May-12

Գլխավոր | Հրաշքներ | Եթե դժվար է այդ պահին խոսել, ապա կարող ես պարզապես փայլե´լ 

Եթե դժվար է այդ պահին խոսել, ապա կարող ես պարզապես փայլե´լ 

Սիրելի բարեկամ, իմ ընկերներից մեկը մի օր հարց էր ուղղել իր ավետարանչական էջում, թե որն է եղել իր էջի հետևորդների կյանքում ամենամեծ դժվարությունը կամ հիասթափությունը՝ իբրև հավատացյալ քրիստոնյաներ։ Նրանցից մեկը գրել էր․ «Ես աշխատում եմ այնպիսի աշխարհիկ միջավայրում, որտեղ չեմ կարող անկեղծ լինել իմ քրիստոնեական հավատքի առումով: Ես շատ հազվադեպ եմ խոսում հավատքի մասին և դա անում եմ միայն իմ մի քանի հավատացյալ գործընկերների հետ: Հիմնականում, երբ դժվար իրավիճակում եմ հայտնվում, ինձ շատ մենակ եմ զգում, առավել ևս, որ իմ հավատակից ընկերներից քչերն են հասկանում, որ աշխատանքի վայրը կարող է լինել հոգևոր վայր, որտեղ նույնպես կարող ենք զգալ Տիրոջ ներկայությունը»։

Աստվածաշունչը մեզ քաջալերում է վկայել ու դավանել մեր Տեր Աստծուն և մարդկանց պատմել Նրա սիրո, Նրա բարության ու ողորմության մասին… Իսկ ինչպե՞ս կարող ենք վկայել, թե որքա՜ն հրաշալի կերպով է Աստված գործում մեր աշխատավայրում, եթե մենք այնպիսի վայրում ենք աշխատում, որ չունենք դա անելու ազատությունը:

Մատթեոս 5:16 խոսքում կարդում ենք. «Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։

Խոսքը հստակ է․ մեր լույսը պիտի փայլի: Սակայն արդյո՞ք փայլելը այս համատեքստում նշանակում է խոսել։ Ոչ միշտ: Աստծո Խոսքը մատնացույց է անում բարի գործերը, որոնք մենք գործում ենք։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ դու չես կարող ազատորեն խոսել Աստծու մասին, անկեղծորեն մարդկանց ցույց տուր Տեր Աստծուն քո բարի գործերով: Թո՛ղ քո շուրթերից բխած խոսքերը միշտ լինեն քաջալերող ու խրախուսող: Հրաժարվի՛ր բամբասանքներին ու չարախոսությանը մասնակից լինելուց։

Եղի՛ր բարի: Դրանով դու կդառնաս մյուսներից տարբերվող։ Բարությունը թարմություն ու կյանք կփոխանցի թե՛ քեզ և թե՛ քո շրջապատի մարդկանց։ 

Քո գործընկերները կարող են քեզ արգելել, որ դու խոսես Տեր Հիսուսի մասին, սակայն արդյո՞ք նրանք կարող են քեզ արգելել, որ դու Քրիստոսի համար ճանապարհ բացես դեպի նրանց դառնացած սիրտը՝ քո գործերի ու վերաբերմունքի շնորհիվ նրանց ցույց տալով Քրիստոսի սերը, մշտապես պահպանելով բարձր ու քաղցր տրամադրությունը, դեմքիդ ժպիտը՝ անկախ նրանից, թե ինչերի միջով ես անցնում։ Բացարձակապես ո՛չ։ Ոչինչ և ոչ ոք քեզ չի կարող հետ պահել գործընկերներիդ հանդեպ անկեղծ սեր ունենալուց, նրանց համար աղոթելուց ու օրհնելուց կամ մի ծածուկ վայրում նրանց համար բարեխոսելուց:

Հավատում եմ, որ Աստված հավատարիմ է և որ Նա կարող է գործել ու հպվել քո գործընկերների ու ղեկավարների սրտերին հենց միայն քո վարքագծի շնորհիվ: Եվ ի վերջո մի օր նրանք քեզ հարցնելու են, թե որն է քո բարության, խաղաղության և ուրախության գաղտնիքը, որ դու երբեք չես կորցնում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներ են այցելել քո կյանք և ինչպիսի իրավիճակներով ես անցնում։ Խոսքով վկայելը զորավոր միջոց է մարդուն Բարի Լուրը փոխանցելու համար։ Սակայն ոչ պակաս զորավոր միջոց է մեր ապրած աստվածավախ ու աստվածապաշտ կյանքը։ Այն մարդկանց մոտ հարցեր է առաջացնում, որոնք էլ դուռ են բացում Քրիստոսին վկայելու համար։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: