Լսե՞լ ես արդյոք նման արտահայտություն՝ ճակատամարտը տանուլ տալ նախքան այն սկսելը։ Այս արտահայտությունը կարող է քեզ զարմացնել, սակայն եթե դու քո ամբողջ սրտով վստահում ես Տեր Աստծուն և որոշում ես կայացրել այսուհետև ապրելու Տեր Հիսուսի աշակերտի կյանքով, ապա քեզ համար լավ նորություն կա՝ Աստված տիրում է քո կյանքի ցանկացած իրավիճակում և Նրա իշխանությունից ոչ մի իրավիճակ չի կարող դուրս մնալ։
Սիրելի՛ բարեկամ, հե՛նց այդ պատճառով էլ կարող եմ վստահ հայտարարել, որ քո ճակատամարտն արդեն իսկ տանուլ է տրված նախքան այն սկսելը ոչ թե քո՛, այլ քո թշնամու համար։
«․․․իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց Նրանով» (Կողոսացիս 2.15)։
Առաջ ընթացի՛ր քո ողջ ուժով ու զորությամբ՝ քո շրջապատի մարդկանց վկայելով, որ Տեր Աստծու Խոսքը ճշմարիտ է, իսկ Նրա խոստումները՝ իրական։ Մեր հաղթանակները լավագույն ավետարանչությունն են։ Մարդկանց գրավում են հաղթող մարդիկ։ Իսկ Աստված արդեն իսկ ապահովել է մեր հաղթանակը հոգևոր ցանկացած ճակատամարտում։ Տեր Աստծո խոստումները լավագույն հիմքն են այդ հաղթանակների համար։ Ընդամենը պետք է բավարարել այդ խոստումներին տիրանալու պայմաններին։ Իսկ դրա համար պետք է ոչ միայն ընթերցել Աստծո Խոսքը, այլև՝ ուսումնասիրել այն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո հաղթանակների գրավականը հավատարմությունն է Տիրոջ կամքին և Նրա Խոսքի սկզբունքներին։ Շատերը փորձում են առանց հավատարմության հաղթել հոգևոր ճակատամարտերում։ Արդյունքը լինում է ջախջախիչ պարտությունն ու փլուզված կյանքը։ Վստահի՛ր Աստծուն։ Նրա հաղթանակները հավատարիմների համար են։ Հավատարի՛մ մնա Տեր Հիսուսի խոսքերին և կտեսնե՛ս, թե ինչպես ես դառնում այս կյանքում վստահ հաղթանակներ տոնող մեկը․․․
«Այդժամ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8․31-32):
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Իմ բարի և հաղթող Աստվա՛ծ, շնորհակալ եմ Քո ամբողջական և լիակատար հաղթանակի համար, որն իմ ներաշխարհը լցնում է արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ: Տե՛ր, շնորհակալ եմ ինձ շնորհած Քո թանկ փրկության համար և Քո զավակը կոչվելու ու Քեզ պատկանելու ուրախության համար: Շնորհակալ եմ, որ Քո Խոսքին հավատարիմ մարդկանց հնարավորություն ես տալիս Քո աշակերտները դառնալու։ Քո սերը սահման չունի, իմ Տե՛ր։ Դու Քո աշակերտներին սովորեցնում ես հաղթելու հմտությունները, և ինձ Քո աշակերտը դարձնելը վերջ դրեց իմ կյանքում մեղքի ու մահվան զորությանը և բացեց հավիտենական կյանքի դռներն իմ առջև: Ես երկրպագում եմ Քեզ և փառաբանում, քանի որ Քո շնորհիվ իմ կյանքի թշնամին մշտապես պարտված է: Գոհանում եմ և աղոթում Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը