June-12

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը՝ խոնարհության կատարյալ չափանիշ

Տեր Հիսուսը՝ խոնարհության կատարյալ չափանիշ

Սիրելի՛ բարեկամ, համոզված եմ, որ քեզ անծանոթ չեն Տեր Հիսուսի խոսքերը, երբ Նա Իրեն բնութագրում էր որպես հեզ և խոնարհ։ Լինելով Աստված՝ Նա աշխարհ եկավ մարդկային մարմնով և մարդեղենության բոլոր կողմերի կատարյալ դրսևորմամբ՝ բացի մեղքից: Նա գիտեր՝ ինչ է մերժումը, չհասկացված լինելը, տխրությունը, ցավը, լքվածությունը և նույնիսկ՝ դավաճանությունը: Նա ոչ միայն Իրեն խոնարհեցրեց մարդ լինելու աստիճանի, այլև դարձավ մարդկանց ծառան՝ սեփական անձը ցածրացնելով նրանց առջև, ում ծառայում էր:

Սա այն է, ինչ մենք տեսնում ենք Հովհաննես 13.5 խոսքի նկարագրության մեջ. «Ապա կոնքի մեջ ջուր լցրեց ու սկսեց աշակերտների ոտքերը լվանալ և մեջքին կապած սրբիչով սրբել»։

Այսպիսով, տիեզերքի Արքան ծնկի իջավ և լվաց Իր աշակերտների ոտքերը։ Սակայն Նրա խոնարհությունն այստեղ էլ կանգ չառավ։ Նա ավելի խոնարհեցրեց Ինքն Իրեն և ամենանվաստ ստրուկի նմանությամբ կամավոր կերպով Իր վրա վերցրեց մի բեռ, կրեց մի ծանրություն, որն Իրենը չէր, որը պարտավոր չէր կրել։ Դա մի անարդար բեռ էր՝ մեր մեղքերի ծանրությունը, մեր մեղքերի պատիժը, որը Նա այնքա՜ն ցավոտ կերպով կրում էր դեպի Գողգոթա տանող ճանապարհին և որի համար վճարեց Իր չարչարանքների և խաչի վրա տանջալի մահվան գնով։

Լինելով մարդկային կերպարանքի մեջ՝ Նա գիտեր, թե ինչպես է պետք պահել սրտի մաքրությունը, և անգամ ամենածանր պահերին երախտապարտ էր այն ամենի համար, ինչ Աստված տվել էր Իրեն։ Այս խոնարհությունը, որը զարդարում էր Նրա վեհությունը, հենց կատարյալ խոնարհությունն է, որն աղտոտված չէր կեղծ համեստության շողքերով։

Ինչպիսի՜ գեղեցիկ օրինակ յուրաքանչյուրիս համար․.. Մեր Տերն օժտված է ամենագեղեցիկ հատկություններից մեկով, որ երբևէ կարող էր գոյություն ունենալ, և այդ հատկությունը խոնարհությունն է:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ահա թե ինչու եմ կոչ անում քեզ որոնել և զարգացնել այդ նույն խոնարհությունը քո սեփական սրտում..․ Եվ այսօր հորդորում եմ քեզ սա մի պարզ պատճառով՝ որպեսզի ամեն օր կարողանաս ավելի ու ավելի աճել Նրան նմանվելու մեջ և կերպարանվես Նրա պատկերի նմանությամբ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: