն է գալիս այն ժողովրդի ու երկրի վրա, որտեղ հայրերի ու որդիների հարաբերությունները բժշկված են և համահունչ Տեր Աստծու սահմանած չափանիշներին։ Եվ նույնքան հստակ է, որ Տեր Աստծու պատիժն է գալիս այն երկրների ու ժողովուրդների վրա, որտեղ թշնամանք ու ատելություն կա ծնողների ու զավակների հարաբերություններում։
Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, մենք միաբանվում ենք մեր երկրի ու մեր ժողովրդի մեջ ծնողների ու զավակների հարաբերությունների բժշկության համար։ Աղոթում ենք, որպեսզի ապաշխարության հոգի իջնի բոլոր այն ծնողների վրա, որոնք խնդիրներ ունեն իրենց երեխաների հետ, որպեսզի տեսնեն սեփական սխալները և ապաշխարեն դրանցից։ Եվ նաև, որ նույն ապաշխարության հոգին իջնի բոլոր զավակների վրա, որոնք չարություն ունեն իրենց սրտերի մեջ իրենց ծնողների կամ ծնողներից մեկի հանդեպ։ Թո՛ղ ներում և ապաշխարելու որոշում գա բոլոր վիրավորված սրտերի մեջ։ Թո՛ղ բժշկվեն հարաբերությունները, և հայրերի ու որդիների սրտերը դեպի իրար դառնան, որպեսզի Տեր Աստծու օրհնությունը գա մեր երկրի ու մեր ժողովրդի մեջ։ Աղոթում ենք Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը