September3

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ եթե քո գործած սխալը քեզ է՛լ ավելի առաջ մղելու համար գործածվեր․․․

Իսկ եթե քո գործած սխալը քեզ է՛լ ավելի առաջ մղելու համար գործածվեր․․․

Սիրելի՛ բարեկամ, իսկ ինչպե՞ս ես արձագանքում, երբ հենց դո՛ւ ես սխալ թույլ տալիս: Օրինակ`

  • Երբ կարևոր նամակ ես ուղարկում սխալ մարդու,
  • Կամ բարկությունդ թափում ես երեխայիդ վրա,
  • Կամ մոռանում ես ժամանակին կատարել որևէ կարևոր վճարում,
  • Կամ մոռանում ես որևէ մեկին շնորհակալություն հայտնել նրա արած կարևոր մի բանի համար,
  • Եվ այլն։

Հիմնականում, մենք մեր սխալներին ճիշտ չենք վերաբերվում։ Այդ պատճառով էլ շատ հաճախ մեր ուսերին ծանրանում է մեղավորության զգացումը: Բայց եթե մենք մի պահ սթափ մտածենք, ապա կհասկանանք, որ մեր սխալները կարող են անգամ բարի հետևանքներ ունենալ։ Եթե դրանց հանդեպ ճիշտ մոտեցում ունենանք, ապա սխալները մեզ կարևորագույն դասեր կփոխանցեն ու կօգնեն ավելի ու ավելի կատարելագործվելու հարցում: Ինչ-որ մեկը մի անգամ ասել է. «Սխալներ թույլ տալը նշանակում է անցնել արագացված դասընթացը»։

Այսօր փորձի՛ր այլ կերպ նայել քո սխալներին։ Ընդունի՛ր դրանք որպես ավելին սովորելու հնարավորություններ։ Չէ՞ որ մենք սովորում ենք սխալվելով։ Մի՛ մեղադրիր ու դատապարտիր քեզ դրանց համար, բայց ո՛չ էլ հաշտվիր դրանց հետ ու համարիր դրանք քո կյանքի նորմալ ընթացքի մի մասը։ Փոխարենը փորձի՛ր անկեղծորեն դասեր քաղել դրանցից և ավելի զգոն ու ուշադիր լինել, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն քո կյանքում։ 

Աստվածաշնչում կարդում ենք․ «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար» (Հռոմեացիս 8․1):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, թող ոչինչ այլևս քեզ մեղավորության ծանր բեռի տակ չդնի և ոչ էլ դատապարտության զգացում ծանրացնի սրտիդ քո այս կամ այն սխալի պատճառով: Քո սխալները նրա համար չեն, որ դու դատապարտես քեզ կամ քեզ մեղավոր զգաս: Դրանք քեզ օգնում են Տեր Աստծու կամքին հնազանդվելն ավելի արագ սովորելու հարցում: 

Սխալների հանդեպ ճիշտ մոտեցումը ապաշխարությունն է։ Դու պետք է որոշում կայացնես, որ դրանք շտկելու համար քո ողջ ջանքերը կներդնես և Տեր Աստծուց գերբնական օգնություն կխնդրես։ Մի ընկճվի՛ր, այլ բարձրացրո՛ւ գլուխդ և Տեր Աստծուց ընդունի՛ր քո բաժին ողորմությունն ու ներումը՝ ինքնադատապարտության ու մեղավորության զգացումի ծուղակի մեջ ընկնելու փոխարեն:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: