Novmeber-17

Գլխավոր | Հրաշքներ | Սրբության արդարությունը քո անցաթուղթն է դեպի Աստծու խորանը

Սրբության արդարությունը քո անցաթուղթն է դեպի Աստծու խորանը

Այսօր ավարտում ենք «Հանի՛ր հին մարդուն և հագի՛ր նոր մարդուն» անվանումը կրող շարքը, որը հիմնված էր Եփեսացիս 4․22-24 հատվածի ուսումնասիրության վրա։ Հուսով եմ՝ այն օրհնություն էր քեզ համար և իրական օգնություն` քո հոգևոր ամրացման և հավատքի կյանքում հաստատուն ու հաղթական ընթացքի համար։ Եվս մեկ անգամ ընթերցե՛նք այս հրաշալի հատվածն Աստվածաշնչից․

«…հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է» (Եփեսացիս 4․22-24

Սիրելի՛ բարեկամ, շատ քրիստոնյաների համար սրբությունը և սրբության կյանքով ապրելն ավելի շուտ անհնարին մի բան է, քան Տեր Աստծու շնորհած պարգևներից մեկը։ Շատերն են կարծում, թե ոչ ոք չի կարող ապրել այնպիսի կյանքով, որն Աստված է ակնկալում իրենցից։ Ոմանք այս մոլորված ու Աստվածաշնչին հակասող կարծիքի մեջ այնքա՜ն են խորացել, որ նույնիսկ վստահ են, որ Աստված իրենցից պահանջում է ապրել մի կյանքով, որը ոչ մի մարդ չի կարող ապրել։ 

Սուրբ Հոգով լցված Պողոս առաքյալն այս պնդումն է անում Ա Թեսաղոնիկեցիս 4․2-3 հատվածում․ «Գիտեք, թե Տեր Հիսուսով ինչպիսի՛ պատվերներ տվեցինք ձեզ։ Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը․․․»։

Աստված բարի Հայր է, Նա սիրում է մեզ և Իր ամենաթանկը՝ Իր միածին Որդուն չի խնայել, որպեսզի Գողգոթայի խաչի վրա Նրա զոհով մեզ շնորհի հավիտենական կյանքի պարգևը։ Ինչպե՞ս կարող է մեր հանդեպ այսպիսի սեր ու հոգատարություն ունեցող Հայրը պահանջել մի բան, որն անհնարին է։

Սրբության կյանքով ապրելը ո՛չ միայն հնարավոր է, այլև Տեր Աստծու պահանջն է ու ակնկալիքը յուրաքանչյուր քրիստոնյայից։ Աստվածաշունչն ասում է, որ մեր երկնային Հայրը խրատում ու դաստիարակում է մեզ, և այդ դաստիարակության ու խրատի նպատակը մեզ սրբության մեջ հաստատելն է։

«Որովհետև սրանք (մեր երկրային հայրերը) մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց Նա (մեր երկնային Հայրը)՝ մեր օգուտի համար, որպեսզի Նրա սրբությանը հաղորդակից լինենք։ Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիս 12.10,14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, սրբությունն անսխալական կյանքը չէ։ Սրբության կյանքով ապրելը չի նշանակում ապրել անսայթաք ու առանց մեղքի։ Իրական սրբությունը, որն Աստված է մեզնից ակնկալում, Աստվածաշնչի շնորհիվ Աստծու բարի, հաճելի ու կատարյալ կամքը ճանաչելն է և այդ կամքին հակառակվող մեղքի ցանկացած դրսևորման հանդեպ արյուն թափելու չափ պայքարելն է (տե՛ս Եբրայեցիս 12.4 խոսքը)։ Իրական սրբությունը Աստծուն հաճեցնելու փափագով ապրելն է և Տեր Հիսուս Քրիստոսի արյան սրբագործումն ընդունելը։ 

«Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․7-9):

Ահա այսպիսին է նոր մարդը, որ ստեղծված է Տեր Աստծու պատկերով ու նմանությամբ։ Նա սրբությունը պահում է իր սրտում և Աստծու հանդեպ ունի սրբության ու երկյուղի վերաբերմունք։ Սուրբ կյանքով ապրող մարդը երբե՛ք չի սիրում մեղքը, չի արդարացնում այն և չի թաքցնում, այլ բերում է լույսի մեջ՝ խոստովանում է և ապաշխարում։ 

Աղոթում եմ, որ այս ուղերձների շարքը օգնի քեզ քո վրայից հին ընթացքն ունեցող մարդու՝ հնամաշ ու մեղքով աղտոտված հանդերձները հանելու և նոր մարդուն իր սրբության հանդերձներով հագնելու հարցում։ Տերը շուտով վերադառնում է, և մենք՝ Նրան սպասողներս, պետք է Փեսային դիմավորենք սրբության հանդերձներով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: