Այսօր շարունակում ենք Աստված բժշկություն է պատրաստել քո ընտանիքի համար անվանումը կրող ուղերձների մեր շարքը։ Այո՛, աշխարհով մեկ բազմաթիվ ընտանիքներ և ընտանիքի ներսում առկա հարաբերություններ կարիք ունեն գերբնական բժշկության։ Իսկ ինչպե՞ս է գալիս այդ բժշկությունը։ Ի՞նչ կարող ես անել, որպեսզի Տիրոջ պատրաստած բժշկությունը իրական դառնա քո ընտանիքում և ամուսնության մեջ։
Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ իրական քրիստոնեական ընտանիքներում առկա անձերի թիվը միշտ մեկով ավելի է։ Սա կիսով չափ կատակ է հնչում, սակայն բացարձակ ճշմարտություն է, քանի որ Տեր Հիսուսը մշտապես ներկա է այն ընտանիքներում, որտեղ ընտանիքի անդամներից գոնե մեկն Իր ճշմարիտ աշակերտն է։
Տերը մշտապես ներկա է մեր ընտանիքներում և ուշիուշով հետևում է մեր ապրելակերպին, խնդիրների ու մեր հանդեպ վատ վերաբերմունքի ժամանակ մեր արձագանքին և այն պարտականությունների կատարմանը, որոնք Ինքն է սահմանել Իր հավատարիմ աշակերտների համար ընտանեկան հարաբերությունների ու մեր ունեցած պատասխանատվության առումով։
Երբ հավատացյալ կինը չի կատարում իր ընտանեկան պարտականությունները, Աստծո Խոսքը նրան կոչում է հավատն ուրացած և անհավատից էլ չար (տե՛ս Ա Տիմոթեոս 5.7 խոսքը)։ Իսկ երբ տղամարդը պատշաճ կերպով չի կրում իր վրա դրված ընտանեկան պատասխանատվությունը, ապա Աստվածաշունչը թույլ չի տալիս նման տղամարդուն ծառայել եկեղեցում և պատասխանատու լինել մյուսների համար (Ա Տիմոթեոս 3.5 խոսքը): Ավելին, նման տղամարդու աղոթքներն անգամ լսելի չեն Աստծուն (Ա Պետրոս 3.7 խոսքը):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ընտանիքը քո պատասխանատվությունն է։ Աստված մեզ դրել է, որպեսզի ամեն ջանք գործադրենք ընտանիքում խաղաղության և ապահովության միջավայր ստեղծելու համար։ Իհարկե, միշտ չէ, որ դա մեր մոտ ստացվում է։ Ավելին, հաճախ նաև մեր ջանքերը չեն գնահատվում ընտանիքի մյուս անդամների կողմից։ Եվ հենց այստե՛ղ է, որ մենք պետք է հիշենք Տեր Հիսուսի ներկայության մասին։
Առողջ է այն ամուսնությունը և ամուր է այն ընտանիքը, որի հիմքը Տեր Աստծու Խոսքն է։ Իսկ Աստծու Խոսքը մեզ սովորեցնում է բարիք անել մեր հանդեպ չար վարմունք ունեցողներին, ներել այնպես, ինչպես կուզեինք, որ Տերը մեզ ներեր, իրար հետ խոսել քաղցրությամբ և խաղաղության տանող խոսքերով, հոգ տանել դիմացինի համար և բարկանալիս էլ անմիջապես ապաշխարել ու հաշտվել միմյանց հետ։
Հնարավո՞ր է արդյոք նման կյանքով ապրել։ Այո՛, եթե չմոռանանք, որ Տերը մեր մեջ է և փնտրում է մարդկանց, որոնք անգամ ամենադժվար պահերին իրենց հույսն Աստծու վրա են դնում և ջանք են անում Նրա Խոսքի համեմատ վերաբերմունք դրսևորել մյուսների հանդեպ։
«․․․որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են Իրեն․․․» (Բ Մնացորդաց 16.9):
Աստված այսօր ուզում է զորացնել քեզ, որպեսզի քո ընտանեկան պարտականությունների հարցում կատարես Ի՛ր կամքը և հնազանդվես Ի՛ր Խոսքին։ Իսկ դու փափագո՞ւմ ես ընդունել Նրա զորությունը, որը քեզ կմղի Աստծու Խոսքին հնազանդության կյանքի․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը