Novmeber-1

Գլխավոր | Հրաշքներ | Արդարների կյանքը լի է Տեր Աստծու լույսով

Արդարների կյանքը լի է Տեր Աստծու լույսով

Մենք շարունակում ենք «Աստված պաշտպանում է Իր զավակներին» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Սաղմոս 97․10-11 հատվածի ուսումնասիրության վրա։

«Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. Նա պահում է Իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար» (Սաղմոս 97:10-11

Սիրելի՛ բարեկամ, նախորդ մի քանի օրերի ընթացքում մենք խոսել ենք Տեր Աստծու գերբնական պաշտպանության տակ լինելու խոստման պայմանների մասին։ Ուզում եմ հայտնել քեզ, որ մենք աղոթում ենք քեզ համար, որպեսզի քո կյանքը փոխվի, փոխակերպվի քո սիրտն ու Աստծու կամքին ու Նրա պահանջներին հնազանդվելու մի մեծ փափագ առաջանա քո սրտում։ Այդ դեպքում թե՛ նախորդ օրերի ու թե՛ այսօրվա զորավոր խոստումն իրականություն կդառնա քեզ համար, և քո կյանքը կլցվի Տիրոջ ուղարկած բժշկարար լույսով։ 

«Լույս է ծագում արդարի համար․․․»։ Տեր Հիսուսն Ինքն էր երանելի համարում այն մարդկանց, որոնք քաղցած ու ծարավ են արդարության (տե՛ս Մատթեոս 5։6 խոսքը)։ Քաղցը և ծարավը Աստծու կողմից մեր մեջ դրված զգացողություններ են, որոնք ապահովում են մեր կենսագործունեությունը և սննդի ու ջրի պակասի դեպքում մեզ տառապանք են պատճառում՝ մեզ ստիպելով գործել ու որոնել դրանք, որպեսզի չթուլանանք, չտկարանանք ու չմահանանք։

Նույն կերպով՝ երանելի՜ է այն մարդը, որը հոգևոր քաղց ու ծարավ է զգում դեպի արդարությունը՝ թե՛ իր կյանքում, թե՛ իր շրջապատի մարդկանց կյանքերում, և թե՛ այն հասարակության մեջ, որում ապրում է։ Այսպիսի մարդկանց համար Աստված մի առանձնահատուկ օրհնություն ունի պատրաստած։ Նա Իր լույսն է ուղարկում և լուսավորում ամեն խավար, որ այցելել է ու պատել արդարության փափագով ապրող Իր զավակներին։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե քեզ շրջապատել է հուսահատության և անհանգստության խավարը․․․, եթե հիվանդության ու հարաբերությունների ճգնաժամ է քո կյանքում․․․, եթե անհասկանալի ու անելանելի իրավիճակում ես հայտնվել, ապա այսօր հենց քե՛զ համար է այս ուղերձը։ Դո՛ւ, որ սիրում ես Աստծու կամքը և քաղցած ու ծարավ ես արդարության ու Տիրոջ կամքին հնազանդ կյանք ապրելուն, լսի՛ր այսօր Տիրոջ խոսքը, որ հենց քե՛զ համար է․ «Բայց ձեզ համար, որ Իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և նրա թևերին՝ բժշկություն» (Մաղաքիա 4։2

Լույս՝ ամեն խավար իրավիճակի մեջ․․․ Արդարության արեգակ, որի թևերին բժշկություն կա․․․ Սա՛ է Տեր Աստծու խոստումն աստվածավախ մարդկանց համար։ Ե՛կ այսօր ևս քննենք մեր անձերը, մեր ապրած կյանքը, մեր արժեհամակարգն ու ապրելակերպի սկզբունքները և վստահե՛նք մեր բարի ու ողորմած Աստծուն մեր ողջ էությամբ։ 

Աղոթում եմ, որ այսօր Տիրոջ ուղարկած լույսը բժշկություն բերի քո կյանքի և քո բոլոր հարաբերությունների մեջ, որ դու ինքդ դառնաս Նրա լույսը և լուսավորես խավարի մեջ ապրող քո շրջապատի մարդկանց կյանքերը։ Օրհնյալ և Աստծու ուղարկած լույսով լուսավորված օր եմ մաղթում քեզ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: