Novmeber-12

Գլխավոր | Հրաշքներ | Մեր ամենամեծ թշնամին մեր խաբուսիկ ցանկություններն են

Մեր ամենամեծ թշնամին մեր խաբուսիկ ցանկություններն են

Մենք շարունակում ենք «Հանի՛ր հին մարդուն և հագի՛ր նոր մարդուն» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Եփեսացիս 4․22-24 հատվածի ուսումնասիրության վրա։

«…հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է» (Եփեսացիս 4․22-24

Սիրելի՛ բարեկամ, երեկ խոսեցինք Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդու հին և նոր բնույթների մասին։ Աստված Իր խոսքի մեջ Պողոս առաքյալի շուրթերով մեզնից յուրաքանչյուրին ուսուցանում է հին մարդուց ազատվելու և նորը հագնելու կարևորության մասին։ Երեկ նաև քննարկեցինք ու հասկացանք, որ այս կարևորագույն գործը պետք է անենք մենք ինքներս։ 

Սակայն ինչպե՞ս տարբերել մեր հին բնույթը և ինչպե՞ս զանազանել հին մարդուն։ Աստվածաշունչն ասում է, որ հին մարդն ապականված է խաբուսիկ ցանկություններով։ Այսօրվա կարևորագույն դասն այն է, որ յուրաքանչյուրս կարողանա զանազանել, երբ իր մեջ բարձրանում է հին մարդու ձայնը։ 

Օրինակ՝ հարստանալու ցանկությունը, որն այսօր այնքա՜ն մարդկանց է գցում չարի պատրաստած ծուղակների մեջ և, ի վերջո, կործանում՝ կա՛մ դարձնելով խաղամոլ, կա՛մ խաբեբա, կա՛մ մյուսների հաշվին ապրող մեկը, կա՛մ էլ լավագույն դեպքում հարուստ մարդ, որն ավելի շատ ապրում է այս աշխարհի հաճույքներով, քան Աստծու կամքին հնազանդության վայելքով։ Սակայն այս խաբուսիկ ցանկության՝ ամենամեծ թվով զոհերը այդպես էլ չհարստացած մարդիկ են, որոնք ապրում են ձախողման հիասթափության ճնշող բեռի ներքո և ընկնում տարբեր կապանքների, մեղքերի ու կախվածությունների մեջ։ 

«Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին։ Իսկ ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոգայթի և բազում անմիտ, վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում են կործանումի և կորստյան մեջ» (Ա Տիմոթեոս 6․9-10

Մեկ այլ խաբուսիկ ցանկություն է փառքի ձգտելը։ Հին մարդը՝ մարդու հին բնույթը, իշխելու անհագ փափագ ունի։ Նա ուզում է բոլորին ծառայեցնել իրեն, վերահսկել մարդկանց ու կառավարել նրանց։ Այս աշխարհն իշխելու բազմաթիվ կերպեր է առաջարկում ու սովորեցնում։ Սակայն նոր մարդը՝ այն նոր բնույթը, որ մեզ տրված է Քրիստոսով, փափագում է մարդկանց ծառայելուն՝ անկախ նրանց արձագանքից, երախտագիտության դրսևորումից կամ դրա բացակայությունից։ Տեր Հիսուսն Իր օրինակը մեզ թողեց և ասաց, որ մեր մեջ ամենամեծը նա է, ով ծառայում է մյուսներին (տե՛ս Ղուկաս 22.27 խոսքը)։ 

Խաբուսիկ ցանկությունները շատ են, սակայն ևս մեկի մասին զգուշացնեմ, որպեսզի մենք կարողանք տարբերել ու զանազանել, երբ մեր ներսում սկսի հնչել հին մարդու ձայնը։ Մարմնի և աչքի ցանկությունները, որոնք հակասում են Աստծու Խոսքի հաստատած սկզբունքներին, հին մարդու դրսորումներն են։ Իրականում, մեր մարմնի ցանկությունները ստեղծված են Տիրոջ կողմից։ Սակայն Տերը նաև սահմանել է, թե երբ են դրանք մեղք և երբ՝ օրհնություն։ Մեր հին բնույթն ապստամբում է Աստծու Խոսքի դեմ և փորձում այն շրջանցելով բավարարել մարմնի ու աչքի ցանկությունները։ Մեր նոր բնույթը փափագում է սպասել ու վայելել Աստծու օրհնությունն ու պարգևները՝ Տեր Աստծու սահմանած սկզբունքներին համահունչ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, արդյոք դու զանազանո՞ւմ ես քո մեջ հին և նոր մարդու ձայները։ Այլ կերպ ասած՝ քո մարմնավոր ու հոգևոր բնույթը միշտ պատերազմի մեջ են։ Դու կարողանո՞ւմ ես ճնշել ու լռեցնել մարմնավոր ցանկություններդ և հնազանդեցնել կամքդ հոգևոր սկզբունքներին, որոնք բխում են Տեր Աստծուն հաճեցնելու մեծագույն փափագից։ 

Ուզում եմ այսօր հիշեցնել ու հորդորել քեզ, որ սովորես Աստծու Սուրբ Հոգու ուղղորդմամբ և Աստվածաշնչի օգնությամբ զանազանել հին մարդու խաբուսիկ ցանկությունները։ Դրանք ապականություն են բերում ցանկացած մարդու կյանքի մեջ։ Բայց մյուս կողմից՝ միայն պատկերացրու, թե ինչպիսի՜ օրհնություն է Աստված պատրաստել Իր այն զավակների համար, որոնք իրենց վրայից հանում են խաբուսիկ ցանկություններով ապականված հին մարդուն և հագնում նորը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: