Սիրելի՛ բարեկամ, կարծում եմ՝ այսօր շատերն են ճանաչում առանց ձեռքերի ու ոտքերի ծնված Նիք Վույչիչին։ Նա այսօր աշխարհահռչակ ավետարանիչ է և տարածում է Քրիստոսի Բարի Լուրը տարբեր երկրներում և տարբեր ազգերի մեջ։ Մի առիթով նա պատմում էր, որ մի տեսիլքի մեջ տեսել է իրեն` Աստծու դատաստանի առջև իր մահվանից հետո: Նա ինքն իրեն տեսել է այս տիեզերքի մեծագույն Դատավորի՝ Տեր Աստծո առջև կանգնած։ Այնտեղ նա տեսել է նաև բազմաթիվ մարդկանց, որոնք մեղադրում էին իրեն և հերթով թվարկում իր գործած մեղքերը։ Եվ նրանք չէին ստում ու չէին չափազանցում: Նա բազմաթիվ մեղքեր էր գործել իր կյանքի ընթացքում: Նիքը տեսնում էր, որ ինքն արժանի չէ դրախտի: Արժանի չէ հավիտենական կյանքի: Նա մեղավոր էր: Նրա բաժինը դժոխքն էր․․․
Հետո Նիքը պատմում է, որ տեսել է Տեր Հիսուսին՝ իր կողքին կանգնած, Ով ասել է հետևյալը․ «Այո՛, Հայր, Նիքը մեղավոր է: Բայց 15 տարեկանում նա իր կյանքը հանձնել է Քեզ: Նա հավատացել է, որ Դու ես Ինձ երկիր ուղարկել, որպեսզի խաչի զոհով վճարեմ իր մեղքերի համար և Նա ինձ խնդրել է ներել իր գործած բոլոր մեղքերը: Այո՛, Հայր, այդ ամենից հետո նա անկեղծորեն ձգտել է ապրել Քո կամքի համեմատ։ Նա շատերին է պատմել Իմ մասին և մեղքերի ներման ու փրկության Բարի Լուրը փոխանցել նրանց: Նիքի բոլոր մեղքերը ներված են, քանի որ Ես մահացել եմ այդ մեղքերի համար և վճարել եմ դրանց գինը։ Եվ Իմ զոհը գործում է Նիքի համար, քանի որ նա հավատացել է Ինձ, Իմ արած գործին և Իմ ուսուցանած ճշմարտություններին»: Տեր Հիսուսի այս խոսքերից հետո Հայր Աստված շրջվում է դեպի Նիքն ու ասում. «Բարի գալուստ տուն, զավա՛կս»:
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, նկատեցի՞ր, որ Տեր Հիսուսը պաշտպանում է Նիքին և ասես նրա կողմից է խոսում։ Այո՛, Նա քո կողմից է և քո կողմից է լինելու նաև Երկնքում, եթե դու էլ Նիքի նման հավատաս Նրա խոսքերին ու ապրես Նրա համար։ Նա թե՛ այս կյանքի ընթացքում, և թե՛ երկնային դատաստանի ժամանակ կկանգնի քո կողքին ու կպաշտպանի քեզ, երբ սկսեն խոսել քեզ մեղադրողները:
Եվ քանի որ դու հավատում ես Տեր Հիսուսին, ապա վստահաբար կարող ես հույսդ Նրա վրա դնել։ Եթե հավատում ես խաչի վրա կատարած Նրա զոհին ու Նրա ուսուցանած ճշմարտություններին, ապա դո՛ւ էլ մի օր լսելու ես, թե ինչպես է Հայր Աստված քեզ ուղղում հետևյալ խոսքերը․ «Բարի գալուստ տուն, զավա՛կս»: Միայն պատկերացրու, թե ինչպիսի՜ ուրախություն և ցնծություն կլինի այդ ժամանակ…
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը