Սիրելի՛ բարեկամ, մենք շարունակում ենք «Ազատագրում հուսահատությունից» շարքի ուսումնասիրությունը, որը հիմնված է Սաղմոս 42․5-6 հատվածի վրա:
«Ինչո՞ւ ես տրտմած, ո՛վ իմ անձ և խռովված ես ինձանում։
Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ո՛վ իմ Աստված, իմ անձը տրտում է ինձանում, դրա համար էլ հիշում եմ Քեզ Հորդանանի երկրից և Հերմոնից և Փոքր սարից» (Սաղմոս 42․5-6):
․․․Դրա համար էլ հիշում եմ Քեզ։
Մի անգամ մի պատմություն կարդացի դպրոցի ուսուցչի մասին, որը գրել էր գրատախտակի վրա 9 թվի բազմապատկման աղյուսակը հետևյալ կերպ՝
9×1=7
9×2=18
9×3=27
9×4=36
9×5=45
9×6=54
9×7=63
9×8=72
9×9=81
9×10=90
Ավարտելուց հետո նա շրջվում է դեպի աշակերտները, իսկ նրանք բոլորը ծիծաղում էին, քանի որ բազմապատկման առաջին տողը սխալ էր: Սակայն նա միտումնավոր էր սխալ գրել։ Ուսուցչուհին աշակերտներին բացատրեց, որ թեև ինքը տասը տողից միայն մեկն էր սխալ գրել, դա բավական էր, որպեսզի աշակերտները ծիծաղեին իր վրա։ Նա զգուշացրեց աշակերտներին, որ աշխարհը հենց այդպես է վերաբերվելու նրանց վարքագծին ու գործերին՝ կենտրոնանալով այն սակավաթիվ սխալների վրա, որ նրանք թույլ կտան, այլ ոչ թե բազմաթիվ լավ բաների, որոնք կիրագործեն իրենց կյանքում։ Այս նկարագրությունից հետո ուսուցչուհին խորհուրդ էր տվել աշակերտներին միշտ մնալ ուժեղ և միշտ վեր լինել քննադատություններից, ծաղրական ակնարկներից ու մեկնաբանություններից։
Մենք կարող ենք նաև զուգահեռ անցկացնել այս ազդեցիկ պատմության և մեր հավատքի կյանքի միջև: Արդյոք մե՞նք էլ հակում ունենք մոռանալու այն բոլոր բարի բաները, որ Աստված է արել մեզ համար, և կենտրոնանալու մեր կյանք եկած վշտի, ցավի, հիվանդության և թախիծի դրսևորումների վրա։ Նման իրավիճակներում դեպի ո՞ր կողմ ենք ուղղում մեր մտքերը:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե այսօր քո հոգին ընկճվել է, և դու գտնվում ես հուսահատեցնող իրավիճակում, ապա քեզ քաջալերում եմ անել այն, ինչ արեց Դավիթը՝ հիշել Տեր Աստծու քաղցրության և Նրա բարության մասին:
Սաղմոսերգուն գրում է. «Բայց ես ասում եմ. «Սա իմ ցավն է. փոխելը Բարձրյալի ձեռքին է»։ Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության Քո հրաշքները։ Քննում եմ Քո բոլոր գործերը և մտաբերում եմ Քո արածները» (Սաղմոս 77.10-12):
Աստվածաշունչը նաև Երեմիայի Ողբերում ասում է. «Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է Քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես Նրան եմ հուսալու» (Երեմիայի Ողբերը 3․21-24)։
Հիշողության մեջ ուժ կա: Այսօր, եթե ցանկանում ես, քո կյանքում Տեր Աստծու արած բարիքների ցուցակը կազմի՛ր քեզ համար և մտածի՛ր հենց դրանց մասին: Ե՞րբ է Նա օգնել, բժշկել կամ ազատել քեզ: Արդյոք Նրա սերն ու բարությունը դրսևորումներ ունեցե՞լ են քո կյանքում: Ի՞նչ հրաշքներ է Նա արել քեզ համար:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, մեծ է մեր Տեր Աստծու հավատարմությունը մեր հանդեպ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը