Սիրելի՛ բարեկամ, այսօր և առաջիկա մի քանի օրերին առաջարկում եմ միասին խորհել Երեմիա 29․11 խոսքի շուրջ։ Այս խոսքը շատ հայտնի է և նաև իմ ու շատ այլ հավատացյալների շատ սիրելի աստվածաշնչյան խոսքերից է․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ»։
Մի քանի օր մենք միասին մանրամասնորեն կուսումնասիրենք այս հրաշալի խոսքը՝ դրանից դասեր քաղելով և ձեռք բերելով սկզբունքներ, որոնց օգնությամբ կզորանանք հավատքի մեջ։
Եվս մեկ անգամ ընթերցե՛նք․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11)։
Այսպիսով, ի՞նչ խորհուրդների մասին է խոսքն այստեղ։ Ե՛կ միասին փորձենք գտնել պատասխանը․․․
Սկսենք նրանից, որ Աստված ճանաչում է քեզ և կատարելապես գիտի քեզ՝ ցանկություններդ, ծրագրերդ, վախերդ և այն ամենը, ինչն անհնար է թվում քեզ։ Նրան հայտնի է քո գլխի մազերի թիվն անգամ, և Նա սիրում է քեզ քո բոլոր թերություններով հանդերձ։
Ահա՛ թե ինչ է ասում Աստված Աստվածաշնչում․ «Քեզ որովայնում չկազմած՝ Ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, Ես սրբեցի․․․» (Երեմիա 1․5)։
Աստված սրբել ու մաքրել է քեզ քո բոլոր մեղքերից․․․ Նա առանձնացրել է քեզ, դարձրել Իր համար առանձնահատուկ մեկը։ Մի՞թե սա ցնծալու և ուրախանալու առիթ չէ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Նա սքանչելի ծրագրեր ունի քո կյանքի համար։ Ծրագրեր, որոնք անըմբռնելիորեն մեծ են ու բարի, որոնք կօգնեն քեզ մոտենալու Նրան և դառնալու այնպիսի անձնավորություն, ինչպիսին Նա է նախատեսել քեզ համար։
Եթե Աստված քեզ համար լինի քո բոլոր ծրագրերից ավելի կարևոր, դու կկարողանաս իրականացնել այն ամենը, ինչ ծրագրել ես։ Երբ Աստված քո կողմից է և քո կողքին, ապա այն ամենն, ինչը սարսափեցնում էր քեզ, այլևս ոչ մի իշխանություն չի ունենա քո կյանքի վրա։ Եթե Աստված մեր կողմն է, ապա ոչ ոք և ոչ մի բան՝ անգամ սատանան ու իր ողջ զորքը չեն կարող ոչ մի վնաս հասցնել մեզ և խոչընդոտել մեր առաջընթացին։
Այսօր աղոթում եմ Աստծուն, որպեսզի դու ամեն բանից առավել կարևորես Իրեն։ Նա ճանաչում է քեզ․․․ Նա գիտի, թե ի՛նչն է լավագույնը քեզ համար։ Եթե Նրա հետ լինես, ամեն բան հնարավոր կդառնա քեզ համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը