Տեր Աստծուն ծառայելը մեծագույն պատիվ և արտոնություն է։ Սակայն ծառայելուց ավելի կարևոր է Նրա կամքի մեջ ապրելը։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծու կամքը մեր կյանքերի համար մեր սրբությունն է (տե՛ս Ա Թեսաղոնիկեցիս 4.3 խոսքը)։ Տեր Հիսուսն Ինքն էր սովորեցնում, որ Իրեն ծառայող, բայց անօրենության կյանքով ապրող ծառայողներին դատաստանի օրն ասելու է «Հեռու գնացե՛ք Ինձնից, Ես ձեզ չեմ ճանաչում» խոսքերը (տե՛ս Մատթեոս 7.23 խոսքը)։
Սիրելի՛ բարեկամ, իսկ դու փափագո՞ւմ ես Տեր Աստծու առջև սրբության կյանք ունենալուն։ Գիտե՞ս արդյոք, որ մեր բարի ու մեզ անսահման մեծ սիրով սիրող մեր երկնային Հայրը երբե՛ք մեզնից չի պահանջի մի բան, որն անհնարին է։ Կա մի մոլորություն, որն ուսուցանում է, թե ոչ ոք չի կարող սրբության կյանք ունենալ և արդարության կյանքով ապրել։ Այո՛, ոչ ոք չի կարող, եթե Աստված Իր Հոգով չօգնի ու չզորացնի մարդուն։ Սակայն Քրիստոսի ճշմարիտ աշակերտներիս համար անհնարինը դառնում է հնարավոր, քանի որ Քրիստոսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է մեր մեջ (տե՛ս Հռոմեացիս 8.11 խոսքը)։
«Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։ Բայց Տերը հավատարիմ է. Նա ձեզ կհաստատի և կպահի չարից։ Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։ Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 3.1-5)։
Հնազանդությունը սրբության տանող ճանապարհն է։ Սրբությունը անսխալականությունը չէ, ինչպես ոմանք թյուրիմացաբար կարծում են։ Սրբությունը Աստծու Խոսքին ու Նրա կամքին հնազանդության փափագն է։ Քրիստոսի աշակերտը խավարի մեջ ապրող անապաշխար մարդուց տարբերվում է հե՛նց հնազանդության փափագով։
Մեղք գործում են և՛ լույսի որդիները, և՛ խավարի որդիները։ Չկա՛ մարդ, որ բացարձակապես ազատ լինի մեղք գործելուց։ Սակայն լույսի որդիները զղջում են իրենց գործած մեղքերի համար, խոստովանում դրանք, ապաշխարում դրանցից և արյուն թափելու չափ պայքարում մեղքի դեմ։ Իսկ խավարի որդիները սիրում են մեղքը, արդարացնում իրենց գործած մեղքերը և թաքցնում դրանք, որպեսզի ոչ ոք չիմանա ու չնկատի։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը մեղքի հանդեպ։ Արդյոք Աստծուն ծառայելու քո փափագը բխո՞ւմ է Նրա սիրտն ուրախացնելու քո ցանկությունից, թե՞ ավելի շատ ձգտում ես մարդկանց գովասանքին ու գնահատանքին արժանանալուն։ Եթե Աստծուն ծառայելու քո մղումը բխում է Նրա հետ ունեցած քո մտերմությունից և Նրա սիրտն ուրախացնելու քո փափագից, ապա պետք է իմանաս այս անխախտ ճշմարտութունը՝ ցանկացած ծառայությունից առավել Աստված նախ քո մեջ ուզում է տեսնել Իր կամքին հնազանդության փափագը, որը տանում է դեպի սրբություն։
«Այսուհետև, եղբայրնե՛ր, Տեր Հիսուսով աղաչում ենք ձեզ և հորդորում, որ ինչպես մեզանից սովորեցիք, թե դուք ինչպե՛ս պետք է ընթանաք ու Աստծուն հաճո լինեք, ինչպես որ ընթանում էլ եք, որ է՛լ ավելի առաջանաք։ Գիտեք, թե Տեր Հիսուսով ինչպիսի՛ պատվերներ տվեցինք ձեզ։ Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը․․․» (Ա Թեսաղոնիկեցիս 4․1-3):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը